Ինչ է մնացել անտառից «Հայանտառ» ընկերությունը պատրաստվում է տեղափոխվել գյուղնախարարության համակարգ։ «Հայանտառ» ՊՓԲԸ փոխնախագահ Սամվել Սահակյանի ասելով, դա նախագահ Քոչարյանի վերահսկողական ծառայության քառամսյա ստուգումների արդյունքն էր։ «Մեր համակարգը երբեք նման խորացված ու լայնածավալ ուսումնասիրության չէր ենթարկվել այլ գերատեսչության կողմից,- «Առավոտին» տված հարցազրույցում խոստովանեց նա,- վերահսկողական ծառայությունը պարզեց, որ նույն գերատեսչության մեջ չեն կարող լինել ե՛ւ անտառօգտագործողը, ե՛ւ անտառ վերահսկողը»։ Ծառայությունը պարզել է նաեւ, որ ապօրինի ծառահատումների հեղինակներ են ոչ միայն հասարակությանը հայտնի ու անհայտ անուններով ծառահատներ, այլեւ նույն՝ բնապահպանության համակարգի պաշտոնյաները, որոնք նույնիսկ գրավոր պայմանագրով են թանկարժեք փայտանյութ մատուցել այս կամ այն կազմակերպությանը (օրինակ՝ Երեւանի կոնյակի գործարանին)։ Բնապահպանության համակարգ տեղափոխվելիս «Հայանտառն» ունեցել է 460 հազար հա անտառային ֆոնդ, այժմ հետ է վերադառնում անհայտ չափով։ «Ոչ մեկը չի կարող ստույգ գնահատական տալ, թե այսօր որքան է մեր անտառային ֆոնդը, քանի որ մինչ օրս պետության ֆինանսական միջոցների սղության պատճառով գույքագրում չի կատարվել»,- տեղեկացրեց Ս. Սահակյանը։ Անտառային օրենսգրքով նախատեսվում է հաշվառում անցկացնել 5 տարին մեկ անգամ։ Բնապահպանության համակարգից դուրս գալու «ճիգեր» ընկերությունը գործադրել է բազմաթիվ անգամ, բոլորն էլ՝ անհաջող։ Փոխնախագահը դա համարում է «բնապահպան նախարարների նեղ գերատեսչական շահն ընդհանուրի շահից վեր դասելու արդյունք»։ Արդյո՞ք գյուղնախարարություն հետ վերադարձը լավագույն ելքն էր։ Ս. Սահակյանն այս հարցին երկու պատասխան տվեց. «Իմ կարծիքով, նախագահի որոշումը ճիշտ էր, մասնագետներն ունեին նաեւ այլ՝ նախագահին կամ կառավարությանն առընթեր կոմիտե ունենալու կարծիքը, ինչպես ջրային ռեսուրսները, չէ՞ որ անտառը ջրին հավասարազոր նշանակություն ունի եւ լավ կլիներ, որ կարողանար ավելի լավ ներկայացնել իր շահերն ու խնդիրները, այն է՝ առանձին, ոչ թե ինչ-որ մի համակարգում»։ Այս փոփոխությունից էլ «Հայանտառը» գոհ է, որովհետեւ «բնապահպանները վերջապես կարող են դուրս գալ նույն համակարգի պարտադրած բարի-դրացիական փոխհարաբերություններից եւ լիարժեք վերահսկողություն իրականացնել, իսկ դա բխում է անտառի շահերից»։ Հարկ է նկատել, որ նույնիսկ նույն համակարգում գտնվելը չի նպաստել, որ բնապահպանական տեսչությունն ու «Հայանտառը», ինչպես նաեւ տնտեսական գործունեություն իրականացնող այլ օղակներ չլինեն մշտական հակամարտության մեջ։ Պատճառը ոչ միայն ստուգողի ու ստուգվողի միջեւ առկա բնական տարաձայնությունն էր, այլեւ վերջիններիս սեփականատիրական վերաբերմունքը իրենց ենթակայության տակ գտնվող ունեցվածքի հանդեպ։ Կհաջողվի՞ գյուղնախարարությանը՝ լիարժեք պահպանել անտառը։ Չէ՞ որ գյուղնախարարությանն այսօր մնացել է միայն ոլորտի զարգացման ռազմավարական խնդիրների մշակումը՝ առանց տնտեսական գործունեության հնարավորություն տվող որեւէ օղակի։ Մեր մտավախությունն այն է, որ անտառներն այժմ էլ գյուղնախարարությանը կծառայեն որպես ոսկեբեր երակ։ Դա, ըստ զրուցակցիս, կերեւա ապագայում։ Ինչ վերաբերում է վարկատու միջազգային կազմակերպությունների այս փոփոխության հանդեպ վերաբերմունքին, ապա անհանգստանալու ոչինչ չկա, փոփոխության մեջ «խառն» է նաեւ նրանց մատը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ