Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՆ

Հունվար 22,2004 00:00

Երբ ռումինացի մարզիչ Միհայ Ստոյկիցան ստանձնեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ղեկը, բնական է՝ նա պատասխանատվություն չէր կարող կրել «Եվրո-2004»-ի ընտրական մրցաշարում հանրապետության գլխավոր թիմի ընդհանուր արդյունքի համար, որի նախապատրաստության ծրագիրը կազմել ու սկսել էր նրա նախորդը՝ արգենտինացի Օսկար Լոպեսը:

Ստոյկիցայի ժամանելով՝ ՀՖՖ ղեկավարությունը եւ անձամբ մարզիչը հայտարարեցին, որ նրանք համատեղ որոշել են աշխատել ապագայի թիմ ստեղծելու վրա:

Վերջերս կայացավ աշխարհի 2006 թվականի առաջնության վիճակահանությունը, որի արդյունքում եվրոպական գոտում Հայաստանը Հոլանդիայի, Չեխիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի, Ֆինլանդիայի եւ Անդորրայի հետ կազմեց առաջին խումբը: Անշուշտ, լուրջ չի լինի Ստոյկիցայից եւ հավաքականից պահանջել՝ անպայման շրջանցել մրցակիցներին եւ եզրափակիչի ուղեգիր նվաճել: Բայց պայքարել, իհարկե, անհրաժեշտ է: Հատկապես դժվար է հաղթահարել առաջին երեքի արգելքը, որոնք ՖԻՖԱ – ի վարկանիշային ցուցակում անհամեմատ ավելի բարձր տեղեր են զբաղեցնում: Հաշվից պետք չէ հանել նաեւ մյուս երեք երկրներին: Նրանք էլ, անկասկած, ի վիճակի են տհաճ անակնկալ մատուցել ցանկացած ահեղ մրցակցի: Այդուհանդերձ, մեր հավաքականը հատկապես վերջին մեկ-մեկուկես տարում բոլորին ստիպել է իրեն հարգանքով վերաբերվել:

Հայաստանի հավաքականը հիմնական կազմի հավանական որոշ փոփոխությունների, կադրերի հնարավոր երիտասարդացման պարագայում պատրա՞ստ է այսուհետեւ էլ զարգացնել ամրապնդվող հեղինակությունը միջազգային ասպարեզներում, պայքարել արդեն ավելի բարձր տեղեր գրավելու, հաղթանակների քանակը, վաստակած միավորների պաշարն ավելացնելու համար: Ստոյկիցային կհաջողվի՞ իր սաներին տեխնիկապես, ֆիզիկապես եւ հոգեբանորեն նախապատրաստել առաջիկա պատասխանատու հանդիպումներին՝ ժամանակը ցույց կտա: Թերեւս բոլորն են գիտակցում, որ դա դյուրին չէ, ու մի հոգու գործ էլ չէ:

Այստեղ միասնական ջանքեր են անհրաժեշտ, ընդհանուր գործին պետք է լծվեն նաեւ ակումբները: Թիմերի մարզիչները, ակումբների ղեկավարները ներքին առաջնությունում ու Եվրագավաթների խաղարկություններում հաջող հանդես գալուն հավասար, եթե չասենք ավելի, պետք է հոգան ազգային ու երիտասարդական հավաքականներին հնարավորինս լիարժեք ֆուտբոլիստներ մատակարարելու մասին: Պարտադիր է, որպեսզի մեր ակումբներում առաջին պլան մղվի մանկապատանեկան ֆուտբոլը, առանց որի հայկական ֆուտբոլի որեւէ հեռանկարի, առավել եւս՝ ապագայի մասին խոսելն իսկ անիմաստ է: Այս ամենն ասում ենք, քանի դեռ երկրի առաջնությունը չի մեկնարկել: Ուզում ենք հավատալ, որ թիմերը՝ բարձրագույն, թե առաջին խմբի, մրցաշրջանի սկզբից մինչեւ ավարտը իրենց առջեւ միայն մարզական նպատակներ կդնեն ու ազնիվ պայքարով կանցկացնեն մրցաշրջանը:

Քանի դեռ մրցաշրջանը չի սկսվել եւ բավականին ժամանակ կա նաեւ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկին, ակնկալում ենք, որ Միհայ Ստոյկիցան աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հավաքականի մրցելույթների իրատեսական պարտավորություններ կստանձնի, որպեսզի լինի պատասխանատվության չափ ու աստիճան եւ այդ մասին տեղյակ կպահվի նաեւ ֆուտբոլասեր հասարակայնությանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել