Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ «ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ» ՉԵՆ ԶԳՈՒՄ

Հունվար 22,2004 00:00

ԱՌԱՅԺՄ «ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ» ՉԵՆ ԶԳՈՒՄ Խոսքը իշխանության թիկունքին ընդդիմության շնչառության մասին է Ընդդիմադիր դաշտի համախմբման փորձերը, կամ, ավելի շուտ, այդ մասին խոսակցությունները, բավականին հետաքրքրում են հենց իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչների։ Այս պահին նրանք իրենց բավականին հանգիստ եւ վստահ են զգում՝ այնքան վստահ, որ բարեկամական խորհուրդներ են տալիս իրենց ընդդիմադիր գործընկերներին։ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը առաջին անգամ մեր թերթում հայտարարեց, թե Հայաստանում ընդդիմադիր դաշտը դատարկ է եւ ընդդիմություն չկա։ Ինչպե՞ս թե չկա, երբ ընդդիմադիր դաշտը հանդես է գալիս բավականին կառուցողական առաջարկով՝ համախմբում հանուն իշխանափոխության։ Հիմա՞ Գալուստ Սահակյանը ինչ է ասելու։ Վերջինս նկատեց, որ ընդդիմության չլինելու մասին իր հայտարարությունը ընդամենը քաղաքագիտական վերլուծություն է. «Իսկ ընդդիմությունը հավաքվել է եւ նորից հավաքվում է մեկ խնդրի շուրջ։ Կարծում եմ, հաջողությունը կախված կլինի նրանից, թե իրենց նպատակը ինչպե՞ս կներկայացնեն հասարակությանը։ Եթե խնդիրը կնպաստի պետության ընդհանուր գործառույթներին, թեկուզ քննադատական իր բովանդակությամբ, կարծում եմ, որոշակի արդյունքներ կունենանք։ Մնացած բոլոր դեպքերում ոչ արդյունավետ լարվածություն կստեղծվի»։ Գալուստ Սահակյանը տրամադրված է մտածել, որ «քննադատական երեւույթ ներկայացնելիս լավ ուսումնասիրվի, ներկայացվի հանրությանը, որը նաեւ թիկունքից շնչառություն է իշխանության համար՝ շտկումներ կատարելու։ Բնականաբար, մենք էլ ենք ասում, որ մեր իրականության մեջ շատ բացթողումներ ու թերություններ կան։ Տարբերությունն այն է, որ դա ասում է նաեւ ընդդիմությունը, բայց լուծումների մասին մինչեւ այսօր լռել է»։ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) ընդդիմության համագործակցությունից ամենեւին զարմացած չէ, քանի որ միավորվելն ու համագործակցելը նա դրական երեւույթ է համարում. «Բայց, դժբախտաբար, քաղաքական անցյալը թույլ է տալիս ինձ ասել, որ երբեք դա տեղի չի ունենում ծրագրերի եւ գաղափարների շուրջ եւ հետեւաբար, նպատակը դառնում է միջոց, միջոցը դառնում է նպատակ եւ ամեն ինչ վեր է ածվում շատ պարզունակ մոտեցման. այսինքն՝ ունեն խնդիր իշխանափոխության, այդ իշխանափոխությունը ծրագրի (եթե այդպիսին կա) թե սկիզբն է հանդիսանում, թե վերջը։ Այ, սա է վատ։ Եթե լինեն իսկապես լուրջ ծրագրեր, գաղափարներ, որոնք ուղղակի ցույց տան այլընտրանքային զարգացման հնարավորություններ, ապա ընդդիմությունը կարող է լուրջ ընդդիմություն լինել»։ Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ընդդիմության մեջ գաղափարներ ունի միայն ՀՀՇ-ն. «Դրանք ՀՀՇ-ի գաղափարախոսության վրա հենված ծրագրեր են, որոնք ենթադրում են այս ուղեգծի փոփոխություն հակառակ ուղղությամբ»։ Սա Արմեն Ռուստամյանը համարում է այլընտրանք. «Եվ ես կարծում եմ, որ այսօր, եթե բանավիճելու ինչ-որ բան կա, ապա բանավեճը տեղի կունենա ընդդիմության այն ներկայացուցիչների հետ, որոնք ասում են, որ ուղղությունը սխալ է»։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, որը վերջերս է վերադարձել Փարիզից, մեզ բացատրեց. «Քաղաքակիրթ աշխարհում, ընդհանրապես քաղաքականության մեջ, կան դիմադիր եւ ընդդիմադիր դաշտեր եւ իրենց խնդիրն է՝ համախմբվել, մի ճակատով առաջ գնալ, բարեփոխումներ կատարել։ Այսինքն՝ եթե չկա մրցակցություն, նաեւ դիմադիր դաշտը չի կարող այնպիսի աշխատանք ծավալել, որը հակակշիռ լինի տվյալ պահանջներին, որը տրվում է ընդդիմադիր դաշտի կողմից»։ Սամվել Բալասանյանը որպես կոալիցիայի կողմ, ասաց, որ իրենք աշխատում են այն ծրագրով, որն ընդունել են եւ բարեփոխումների ճանապարհով գնում են առաջ։ Սամվել Բալասանյանը չի կարծում, թե իշխանափոխությունը հնարավոր է. «Դե, հա էլ ասում են, էլի, հենց սկզբից, երբ մտանք ԱԺ, արդեն սկսել էին։ Այսինքն, ընդդիմադիր դաշտը եւ դիմադիր դաշտը պետք է համախմբվեն եւ իրար հետ համագործակցելով գնանք առաջ՝ հանուն այս ժողովրդի եւ այս երկրի, որովհետեւ, երբ դուրս ես գալիս եւ ներս ես գալիս (հավանաբար, նկատի ունի երկրից դուրս ու ներս անելը- Մ. Ե.), այլ երկրների փորձը տեսնում ես, ուղղակի մտածում ես՝ մենք էլ ենք երկիր եւ կարող ենք իրոք համախմբված գնալ առաջ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ «Դիմադիր», «դիմություն» բառերը, որոնք մեր գործիչներն օգտագործում են «իշխանամետ» իմաստով, իրականում այդ իմաստը չեն պարունակում։ «Դեմ» արմատից կառուցված հիշյալ բառերը նշանակում են նույն «ընդդիմությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել