Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ «ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»

Հունվար 22,2004 00:00

Մայրաքաղաքի
Կենտրոն համայնքի Լալայանց փողոցի մի խումբ բնակիչներ դժգոհ են «Հյուսիսային
պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ից, որն իրենց կարծիքով, շուկայականից զգալիորեն ցածր
է գնահատում իրենց տներն ու հողակտորները:
Երեկ «Առավոտն» անդրադարձել է նրանց բողոքին։ Հիշեցնենք, որ, ըստ լալայանցիների, գնահատումը կատարվում է կամայական մոտեցմամբ եւ չի կիրառվում նախկինում գործող խրախուսական ֆոնդը։ «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ի փոխտնօրեն Վիգեն Արզումանյանը երեկ հերքեց նրանց ասածը, նշելով, որ այդ հարցում ոչինչ չի փոխվել։ «Գնահատումը կատարում են երեք անկախ կազմակերպություններ՝ մեր ներկայացուցչի մասնակցությամբ, նրանք փաստագրում են անշարժ գույքն ըստ սեփականության իրավունքի վկայականի, գնահատում այն շուկայական արժեքով եւ հաշվետվության տեսքով ներկայացնում ԾԻԳ։ Ինչ վերաբերում է խրախուսական ֆոնդին, ապա այն կա եւ նույն չափանիշներով, ինչպես եղել է»,- պարզաբանեց նա։ Ըստ ներկայացվածի, ԾԻԳ-ն ավելի քան առատաձեռն է եւ դժգոհելու տեղ, կարծես թե, չպետք է լինի՝ լիուլի փոխհատուցվում են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր մի անգամ արդեն պետությունից բնակարան են ստացել, վաճառել ու շարունակում են բնակվել իրացման ենթակա տարածքում։ «Այդպիսիք զրկվում են բնակարանի տեսքով փոխհատուցումից, բայց ստացած գումարով կարող են արվարձանում տուն գնել»,- ասաց Վ. Արզումանյանը։

Պաշտոնյայի տեղեկությամբ, ավելի «ճոխ» է խրախուսական փոխհատուցումը՝ նույնիսկ 2,5 հազար ԱՄՆ դոլար գնահատված տարածքի տերը ԾԻԳ-ից ստանում է 7000-ից ոչ պակաս, որեւէ տեղում բնակարանատեր դառնալու հնարավորությունն էլ հետը։ Խրախուսական գումարից չեն զրկվում նաեւ թանկարժեք տարածքի տերերը։ Ըստ մեր զրուցակց, ֆոնդի նպատակն այն է, որ բնակարանատերերը հնարավորինս շուտ ազատեն տներն ու «գլխացավանք» չդառնան նոր սեփականատերերի համար։

2001-ից սկսված տների իրացման գործընթացն ուղեկցվել է բազմաթիվ դատական գործերով, որոնք ոչ միշտ են ավարտվել հայցվոր բնակիչների հաղթանակով։ Հիմնականում գնահատման հետ կապված դժգոհությունները, Վ. Արզումանյանի ասելով, շատ անգամ հիմնավորվել են բնակչի եւ գնահատող որեւէ կազմակերպության միջեւ անօրինական գործարքի արդյունքով։ Նման մի դեպք էր, երբ 1 քառակուսի մետրը $50 գնահատված տարածքի տերը պահանջել է $400 եւ բերել անկախ գնահատողի եզրակացությունը: Վեճն ավարտվել է այդ գնահատողի՝ Կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզիայից զրկվելով։ Բնականաբար հարց է ծագում՝ իսկ չե՞ն կարող նման գործարքի մեջ լինել գնահատողներն ու ԾԻԳ-ի ներկայացուցիչը։ Դա բացառելու մեխանիզմ, ինչպես հասկացանք, չկա։ «Կա ԾԻԳ-ի ղեկավարի հենց սկզբից դրվածքը՝ ազնիվ աշխատել»,- վստահեցրեց Վ. Արզումանյանը։ Նկատենք, որ Հյուսիսային պողոտայի ծրագրի իրականացման սկզբում իրացման ենթակա տների գնահատման եւ բնակիչներին փոխհատուցման գործընթացը կատարվում էր Կենտրոն թաղապետարանի կողմից։ Անցյալ տարվա սեպտեմբերից այդ գործը, քաղաքապետի որոշմամբ, փոխանցվել է ԾԻԳ-ին, գուցե հենց, «ազնիվ աշխատելու» պայմանով։ Այսպիսով, լալայանցիների բողոքը, փոխտնօրենի ասելով, հիմք չունի, «բայց մենք կընդունենք նրանց, կխոսենք, հայտարարի կգանք, ինչպես բոլորի հետ ենք վարվել»։ Բնակիչները դժգոհ էին նաեւ վճարման կարգից՝ պայմանագրով նախատեսված գումարը նրանք կարող են ստանալ բանկի միջոցով, որտեղ գումարի 10-15%-ը պահվում է որպես եկամտահարկ։ Ինչպես փոխհատուցման կարգի մյուս դրույթները, այս մեկը նույնպես կառավարության որոշմամբ է եւ գործել է իրացման գործընթացի սկզբից։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Հ. Գ. Ուշ երեկոյան բնակիչները տեղեկացրին, որ գրասենյակից
իրենց պատասխանել են, թե այսօր կառավարությունը քննելու է փոխհատուցման նոր
կարգը, եւ իրենք պատրաստվում են կառավարության շենքի մոտ՝ ցույցով «փոխհատուցել»
քննարկման ընթացքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել