ԿԱՍԿԱԾԵԼԻ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը դիտարկող հանձնախմբի զեկույցի մի մասը նվիրված է հայկական մամուլի բազմակարծությանը: Զեկույցի հեղինակները նշում են, որ թեեւ երկրում չկա ուղղակի գրաքննություն եւ շատ են տպագիր լրատվամիջոցներն ու հեռուստաալիքները՝ «համոզված չեն, որ էլեկտրոնային ԶԼՄ-ներում պահպանվում է բազմակարծությունը»: Փաստաթղթում նաեւ նշված է, որ Հայաստանի ԱԺ-ն փոփոխել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որը «երբեք չի բավարարել ԵԽ-ին, քանի որ այդ օրենքում հաշվի առնված չեն փորձագետների առաջարկները՝ մասնավորապես, ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի վերաբերյալ»: Զեկույցում անդրադարձ կա նաեւ զրպարտության եւ վիրավորանքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված քրեական հետապնդմանը: «Նման իրավախախտումների համար ազատազրկումը անհամաչափ պատիժ է,- նշում են ԵԽ ներկայացուցիչները:- Մենք խնդրում ենք այս առնչությամբ փոփոխություններ կատարել «Քրեական օրենսգրքում»: Առանձին անդրադարձ կա «Ա1+» հեռուստաընկերության խնդրին: Զեկուցողները հիշեցնում են, որ չնայած իշխանությունների խոստմանը՝ արտոնագրման մրցույթ անցկացնել 2002-ի հոկտեմբերի 25-ին, այն կայացավ միայն շուրջ 8 ամիս անց՝ նախագահի եւ խորհրդարանի ընտրություններից հետո: «Ընտրություններից շուրջ 1 տարի առաջ հեռուստաալիքին եթերից զրկելը հավասարազոր է ԶԼՄ-ներում ընտրարշավի լուսաբանման մանիպուլյացիայի»,- նշված է փաստաթղթում: Սակայն ԵԽԽՎ զեկուցողները նաեւ նշում են, որ ՀՌԱՀ-ի անցկացրած մրցույթներն, ըստ էության, չեն հակասում Հայաստանի օրենսդրությանը. «Փաստ է, որ ՀՌԱՀ-ը, կանոնակարգում թույլ տրված բացթողումների կամ անճշտությունների հետեւանքով, ստացել է իսկական անսահմանափակ իշխանություն»: Որպես ամփոփում՝ զեկույցի հեղինակները նշում են. «Մենք լուրջ կասկածներ ենք հայտնում Հայաստանի էլեկտրոնային ԶԼՄ-ների բազմակարծության առնչությամբ: Մեզ համար ակնհայտ է, որ այդ լրատվամիջոցներով հանրությունը տեղեկացնելու ազատության հարցում կան լուրջ խնդիրներ: ՀՌԱՀ-ի կազմում եւ ձեւավորման կարգում փոփոխությունները, հնարավոր է՝ կարող էին բարելավել իրավիճակը: Նաեւ ցանկալի կլիներ, որ ՀՌԱՀ-ը լիովին հիմնավորեր իր որոշումները: Սակայն տնտեսական համատեքստը, որում առեւտրային մրցակցությունը գործնականում չի ճանաչում սահմաններ ու կանոններ՝ նպաստավոր չէ Հայաստանում որակյալ աուդիովիզուալ լանդշաֆտի ստեղծման համար»: Այս զեկույցը քննարկվելու է հունվարի 26-30-ը կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում: Ա. Ի.