Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեք հատ «երեք»

Հունվար 22,2004 00:00

Երեկ ՀՀ կառավարությունը բավարար գնահատեց ՀՀ բնապահպանության,
գյուղատնտեսության նախարարությունների եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի
2003թ. աշխատանքը։
Լրագրողների հետ հանդիպմանը ոլորտների ղեկավարները ներկայացրին իրենց գնահատականների հիմքերը։

Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ Սեւանի մակարդակը բարձրացել է 48 սմ-ով, Սեւանի ջուրն ավելացել է ավելի քան 1 մլրդ խմ-ով։ Օրինական որսվել է 423 տոննա ձուկ, մի այդքան էլ՝ անօրինական։ Նախարարության վերահսկողության տակ գտնվող վճարների գծով պետական առաջադրանքը կատարվել եւ գերակատարվել է 233,6 տոկոսով, պետբյուջե է մտել 2 մլրդ 472 մլն դրամ։ Նկատված միակ բացը, թերեւս, մթնոլորտային աղտոտվածության չափից բարձր մակարդակն է՝ խոշոր քաղաքներում աղտոտվածությունը նորմայից ավելի է 2-4 անգամ։ Ըստ նախարարի, պատճառը ոչ միայն ձեռնարկություններն են, այլ նաեւ վերջերս Հայաստան ներկրվող մեքենաների քանակի աճը։ Բարձր է աղտոտվածությունը նաեւ ջրային օբյեկտներում։ Ամենակեղտոտը Հրազդան գետի Դարբնիկ գյուղին հարող հատվածն է. ամոնիումի իոնի քանակը նորմայից բարձր է 19,7 անգամ։

Գյուղնախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ գյուղատնտեսությունը 4,3% համախառն աճ է ունեցել, թեեւ 23%-ով նվազել է հացահատիկի մշակումը։ Լոքյանը խոստացավ. «2004-ին կունենանք հացահատիկի մեծ պաշարներ», նաեւ ԼՂՀ-ից ներկրումների հաշվին։ Նախարարությունը մտադիր է հացահատիկի պահանջարկի 80%-ը ապահովել տեղական արտադրությամբ։ «30-40 անգամ աճել է գյուղմթերքների արտահանումը։ 1100 տոննա պանիր ենք արտահանել ԱՄՆ եւ ՌԴ»,- տեղեկացրեց պրն Լոքյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ Ջրպետկոմի հետ համատեղ աշխատանքով պետք է լուծվի ոռոգման ջրի խնդիրը։

Քիչ անց լրագրողներին ներկայացած Գագիկ Մարտիրոսյանն էլ ասաց, որ ցածր բերքատվությունը նաեւ պարարտանյութերի ու վատ մշակման հետեւանք կարող է լինել։ Նա ընդգծեց, որ կոմիտեն ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չի ստեղծել: Ըստ Գագիկ Մարտիրոսյանի, տեղեկացրեց, որ անցած տարի, ի հաշիվ ջրի ինքնահոս մատակարարման, տնտեսվել է 13,5 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։ Համանման ծրագրերի իրականացումից հետո, «մեկ-երկու տարի անց, խմելու ջրի ինքնարժեքը 350-ից կիջնի 180 դրամի, իսկ ոռոգման ջրինը՝ 25-12 դրամի։ Սակայն սակագինը չի փոխվի։ Համակարգում այնքան բան կա, որ չի արվել ու պետք է անել։ Տնտեսված գումարները կծախսվեն այդ նպատակներով»։ Անդրադառնալով Երեւանի Արաբկիր համայնքի խմելու ջրի աղտոտվելու խնդրին, Գագիկ Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց 34000 ընտանիքի փոխհատուցել մեկ շնչին 329 դրամ չափով։ Նման երեւույթները բացառելու համար խստացվել է ամենօրյա հսկողությունը, ջրատարների վրա տեղադրվել են քլորացման ավտոմատ համակարգեր։

Իսկ որ 2005-ին բոլորս ենք շուրջօրյա ջուր ունենալու եւ որ 2004-ի ապրիլից խմելու ջրի 1 խմ-ն կարժենա 120 դրամ՝ թերեւս չարժեր կրկնել։

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել