Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՏՈՄՍԵՐ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՎԻ»

Հունվար 22,2004 00:00

«ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՏՈՄՍԵՐ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՎԻ» Հավաստիացնում է Հակոբ Ղազանչյանը Հունվարի 30-ին վերանորոգված Պատանի հանդիսատեսի թատրոնը Սոֆոկլեսի «Անտիգոնե» ներկայացմամբ կսկսի 75-րդ թատերաշրջանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի խոսքերով, «Անտիգոնեն» իրենց այցեքարտն է: Ներկայացումը ցուցադրվել է արդեն Մոսկվայում, Բուրգասում, Սոֆիայում եւ այլուր, իսկ Կերչի «Բոսպորյան խաղեր» փառատոնում արժանացել գլխավոր մրցանակի: Փետրվարի 16-ից թատրոնը կսկսի ամեն օր խաղալ: Շաբաթը 4 օր, ցերեկվա ժամը 4-ին կլինեն ներկայացումներ պատանիների համար: Իսկ ընդհանրապես ՊՀԹ-ն փոխելու է իր ուղղվածությունը: «Ուզում ենք փոխել տասնյակ տարիների ընթացքում ձեւավորված պատկերացումը մեր թատրոնի մասին: Ուստի այսուհետեւ լինելու են ներկայացումներ նաեւ մեծահասակների համար: Պատանի բառին դեմ չենք, բայց, չգիտես ինչու, Պատանի հանդիսատեսի թատրոն ասելիս այն ասոցիատիվ կապում են մանուկների հետ: Մինչդեռ, պատանի նշանակում է բարձր դասարանցի կամ ցածր կուրսի ուսանող»,-նկատեց պրն Ղազանչյանը: Իհարկե, դպրոցների հետ կապն իսպառ չի վերանա, բայց աբոնեմենտային համակարգն այլեւս չի գործի, որովհետեւ, ըստ պրն Ղազանչյանի, «ճիշտ չէ դպրոցներին տոմսեր պարտադրելը»: Փոխարենը տոմսային տնտեսությունը կտարածվի Երեւանի քաղաքային դրամարկղեր: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ ՊՀԹ-ն մտադիր չէ անընդհատ փող խնդրել վերեւներից. բեմադրվելու են «դրամարկղային» ներկայացումներ եւ ֆինանսական խնդիրները լուծելու այլ ճանապարհներ են փնտրվելու: Բայց դա չի լինի տոմսերի արժեքի բարձրացման հաշվին: «Կլինեն միայն սիմվոլիկ փոփոխություններ: Դիցուք, 200 դրամանոց տոմսը կթանկանա 100, իսկ 300 դրամանոցը՝ 200 դրամով: Մեր խնդիրը երիտասարդությանը թատրոնին կապելն է: Չպետք է առաջնորդվենք նախկին ռեկետյորների զավակների մեքենաների ճոխությամբ։ Մեր ուսանողության մեծամասնությունը վճարունակ չէ, հետեւաբար նպատակահարմար չէ տոմսերը թանկացնել 500 դրամից ավելի»,- ասաց Հ. Ղազանչյանը: Առաջիկայում հանդիսատեսի դատին կհանձնվի Զյուսկինտի «Կոնտրաբասը», մոնոդրամում կխաղա Վարդան Պետրոսյանը: Ի դեպ, «Կոնտրաբասը» տարբեր տարիների խաղացվել է աշխարհի շատ երկրներում: Նախատեսված է բեմադրել ֆրանսահայ հեղինակ Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» պիեսը: Գլխավոր դերերը վստահված են Արթուր Հակոբյանին եւ Հովհաննես Հովհաննիսյանին: ՊՀԹ-ում մանուկների համար էլ անակնկալներ կան: Շուտով կյանքի կկոչվի մի օրիգինալ պրոյեկտ. կպատրաստվի բազմամարդ մանկական թատերական ներկայացում՝ ստեղծված հայկական ժողովրդական հեքիաթների հիման վրա, որը կցուցադրվի մայրաքաղաքի հրապարակներից մեկում: Այս օրերին բանակցություններ են գնում նաեւ Գդանսկի շեքսպիրյան փառատոնին մասնակցելու համար, ուր կտարվի «Մկան թակարդ կամ խաղում ենք Համլետ» ներկայացումը: Ամռանը ՊՀԹ-ն կմասնակցի իրար հաջորդող եւս 3՝ Ստոբի, «Սկոպիեի ամառ» եւ Օխրիդի միջազգային փառատոներին: Ըստ պրն Ղազանչյանի, բավականին աժիոտաժ է նկատվում 2003-ին Հայաստանում անցկացված «Արմմոնո» փառատոնից հետո: Արդյունքում 5 հայ արտիստ (Վարդան Պետրոսյանը,Գրետա Մեջլումյանը, Սերգեյ Դանիելյանը, Հայկ Զորիկյանը եւ Նարե Հայկազյանը) հրավիրված են մասնակցելու հոկտեմբերին Մոսկվայում կայանալիք թատերական միջազգային փառատոնին: Հայաստանը միակ երկիրն է, որ կներկայանա միանգամից 5 արտիստով: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել