Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր ըլլալով…

Հունվար 21,2004 00:00

Ընդդիմադիր ըլլալով… ՀՌԱԿ հանրապետական վարչությունը պահանջում է կառավարության հրաժարականը Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՌԱԿ հանրապետական վարչության անդամները, խոսելով թանկացումների մասին, փաստեցին, որ «կառավարությունն ի զորու չեղավ բարելավել բնակչության կենսամակարդակը, ավելին՝ չկարողացավ պահպանել եղած վիճակը»։ Հայտարարված եւ արձանագրված տնտեսական աճի համատեքստում թանկացումներն արհեստածին որակելով՝ ՀՌԱԿ հանրապետական վարչությունը պահանջում է «կոալիցիոն կառավարության կտրուկ միջամտությունը գների իջեցման գործում»։ Հակառակ դեպքում՝ «կառավարությունը պետք է հրաժարական տա, քանի որ նման իրավիճակը հասարակությանը կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ հոգեբանական անկայունության, որոնք էլ կվտանգեն ազգային անվտանգության ապահովումը»,- կանխատեսում են ռամկավարները։ Իսկ իբրեւ միջամտության ձեւեր, ռամկավարներն առաջարկում են կոալիցիոներներին՝ հրաժարվել բյուջեից իրենց կուսակցություններին տրվող ֆինանսներից։ Ըստ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի, բյուջեի ֆինանսների կարիքը նրանք չունեն՝ «ջիպերը, քարտուղարուհիները, բջջայինները՝ դա միայն երեւացող մի փոքր մասն է։ Չերեւացող ահռելի պահուստներ ունեն»։ Ընդ որում, մեկամսյա ժամկետում չմիջամտելու պարագայում ռամկավարները սպառնում են քաղաքական հայտարարությամբ։ «Առավոտի» դիտարկմանը՝ ընդդիմադիր հռչակվելով ՀՌԱԿ-ը պահպանելո՞ւ է նախագահամետ կեցվածքը, Հ. Առաքելյանը պատասխանեց. «Մենք նախագահին համարում ենք կոալիցիայի մաս։ Մեզ դուր չի գալիս այսօրվա իրողությունը, գտնում ենք, որ այս վիճակը պայթունավտանգ է։ Իրենց թվում է, թե անփոխարինելի՞ են, չարաչար սխալվում են։ Եթե չեն կարողանում, պիտի բոլորն էլ հրաժարական տան»։ Իսկ եթե ՀՌԱԿ-ին պաշտոն առաջարկվի՞ հարցադրմանը Հ. Առաքելյանը հակադարձեց. «Ընկնում եք գուշակության եւ երեւակայության գիրկը»: Ու խոստացավ՝ «Մենք միշտ կբողոքենք այն ամենի դեմ, ինչը խոչընդոտում է ազատականության զարգացմանը»։ Ի դեպ, տեղեկացանք, որ ՀՌԱԿ-ը ընդդիմադիր դաշտում կոնսուլտացիաների փուլում է։ «Մենք ինչ էլ անենք, մեր գաղափարախոսությանը դեմ չենք գնալու»,- հնարավոր համագործակցությունների մասին առայժմ կցկտուր խոսեցին հանրապետական վարչության անդամները։ Իսկ վստահության հանրաքվեի առիթով նրանք հստակ դիրքորոշում ունեն. «Փտած համակարգում ինչպե՞ս են ուզում հանրաքվե անցկացնել»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել