Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների գլխավոր թիրախը Գեղամյանն է

Հունվար 23,2004 00:00

Վստահ
է Արտաշես Գեղամյանը
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը Արմավիրի եւ Մարտունու մի շարք բնակավայրերում ունեցած հանդիպումներից հետո, երեկ հանդիպեց Երեւանի ընտրողների հետ։ Իր ներկայացմամբ՝ «մեր սրբազան պարտքն է լսել, թե մարդիկ ինչ հոգսեր ունեն, ինչ հարցադրումներ են կատարում ԱԺ-ին մեր միջոցով»։ Կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանը երեւանցիներին փոխանցեց իր զարմանքը, թե ինչպես են արմավիրցիներն ու մարտունեցիները արհամարհել տեղական իշխանությունների ստեղծած խոչընդոտները, անգամ իրենց սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ու շտապել Գեղամյանի հետ հանդիպման. «Առանց բացառության, բոլորն իրենց հույսը կապում են Գեղամյանի հետ։ Եթե այս գարնանն էլ Հայաստանում իշխանափոխության հարցը չլուծվի՝ գյուղն այլեւս փրկել չենք կարող»,- իր համոզմունքը պարտադրելով՝ փոխանցեց Կ. Առաքելյանը։

Իսկ Արտաշես Գեղամյանն իր ելույթում՝ հուսախաբ չանելով կուսակցին, խոստացավ՝ «այս գարունն ու ամառը առանց ձեզ ենք դիմավորելու, պարոնայք Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան»։ Մինչ այդ պատմեց, թե «ինչ զարհուրելի զարգացումներ են եղել իմ եւ «Ազգային միաբանության» դեմ»։ Մասնավորաբար՝ «Տիգրան Նաղդալյանի սպանությունը փորձ արվեց մեզ հետ կապել, կուսակցության բարեկամ Արբակ Խաչատրյանին ձերբակալեցին՝ մեզ ֆինանսավորելու պատրվակով, ասացին ես իրենց (իշխանությունների- Ն. Գ.) մարդն եմ՝ 3 մլն դոլար էլ ինձ փող են տվել, Սերժի վրա արհեստական մահափորձ սարքեցին-կանխեցին՝ դա էլ էին ուզում իմ գլխին կապել»,- պատմեց պրն Գեղամյանը։ Ընդ որում, իր մատուցմամբ, այս ամենի ընթացքում երկու մահափորձ էլ իր դեմ են ծրագրել, բայց Գեղամյանը հաջողել է դրանք բացահայտել ու չեզոքացնել։ «Ինչ հաշվեհարդար են որդեգրել, որ ինձ ասպարեզից հանեն։ Ամեն քայլի դիմում են, հետո երբ հակահարված ես տալիս՝ սրտնեղում են, ասում են հանգստացեք»,- Սերժ Սարգսյանի բոստանը քար շպրտեց Գեղամյանն ու շարունակեց. «Անցյալ տարվա փետրվարից հանգիստ չունեմ, որ հեռուստաբանավեճերի ժամանակ Սերժ Սարգսյանը խղճուկ իրավիճակում հայտնվեց։ Բա մեր երկիրն արժանի՞ է էդքան խեղճուկրակ պաշտպանության նախարար ունենա»։

«Ազգային միաբանության» ղեկավարը հիշեց «հայ ռանչպարի», «ցուպը ձեռքին դեգերող պանդուխտի», «ակունքներից կտրված հայ երիտասարդի» դարդերը ու հանգեց կոռուպցիային։ Ըստ Գեղամյանի, ԱԺ ընտրություններից առաջ «Գրանդ Սանի» դահլիճում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հրանտ Վարդանյանը հայտարարել է, որ ՀՀ-ում կլանային համակարգին ու կոռուպցիային վերջ դնելու համար Սերժ Սարգսյանին պետք է հանեն պաշտոնից։ (Այդ ինֆորմացիան ակնհայտորեն ստուգման կարիք ունի.- Ն. Գ.)։ «Ինչո՞ւ կոալիցիայի մաս կազմող ավանդական կուսակցությունը հարց չի բարձրացնում։ Կոռուպցիայի դեմ պայքար եք ծավալել, հարգելի՛ դաշնակցականներ, հենա, ձեր գործընկերը մատով ցույց տվեց կաշառակերին։ Այ սա է, որ վարչակազմն արատավոր է ու մեկի պոչը մյուսի կրունկի տակ է։ Սրա համար է, որ մենք ասում ենք՝ իշխանափոխություն»,- եզրակացրեց պրն Գեղամյանը։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել