Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ»

Հունվար 21,2004 00:00

«ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» Ընդդիմադիր ուժերին առաջարկում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:- Կարծեմ լրացել է 2 ամսվա այն ժամկետը, որ Դուք նախանշել էիք իշխանափոխության համար: – Ես հայտարարել էի՝ 2-5 ամիս ժամկետը, որ դեռ չի ավարտվել: – Իշխանափոխության նպատակով սերտացնելու եք համագործակցությունն ընդդիմադիր այլ ուժերի հետ: Այս նախաձեռնությանը ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն արձագանքեց, թե չի կարծում, որ անհրաժեշտություն կա նոր դաշինքներ ստեղծելու, քանի որ «Արդարությունն» ինքը կարող է հանգուցալուծման հասցնել քաղաքական բոլոր հիմնահարցերը: Իսկ Դուք համարում եք, թե «Արդարությունն» արդեն բավարա՞ր չէ: – Խնդիրը բացարձակապես նոր դաշինք ստեղծելը չէ: Այո՛, «Հանրապետությունն» է նախաձեռնողը քաղաքական դաշտի համախմբման: Եվ մոտ օրերս մեր կուսակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ՝ համախմբման կոչով: Չեմ կարծում, թե որեւէ մեկը կարող է մեղադրել «Հանրապետությանը» նման առաջարկով հանդես գալու համար, քանի որ հասարակության մեջ հստակ ձեւավորված է իշխանափոխության պահանջ: Հասարակության 90 տոկոսը հույսեր չի տածում Հայաստանի ապագայի հանդեպ: Ադրբեջանում հասարակության հույսն իրենց նավթային ռեսուրսներն են եւ Բաքու-Ջեյհան նավթամուղը: Վրաստանում հասարակության հույսն իրենց երկրի ժողովրդավարական գործընթացներն են, որոնց շնորհիվ տարածաշրջանային բոլոր ճանապարհները սկսում են անցնել այդ երկրով: Հայաստանը չունի ռեսուրսներ բռնակալ պահելու համար, եւ մեր երկիրն իր ապագայի առումով չի կարող հույս դնել որեւէ այլ բանի վրա՝ բացի ժողովրդավարությունից: Ուստի իշխանափոխության պահանջն իրականացվելու է միանշանակ եւ «Հանրապետությունը» ցանկանում է, որ այն իրականացնի ընդդիմությունը: Այլապես այդ պահանջարկը կիրագործի իշխանությունը՝ մենք դա էլ ենք տեսել: Իսկ եթե իշխանությունն էլ չիրականացնի՝ կիրականացնեն դրսի ուժերը: – Դուք շրջանցում եք հարցի այն հատվածը, թե արդյոք Ձեր մատնանշած խնդիրներն «Արդարությունը» չէ՞ր կարող լուծել միայնակ: – Բացարձակապե՛ս չեմ շրջանցում. ներկայիս հասարակությունը պատրաստ է մասնակցել գործընթացներին մի պայմանով՝ երբ վստահ է, որ հաղթելու է: Հասարակությունը չի ուզում նորից պարտվել: Այդ վստահության հիմնաքարն իր համար ընդդիմադիր դաշտի միասնաբար հանդես գալն է: Եվ դա է պատճառը, որ «Հանրապետությունը» կոչ է անում համագործակցության: Ընդդիմադիր դաշտում չկան այլ տեսակետներ. ընդհանուր առմամբ, բոլորը կողմ են իշխանափոխությանը եւ երկրում ժողովրդավարական ու սահմանադրական կարգի հաստատմանը: Ուղղակի յուրաքանչյուրն առաջարկում է իշխանափոխության իր մոդելը: ՀԺԿ-ն ելնելով իր հիմնարար արժեքներից՝ առաջարկում է իշխանափոխության խնդիրը լուծել իրավական դաշտում: Դիմեցինք Սահմանադրական դատարան, ունենք այդ կառույցի որոշումը եւ հասարակության ճնշմամբ՝ ԱԺ-ում կհասնենք վստահության հանրաքվեի հարցի քննարկմանը: Արտաշես Գեղամյանը եւս ցանկանում է իշխանափոխություն. ուղղակի առաջարկում է իր ճանապարհը՝ խնդիրը լուծել քաղաքական դաշտում որոշակի համաձայնություններով: Նա գտնում է, որ միայն եթե ընդդիմադիր դաշտի կուսակցությունները, իր լեզվով ասած, իրար չքլնգեն՝ բավարար է իշխանափոխություն անելու համար: Իսկ ՀՀՇ-ն դեմ է ընդհանրապես քոչարյանիզմին եւ ասում է, թե մեկ մարդուն փոխելով՝ ազգանուն ես միայն փոխում, ուստի մենք պատրաստ ենք իշխանափոխության այն ուժի հետ, որը կառաջադրի աշխարհաքաղաքական նոր մոտեցումներ երկրի կողմնորոշման, զարգացման առումով: «Հանրապետությունն» էլ առաջարկում է՝ հիմնական չափանիշ սահմանենք ժողովրդավարությունը եւ միավորվենք հանուն դրա, քանի որ ժողովրդավարության հիմնական ցուցանիշն արդար ընտրություններն են: Կազատվենք բռնազավթիչ իշխանություններից՝ հետո յուրաքանչյուր կուսակցություն թող առանձին-առանձին տարածի իր գաղափարախոսությունը եւ ստանա իր համակիր հասարակության ձայները: Պիտի նաեւ ասեմ, որ որեւէ առաջնորդ հեղափոխության օրն ու ժամը նախապես չի ծրագրել՝ միայն հենվել է ժողովրդի զարկերակի վրա: Ո՛չ Ռոբեսպիերը հայտարարեց, թե երբ է գրավելու Բաստիլը, ո՛չ էլ Ուլյանով Վլադիմիրն էր ծրագրավորել, թե որ րոպեին է կրակելու «Ավրորա» հածանավը: Եթե իրականում ձեւավորվել է պահանջարկ՝ դրան տեր կանգնող կգտնվի եւ ամեն պատրվակ կարող է դառնալ իշխանափոխության առիթ: – Ալբերտ Բազեյանը նշել էր, թե արդեն շփումներ եք սկսել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «մերձավոր շրջապատի» հետ: Խոսքն ո՞ւմ մասին է, եւ ինչո՞ւ անմիջականորեն չեք բանակցում հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: – Բանակցությունը խիստ դիվանագիտական ձեւակերպում է. տեսակետներ ենք ճշտում ու զրույցներ ունենում այդ շրջանակի բոլոր ազդեցիկ գործիչների հետ: Այսօրվա ՀՀՇ-ն ներկայացնում է Արարատ Զուրաբյանը, սակայն պրն Բազեյանը համարում է, թե այդ կուսակցությունը ներկայացնում են նաեւ նախկին ՀՀՇ-ականները, որոնք կազմում են Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատը: – Մամուլը հաղորդել էր, թե ՀԺԿ-ին հատկապես դուր չի եկել, որ «Հանրապետությունն» աջ լիբերալների հետ սկսել է բանակցել այն ժամանակ, երբ Ստեփան Դեմիրճյանը բացակայում է հանրապետությունից: Մի տեսակ չե՞ք շրջանցում ձեր գլխավոր դաշնակցին: – Բացարձակապե՛ս այդպես չէ: Եվ ՀԺԿ-ից նման տեսակետ հայտնողը երեւի թե տեղյակ չի եղել, որ Ստեփան Դեմիրճյանի բացակայելուց առաջ մենք հանդիպում ենք ունեցել եւ միասին քննարկել այդ թեմաները: Եվ տեսակետների առումով ես բացարձակապե՛ս չեմ տեսնում տարաձայնություններ: – Ընդդիմադիր այլ ուժեր, այնուամենայնիվ, որոշակիորեն տարբերակում են ՀԺԿ-ին եւ «Հանրապետությանը»: Ասենք, «Հայրենիք» ճակատի քաղխորհրդի անդամ Գառնիկ Մարգարյանը նշել էր, թե համագործակցում են ձեր կուսակցության հետ՝ որպես իրական ընդդիմության: Իսկ ՀԺԿ-ին անվանել էր «քողարկված ընդդիմություն», որն իր քայլերով կոտրեց «ցասման ալիքը՝ սկսելով սահմանադրական ճանապարհի քարոզը»: – «Հանրապետությունը» չի փորձել ընդդիմադիր դաշտի այլ ուժերի մոտ կարծիքներ ձեւավորել՝ իր մասով դրական, իսկ «Արդարություն» դաշինքի մնացած կուսակցությունների առումով՝ բացասական: «Արդարությունը» գործում է, եւ դաշինքը կազմող կուսակցությունների միջեւ չեմ տեսնում եւ չկան ակնհայտ հակադրություններ: – Եվ Դուք չեք կիսում «Հայրենիքի» այն գնահատականները, թե «ազգընտիր մարդը, որը պետք է ղեկավարեր շարժումը, փախավ», երբ պատրաստվում էին Ռոբերտ Քոչարյանին պահանջագիր ներկայացնել 2003-ի փետրվարի 20-ին: – Կտրականապե՛ս դեմ եմ Դեմիրճյանին քավության նոխազ դարձնելուն: Եթե այդ հարցում ընդդիմությունը մեղավոր է՝ առաջին մեղավորը ես եմ նաեւ: – Չե՞ք կարծում, որ եթե նման համախմբումը առավել արդյունավետ կլիներ ընտրությունների ժամանակ՝ վերելքի պահին, ապա այժմ արդեն իշխանափոխության հասնելու համար պետք է «պոկվեք գետնից»: – Մեր կուսակցությունը նախագահի ընտրությունների ժամանակ էլ ամեն ինչ արեց համախմբման համար, հանեց սեփական թեկնածուին: «Հանրապետությունը» միշտ է համախմբման կողմնակից եղել եւ այդ առումով՝ միշտ հրաժարվել ենք մեր հավակնություններից, գերխնդիր դարձնելով ժողովրդի եւ հասարակության ցանկությունները: Այսօր էլ կա հասարակության ցանկությունը՝ համախմբված տեսնել ընդդիմադիր դաշտը: Եվ անկախ նրանից, թե ընդդիմադիր ո՛ր կուսակցությունը գաղափարական ինչ մոտեցումներ ունի՝ կոչ ենք անում համախմբվել եւ միասնաբար գործել մեկ նպատակի շուրջ: Կմիավորվե՞ն՝ շատ բարի, չի՞ ստացվի միավորումը՝ բացարձակապե՛ս դժբախտություն չէ: Միանշանա՛կ լինելու է իշխանափոխություն, եւ ո՛չ անձամբ ես, ո՛չ «Հանրապետությունը» թույլ չենք տա, որ իշխանությունն ինքն անի իշխանափոխություն: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել