Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ

Հունվար 22,2004 00:00

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման
ընթացքը դիտարկող հանձնախմբի զեկույցի մի մասը նվիրված է հայկական մամուլի
բազմակարծությանը: Զեկույցի հեղինակները նշում են, որ թեեւ երկրում չկա ուղղակի
գրաքննություն եւ շատ են տպագիր լրատվամիջոցներն ու հեռուստաալիքները՝ «համոզված
չեն, որ էլեկտրոնային ԶԼՄ-ներում պահպանվում է բազմակարծությունը»: Փաստաթղթում
նաեւ նշված է, որ Հայաստանի ԱԺ-ն փոփոխել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի
մասին» օրենքը, որը «երբեք չի բավարարել ԵԽ-ին, քանի որ այդ օրենքում հաշվի
առնված չեն փորձագետների առաջարկները՝ մասնավորապես, ՀՌԱՀ-ի եւ Հանրային
հեռուստառադիոընկերության խորհրդի վերաբերյալ»:
Զեկույցում անդրադարձ կա նաեւ զրպարտության եւ վիրավորանքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված քրեական հետապնդմանը: «Նման իրավախախտումների համար ազատազրկումը անհամաչափ պատիժ է,- նշում են ԵԽ ներկայացուցիչները:- Մենք խնդրում ենք այս առնչությամբ փոփոխություններ կատարել «Քրեական օրենսգրքում»:

Առանձին անդրադարձ կա «Ա1+» հեռուստաընկերության խնդրին: Զեկուցողները հիշեցնում են, որ չնայած իշխանությունների խոստմանը՝ արտոնագրման մրցույթ անցկացնել 2002-ի հոկտեմբերի 25-ին, այն կայացավ միայն շուրջ 8 ամիս անց՝ նախագահի եւ խորհրդարանի ընտրություններից հետո: «Ընտրություններից շուրջ 1 տարի առաջ հեռուստաալիքին եթերից զրկելը հավասարազոր է ԶԼՄ-ներում ընտրարշավի լուսաբանման մանիպուլյացիայի»,- նշված է փաստաթղթում: Սակայն ԵԽԽՎ զեկուցողները նաեւ նշում են, որ ՀՌԱՀ-ի անցկացրած մրցույթներն, ըստ էության, չեն հակասում Հայաստանի օրենսդրությանը. «Փաստ է, որ ՀՌԱՀ-ը, կանոնակարգում թույլ տրված բացթողումների կամ անճշտությունների հետեւանքով, ստացել է իսկական անսահմանափակ իշխանություն»:

Որպես ամփոփում՝ զեկույցի հեղինակները նշում են. «Մենք լուրջ կասկածներ ենք հայտնում Հայաստանի էլեկտրոնային ԶԼՄ-ների բազմակարծության առնչությամբ: Մեզ համար ակնհայտ է, որ այդ լրատվամիջոցներով հանրությունը տեղեկացնելու ազատության հարցում կան լուրջ խնդիրներ: ՀՌԱՀ-ի կազմում եւ ձեւավորման կարգում փոփոխությունները, հնարավոր է՝ կարող էին բարելավել իրավիճակը: Նաեւ ցանկալի կլիներ, որ ՀՌԱՀ-ը լիովին հիմնավորեր իր որոշումները: Սակայն տնտեսական համատեքստը, որում առեւտրային մրցակցությունը գործնականում չի ճանաչում սահմաններ ու կանոններ՝ նպաստավոր չէ Հայաստանում որակյալ աուդիովիզուալ լանդշաֆտի ստեղծման համար»: Այս զեկույցը քննարկվելու է հունվարի 26-30-ը կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել