Ըստ Ն. Ոսկանյանի, Նոր Նորքի ոստիկանապետի տեղակալ Աշոտ Կարապետյանը սիգարետ է հանգցնում հարցաքննվող վկայի վրա:
Ինչպես արդեն հայտնել ենք, Փաստաբանների միջազգային միության կոլեգիայի նախագահ Տիգրան Ջանոյանը օրերս դիմել է ՀՀ դատախազին եւ մտահոգություն հայտնել մի քրգործի կապակցությամբ, որը վարում է Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազությունը։ Փաստաբանը խնդրել է ՀՀ դատախազին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ գործով վկաների ոտնահարված իրավունքները վերականգնելու, հետագայում մարդկանց նկատմամբ համանման երեւույթները բացառելու ուղղությամբ: «Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազի ավագ օգնական Հ. Պետրոսյանը եւ Նոր Նորք համայնքի ոստիկանապետի տեղակալ Ա. Կարապետյանը 2003թ. դեկտեմբեր եւ 2004թ. հունվար ամիսներին իրենց ապօրինի գործողություններով ոտնահարել են մի շարք քաղաքացիների մարդկային իրավունքները, այն է՝ նրանց ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը, խոշտանգումներից ու բռնություններից զերծ մնալու իրավունքը, որոնք իրականացվել են անհիմն ոստիկանատուն բերելու, օրեր շարունակ առանց որեւէ ձեւակերպումների ու հիմքերի անազատության մեջ պահելու, ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների ենթարկելու, ակնհայտ կեղծ ցուցմունքներ կորզելու միջոցով»,- ասված է փաստաթղթում, որն ուղարկվել է բազմաթիվ հ/կ-ների, ինչպես նաեւ ԱՄՆ դեսպանատուն:
Այդ ծավալուն փաստաթղթից ներկայացնենք միայն մեկի՝ Սեւան քաղաքի բնակիչ Նատաշա Ոսկանյանի դեպքը: Վերջինս ենթարկվել է խոշտանգումների եւ մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, չնայած այդ ընթացքում հարցաքննվել է որպես վկա: Մեջբերենք Ն. Ոսկանյանի հայտարարությունից. «2003 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում ներկայացել եմ Երեւան, Նոր Նորքի համայնքի դատախազություն: Ինձ տարան ոստիկանություն՝ Աշոտ Կարապետյանի կաբինետ: Կաբինետում ինքը՝ Կարապետյանն էր եւ Հովհաննես Պետրոսյանը: Նրանք բանավոր սկսեցին հարցաքննել հյուրանոցում («Հարսնաքար», որտեղ նա աշխատում է- Ա. Ա.) ինչ-որ դիակի մասին: Ես բացատրում էի, որ նման բան ինձ հայտնի չէ, որեւէ դիակ ես չեմ տեսել: Իմ պատասխաններից հետո նրանք սկսեցին գոռգոռալ, որ ինձ հավանաբար վճարել են, որ ես լռեմ եւ թաքցնեմ հանցագործությունը եւ սկսեցին ծեծել: Կարապետյանը մի երկու անգամ հարվածեց դեմքիս, որից հետո սկսեց խփել ձեռքերիս, առավելապես մատներիս, երբ ցավից ես թաքցրեցի ձեռքերս իմ թեւատակերում, վառվող սիգարետը մոտեցրեց ձախ ձեռքիս եւ այրեց: Նա ինձ ասում էր. «Հիմա ձերբակալում եմ եւ տանելու ենք բանտ», որից հետո Ա. Կարապետյանը ներողություն խնդրեց ինձ հարվածելու եւ ձեռքս վառելու համար, ասելով. «Կներես, ես ինձ սխալ եմ պահել, ես աղջիկ սիրող տղա եմ, ես չպետք է այդ անեի»: Այդ ամբողջ ժամանակ Հ. Պետրոսյանը հանգիստ նստած էր եւ չէր մասնակցում այդ բռնություններին:
Այնուհետեւ Հ. Պետրոսյանը շարունակեց բանավոր հարցաքննությունը եւ նորից նույն հարցադրումներով պահանջում էր, որ պատմեմ դիակի եւ սպանության մասին ինձ հայտնի տեղեկությունները: Երբ ես նորից փորձում էի բացատրել, որ նման որեւէ բան ինձ հայտնի չէ, նա սկսեց տաքանալ եւ գոռգոռալ: Հետո բերեցին մեր հյուրանոցի նախկին աշխատակից Լարիսային, որը Հ. Պետրոսյանի պահանջով գրեց, որ ես իրեն պատմել եմ ինչ-որ դիակի մասին: Ես չեմ փոխել իմ դիրքորոշումը եւ հայտնել եմ, որ Լարիսան ճշմարտությունը չի ասում:
Առավոտյան Հ. Պետրոսյանը պահանջեց, որ ես գրեմ առանձին ցուցմունք գիշերվա առերես հարցաքննության նմանությամբ: Վերջում Հ. Պետրոսյանը պահանջում էր ստորագրել արձանագրությունը: Ես հրաժարվեցի իմ ստորագրությունը դնել՝ պատճառաբանելով, որ արձանագրվածը ճիշտ չէ, չի համապատասխանում իրականությանը եւ կեղծիք է: Ինձ պահեցին մինչեւ գիշեր եւ ստորագրել տվեցին ցուցմունքները»:
Նշենք, որ ստացած մարմնական վնասվածքների եւ հոգեբանական սուր ցնցումների հետեւանքով Ն. Ոսկանյանը բուժում է ստացել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մինչեւ 17.12. 03թ., սակայն այդ կենտրոնից, չպարզված հանգամանքներում, անհետացել են Ն. Ոսկանյանին բժշկական օգնություն ցույց տալու վերաբերյալ փաստաթղթերը:
Ա. Ա.
Ակնկալում ենք դատախազության եւ ոստիկանության պարզաբանումները: