ՈՒԶՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ
«Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հասարակայնությունը պատրաստ
չէ փոխզիջումների»: Այսպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի անկախ քաղաքագետ
Զարդուշտ Ալիզադեն՝ Բաքվի «Զերկալո» թերթում հրապարակված հարցազրույցում:
Վերջինիս խոսքերով, «Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը մտել
է փակուղի, եւ ներկայիս քաղաքական իրողությունների համատեքստում այդ խնդրի
կարգավորումն անհնար է թվում»: Այսօր ուժերի գոյություն ունեցող հարաբերակցության
պայմաններում «հնարավոր չէ հակամարտության այնպիսի լուծում, որը կբավարարեր
բոլոր կողմերին»,- հավելել է Ալիզադեն:
Ադրբեջանցի քաղաքագետը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը, նրա կարծիքով, «արդար հիմունքներով հակամարտությունը լուծելու փոխարեն խնդրի կարգավորումն ամբողջովին թողել է հակամարտող կողմերին, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն օկուպացիայի զոհ է»: Ալիզադեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջադրում: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է կապեր հաստատել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ եւ հասնել «նրանց բաժանմանը երկու մասի»: Ապա, քաղաքագետի սցենարով, ենթադրվում է Բաքու հրավիրել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ լոյալ մասին եւ նրանց հետ տնտեսական կապեր հաստատել: Միեւնույն ժամանակ, Զարդուշտ Ալիզադեն համարում է, որ Ադրբեջանը պետք է ավելացնի պաշտպանական արդյունաբերության ծախսերը, քանի որ ներկայումս այդ ոլորտին ուղղորդվում է պետական բյուջեի ծախսերի ընդամենը 9 տոկոսը, այն դեպքում, երբ, օրինակ, Իսրայելում պաշտպանական ծախսերը կազմում են 40 տոկոս: «Ի վերջո, Լեռնային Ղարաբաղը մեր հողն է, եւ մենք լիակատար իրավունք ունենք այն ազատագրել ռազմական ճանապարհով»,- եզրափակում է ադրբեջանցի քաղաքագետը:
Սեփ. լր.