Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկու ընտանիք

Հունվար 22,2004 00:00

Ճակատագրով՝
նման, կյանքում՝ թշնամի
88-ի շարժումն առիթ դարձավ եւ Վազգեն Սարգսյանը շատ արագ բարձրացավ իր շրջապատից ու դարձավ առաջնորդ։ Արարատ գյուղի բնակիչները՝ ողջ գյուղը, սպասում էին, թե երբ Վազգենը կգա քաղաքից ու ինչ լուր կբերի։ Վազգենի խոսքը կշիռ ուներ։

88-ի շարժումը առիթ դարձավ եւ Տիգրան Նաղդալյանը շատ արագ տարբերվեց բոլորից ու լրատվական դաշտում առաջատար դարձավ։ Տիգրան Նաղդալյանի ռեպորտաժներին սպասում էին։ Տիգրանին եւ նրա խոսքը հարգում էին։

Երկուսն էլ սպանվեցին նույն իշխանության օրոք։ Նույն իշխանությունը երկուսին էլ շատ արագ մոռացավ։ Երկուսն էլ կարող էին եւ դեռ շատ բան ունեին անելու։ Երկուսի սպանությունից հետո էլ շատ արագ բացահայտվեց, որ Տիգրանի ու Վազգենի հավատարիմ ընկերները շատ քիչ էին։

Անաչառ լրատվություն հաղորդելու եւ տարածելու հարցում պատվախնդիր Տիգրան Նաղդալյանին «կոտրելու» համար, ըստ Տիգրանի մերձավորների, այն ժամանակվա իշխանությունները (90-ականների սկզբին) սարքովի գործով 10 տարվա ազատազրկման դատապարտեցին նրա եղբորը։ Նաղդալյանի մտերիմների կարծիքով, Տիգրանի եղբայրն ընդամենը ճակատագրական պատահականությամբ դարձել էր սպանության վկա ու ներկայացել ոստիկանություն՝ սպանության մասին հայտնելու։ Բայց, չգիտես ինչպես, գործից կորել էին նրա ալիբին հաստատող նյութեր։ Եթե դա ճիշտ է, ապա Տիգրան Նաղդալյանի եղբայրը հանիրավի դատապարտվել է եւ կրել ոչ իր պատիժը։

Հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական դաշտում ակտիվացող Արամ Սարգսյանին «կոտրելու» համար Արմեն Սարգսյանը «հռչակվեց» Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու։ Թե որքանով է գործը «սարքված», դժվար է ասել, բայց որ դատախազությունն ու դատարանը համոզիչ չէին՝ ակնհայտ է։ Եթե այդպես է, Վազգեն Սարգսյանի եղբայրը կկրի ոչ իր պատիժը։

Ճակատագիրը հավասարապես դաժան է եղել Սարգսյան եւ Նաղդալյան ընտանիքների հանդեպ։ Ապրած ողբերգությունների առումով այս ընտանիքները շատ նման են իրար։ Սակայն այսօր՝ առնվազն, միմյանց չեն սիրում։ Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի իրավապահ եւ արդարադատական համակարգին ոչ ոք չի հավատում՝ ոչ այդ ընտանիքների անդամները, ոչ էլ՝ մնացած քաղաքացիները։

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել