Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՈՒՆԵՆԱԼ ՏՆՕՐԵՆ

Հունվար 22,2004 00:00

ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՈՒՆԵՆԱԼ ՏՆՕՐԵՆ Դատելով Տնտեսական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանի երեկ կայացրած վճռից՝ կարո՛ղ է: Տնտեսական դատարանը երեկ քննեց «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության դիմումը՝ «Սինեմաքս» ընկերությանը մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՀՌԱՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Հիշեցնենք, որ իբրեւ լրատվամիջոց պետռեգիստրում չգրանցված «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության աշխատակազմի, տեխնիկական հնարավորությունների եւ ծրագրային քաղաքականության մասին տվյալների հիման վրա ՀՌԱՀ-ը մրցույթում հաղթող էր ճանաչել «Սինեմաքս»-ին: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն այս առնչությամբ դատարանին հայտնել էր. «Արմնյուզն» ընդամենը եթերային խորագիրն է հեռուստահաղորդումներ հեռարձակելու թույլտվություն ունեցող «Սինեմաքս» ՍՊ ընկերության՝ ՀՀ արդարադատության նախարարությունում որպես լրատվամիջոց գրանցված «Սինեմաքս» հեռուստախմբագրության»: Դատավոր Երվանդ Խունդկարյանն էլ երեկ, քննելով «Մելտեքսի» դիմումը՝ վճռեց մերժել այն: Մինչդեռ «Մելտեքսի» ներկայացուցիչ փաստաբան Արման Զրվանդյանը նախապես ուշադրություն էր հրավիրել, որ թեեւ Գրիգոր Ամալյանն «Արմնյուզին» անվանում է ընդամենը «եթերային խորագիր» կամ «Սինեմաքս» հեռուստաընկերության խորհրդանիշ»՝ դատարանին նույն պատասխանում ՀՌԱՀ նախագահը նաեւ օգտագործում է «Արմնյուզ» հեռուստաընկերություն» ձեւակերպումը: Բացի այդ՝ «Սինեմաքսի» մրցութային փաթեթում էլ չգրանցված «Արմնյուզի» վերաբերյալ շուրջ 84 անգամ օգտագործվել է նույն՝ «հեռուստաընկերություն» ձեւակերպումը: Փաստաբանը նաեւ ուշադրություն հրավիրեց, որ այդ փաթեթի «Տեղեկություններ աշխատակազմի մասին» բաժնում նշվում են անձինք, ովքեր նախկինում աշխատել են «Սինեմաքսում», իսկ հետո աշխատանքի անցել «Արմնյուզում»: Ըստ Ազգային հանձնաժողովի արդեն դատավճռով հաստատված տրամաբանության՝ ստացվում է, որ այդ մարդիկ ազատվել են հեռուստաընկերությունից եւ աշխատանքի անցել նրա խորագրում: Ավելին, եթերային այս խորհրդանիշն անգամ իր տնօրենն ունի՝ Էդվարդ Սարիբեկյանը: «Մելտեքսի» ներկայացուցիչը հրապարակեց անգամ նրա դիմումը՝ ուղղված ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանին, «Արմնյուզի» լրագրողներին հավատարմագրելու վերաբերյալ, որը կնքված է «Արմնյուզի» կնիքով: Թվարկելով նման փաստեր՝ պրն Զրվանդյանը նշեց. «Այս ամենը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել այն, ինչն արգելված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 55 հոդվածով, այսինքն՝ տեղի է ունեցել արտոնագրի զիջում «Արմնյուզ» հեռուստաընկերությանը «Սինեմաքսի» կողմից, որը հիմք է արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար»: Արման Զրվանդյանը որպես լրացում նաեւ նշեց, թե «Սինեմաքսի» մրցութային փաթեթում բացակայում են տեխնիկական միջոցների հավաստագրերը, փաստաթղթեր չկան այդ միջոցների պատկանելության վերաբերյալ. «Ուստի չենք կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ՀՌԱՀ-ը գնահատել դրանք որպես օրենքի պահանջը բավարարող եւ «Սինեմաքսին» ճանաչել հաղթող»: Առանձին քննարկման նյութ դարձավ «Արմնյուզի» եւ «Եվրոնյուզի» միջեւ կնքված պայմանագիրը: Փաստաբանը վկայակոչելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 10-րդ հոդվածը, նկատեց, թե օտարերկրյա հեռուստաընկերության հետ պայմանագիր կնքել իրավասու է Հայաստանում գրանցման վկայագիր ունեցող եւ արտոնագրված հեռուստաընկերությունը, «ինչն, իհարկե, չի հանդիսանում ո՛չ «Արմնյուզ» ՓԲԸ-ն, ո՛չ էլ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, ուստի այդ պայմանագիրը դիտում ենք օրենքին հակասող»: Նշենք, որ դատարանը մերժեց «Մելտեքսի» միջնորդությունը «Եվրոնյուզի» հետ կնքած պայմանագիրը փորձաքննության ուղարկելու վերաբերյալ: Մերժվեցին «Մելտեքսի» բոլոր միջնորդությունները: Ի դեպ, ՀՌԱՀ-ի աշխատակազմի արտոնագրման բաժնի պետ Աննա Արզումանյանը դատարանում ասաց, թե «Մելտեքս» ՍՊԸ-ն էլ իր մրցութային առաջարկներում օգտագործելով «Ա1+»-ի աշխատակազմ», «Այբ-Ֆե»-ի լրագրողներ» եւ նման բառակապակցություններ՝ «փաստորեն չի ներկայացրել տեղեկություններ «Մելտեքս» ՍՊԸ-ի, այսինքն՝ մրցույթի մասնակցի վերաբերյալ»: «Մելտեքսի» ներկայացուցիչն այս առնչությամբ հայտարարեց, թե «Ա1+»-ը գրանցված է արդարադատության նախարարությունում, ունի գրանցման վկայագիր եւ կանոնադրություն. «Ուստի «Ա1+»-ը եւ «Արմնյուզը» համեմատելի չեն»: Թե ինչ հիմնավորումներով դատավոր Խունդկարյանը որոշեց, թե «խորագիրը» կարող է ունենալ տնօրեն, աշխատակազմ, հեռուստատեխնիկա եւ իրականացնել հեռարձակում՝ պարզ կդառնա մեկ շաբաթվա ընթացքում, երբ հայտնի լինի վճռի ամբողջական տեքստը: Այն 15 օրվա ընթացքում հնարավոր կլինի բողոքարկել Վճռաբեկ դատարանում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել