Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՓԵՂԿԸ

Հունվար 22,2004 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՓԵՂԿԸ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը մեր թերթին ասել էր. «Մարդու իրավունքների պաշտպանը՝ օմբուդսմենը, եթե նշանակվի մեկ մարդու կողմից, արդեն օմբուդսմեն չէ, քանի որ նրա գործունեության իմաստն այն է, որ լինի հանրության լայն շերտերի ներկայացուցիչ»։ Պրն Պրյախինը նաեւ փոխանցել էր Ռոբերտ Քոչարյանի ասածը, որ վերջինս հրաժարվում է նշանակման իրավունքից եւ կընտրի նրան, ում կառաջարկի խորհրդարանը։ Երեկ մենք փորձեցինք վերոհիշյալ նախագահական ժեստի մասին ստանալ իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքը։ Պրն Իշխանյանի կարծիքով, այսօրվա խորհրդարանը նախագահի գլխից վերեւ չի համարձակվի թռչել եւ կառաջարկի օմբուդսմենի պաշտոնում հենց այն անձին, ում կուզի նախագահը։ Այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ նախագա՞հն է ներկայացրել, թե՞ խորհրդարանը. «Ըստ էության այդպես է, ըստ էության ո՞ր ուժն է հակադրվելու Քոչարյանին։ Իմ կարծիքով, կոալիցիոն ուժերից յուրաքանչյուրը ձգտում է իր թեկնածուին տեսնել այդ պաշտոնին, սակայն դրանցից որին ուզի նախագահը՝ երեք ուժերն էլ կհամաձայնեն»։ Մեր դիտարկմանը, թե իշխանությունները իրականում ոչ էլ կարեւորում են օմբուդսմենի դերը, պարզապես Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած հերթական պարտավորությունը կատարվեց, զուտ ձեւական իմաստով, Ավետիք Իշխանյանը համամիտ էր. «Դուք ասացիք այն, ինչ ես մտածում եմ, այո, ԵԽ-ն ուզում էր, Հայաստանը կատարել է։ Այսինքն, սա հարցի ձեւական ընդունում էր եւ ԵԽ-ն, ցավոք, համաձայնեց»։ Անդրադառնալով նշանակվելիք օմբուդսմենի անձին, պրն Իշխանյանը նկատեց. «Պարզ չէ՞, օրինակ, որ չի նշանակվի այնպիսի մարդ, որը ընտրությունների ժամանակ վարչական կալանքների դեմ է խոսել, որը «Առագաստի» սպանության հետ կապված է խոսել։ Պարզ չէ՞, որ այդպիսի մարդիկ չեն նշանակվի։ Օմբուդսմենը եւս հերթական ցուցափեղկն է, ինչպիսի ցուցափեղկ է նաեւ Սահմանադրական դատարանը»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել