Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԵԽ

Հունվար 23,2004 00:00

«Ա1+»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԵԽ

Հաղորդել էինք, որ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների
կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցում կա փաստաթղթի հեղինակներ Ռ. Անդրեի
եւ Յ. Յասկերնիայի հետեւյալ պնդումը «Ա1+»-ի խնդրի առնչությամբ. «Մենք համոզված
ենք, որ ՀՌԱՀ-ը սկզբունքորեն չի խախտել օրենքի տառը եւ գործել է կանոններին
համապատասխան: Այնուամենայնիվ փաստ է, որ կանոնակարգի անկատարության պայմաններում
հանձնաժողովը ստանձնել է անսահման լիազորություններ»: ԵԽԽՎ-ում Հայաստանի
պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը Եվրախորհրդի ղեկավարությանը հասցեագրված
նամակում այս պնդման առնչությամբ «ցավալի» է անվանել այն, որ Ազգային հանձնաժողովի
«հակաօրինական գործողություններն արդարացնող» նման գնահատական է տեղ գտել
զեկույցում. «Իրականում ՀՌԱՀ-ը մրցույթների հայտարարման, անցկացման եւ հաղթողին
ճանաչելու ընթացքում բացահայտորեն խախտել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի
մասին» օրենքի մասին բազմաթիվ դրույթներ»:
Նշել է նման խախտումների 4 օրինակ: «Կարող էի 10-ը նշել»,- ասաց մեր զրուցակիցը: Հայաստանին վերաբերող բանաձեւում Շավարշ Քոչարյանի առաջարկած 4 փոփոխություններից մեկը վերաբերում է այս խնդրին. «Առաջարկել եմ արձանագրել, որ ՀՌԱՀ-ը կողմնակալ է, խտրական՝ «Ա1+»-ի նկատմամբ»: «Արդարության» ներկայացուցիչը նաեւ տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ արդեն 2-րդ տարին է՝ ԵԽ ներկայացուցիչների «նույնիսկ հիշատակմանը» չի արժանանում այն նախաձեռնությունը, ըստ որի ՀՌԱՀ եւ ՀՀՌԽ անդամներին պիտի նշանակեն ԱԺ խմբակցությունները:

ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբի զեկույցում «կասկածելի» էր գնահատվել Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմակարծության առկայությունը: Այս բացը շտկելու, ու նաեւ ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի շուրջ սպասվող դիտարկմանն ընդառաջ՝ հեռուստաընկերությունները մի հրահանգով վերջապես սկսել են նկատել, որ մեր երկրում պրոբլեմներ էլ կան, եւ ավելի հաճախ եթեր հրավիրել ընդդիմության ներկայացուցիչներին: Մեր հարցին, թե սա կարո՞ղ է ազդեցություն ունենալ եվրոպական կառույցների վրա, որ այլեւս մտահոգություն չհայտնեն անկախ հեռուստաընկերությունների բացակայության առնչությամբ՝ Քոչարյանը պատասխանեց. «Ինձ թվում է, «Ա1+»-ը մնում է ուշադրության կենտրոնում: Պատահական չէ, որ «Ա1+»-ի ներկայացուցչին այժմ Եվրախորհուրդը հրավիրել է վեհաժողովի նստաշրջանին: Մանավանդ՝ դեկտեմբերի 29-ի «մրցույթից» հետո՝ ԵԽ ուշադրությունից չէր կարող դուրս մնալ «Ա1+»-ի հարցը, որն արդեն դարձել է առանձին խնդիր»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել