Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր ժամանակներ՝ ԱՄՆ-ում եւ նրանից դուրս

Հունվար 22,2004 00:00

Նոր ժամանակներ՝ ԱՄՆ-ում եւ նրանից դուրս

Ելույթ ունենալով Կոնգրեսի առջեւ, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն այլեւս
անթաքույց եւ առանց ավելորդ սեթեւեթանքների հայտարարեց. ահաբեկչության դեմ
պայքարն այսուհետեւ կրելու է հարձակողական բնույթ:
«Ամերիկան երբեք եւ ոչ մեկից թույլտվություն չի խնդրելու իր քաղաքացիներին պաշտպանելու համար», իրաքյան պատերազմի կոնտեքստում ակնհայտ ակնարկներ նետելով Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի հասցեին, ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր շեշտադրումներն այսպես հիմնավորեց Ջորջ Բուշը: Նախագահի՝ Կոնգրեսին ուղղված այս ուղերձը, կարգավիճակով լինելով ամենամյա, այս անգամ, այնուամենայնիվ, ակնառու կերպով առանձնանում էր նախորդներից՝ իրերի նկարագրության առանձնակի կրքոտությամբ եւ համաշխարհային ներկայիս գործընթացներում ԱՄՆ նոր դերի հաճախակի ընդգծումներով: Դա հասկանալ կարելի է. առջեւում նախագահական ընտրություններ են, եւ ամենեւին պատահական չէ, որ իր ելույթի գրեթե բոլոր դրույթների հիմքում Բուշը դնում էր ԱՄՆ քաղաքացու անվտանգության եւ բարեկեցության խնդիրը: Այլ խոսքով, ուղերձը որոշակիորեն «թիրախավորված» էր: Բնույթով լինելով նախընտրական, Բուշի ուղերձն, այնուամենայնիվ, գալիս է նոր եւ բավականաչափ արմատական շտկումներ անելու միջազգային իրողությունների՝ ցայժմ եղած գնահատման համակարգում: Ոչ ոք չի կարող Բուշին մեղադրել առնվազն այն հարցում, որ նրա ելույթները (նախընտրական, թե ոչ) շատ են տարբերվում կոնկրետ գործունեությունից: Ահաբեկչության դեմ լայնածավալ արշավն ԱՄՆ-ն Բուշի գլխավորությամբ սկսել է դեռեւս 2001-ին, երբ ընտրություններ չկային, իսկ որ այդ արշավը, գոնե ԱՄՆ ռազմավարական շահերի տեսանկյունից, առավել քան զգալի արդյունքներ արձանագրեց, կարծես ոչ մեկի մեջ կասկած չի առաջացնում: Ընդ որում, Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) գոյության կամ չգոյության շուրջ բարձրացած միջազգային շահարկումներին Բուշը շատ կոնկրետ եւ տրամաբանական պատասխան է տալիս. «Լիբիան ինքնակամ հրաժարվեց ԶՈԶ-ի մշակման նախագծերից միայն իրաքյան պատերազմի տպավորությամբ: Ընդամենը ինը ամսում անգլո-ամերիկյան կոալիցիայի եւ Լիբիայի իշխանությունների միջեւ ընթացած ինտենսիվ բանակցությունների արդյունքում հաջողվեց անել այն, ինչը 12 տարի տեւած դիվանագիտական՝ փաստորեն անպտուղ ջանքերի գործադրման պարագայում չէր հաջողվում անել Իրաքում»: Այն, որ միջազգային ահաբեկչությունն այսօր լուրջ սպառնալիք է դարձել ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ողջ քաղաքակիրթ հանրության համար, ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ: Վիճարկելի չէ նաեւ այն պնդումը, որ այսօր մոլորակին սպառնացող ոչ պակաս վտանգներից է նաեւ որոշակիորեն հետամնաց, «ասիական մենթալիտետ» կրող երկրների ձեռքում զանգվածային ոչնչացման զենքի հայտնվելու հնարավորությունը: Ուստի, հաճելի է՝ թե ոչ, բայց միջազգային հանրությունը, կամ գոնե նրա քաղաքակիրթ հատվածը պետք է ընդունի աշխարհում ձեւավորված նոր իրողություններն ու դրանց ուղղորդման հարցում ԱՄՆ դերակատարությունը, քանզի հենց ԱՄՆ-ի վճռականության, այլ ոչ թե ՄԱԿ-ի դանդաղկոտության ու անդիմության շնորհիվ հնարավոր եղավ, այսպես կոչված, «իզգոյ» ռեժիմների չեզոքացումը: Ի դեպ, ամենեւին չէր խանգարի, որ այս ամենի լույսի տակ Հայաստանը մեկ անգամ եւս ծանրութեթեւ աներ կոմպլեմենտարիզմի տեսությունը:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել