ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ նախագահ ընտրվելուց մեկ ամիս անց Արթուր Բաղդասարյանը հրապարակավ
պարտավորվեց խորհրդարանում իրականացնել նորամուծություններ: Դրանց որոշ մասը
նա իրոք կատարեց՝ ասենք, իրեն կից ստեղծեց հասարակական բազմազան խորհուրդներ,
ԱԺ ընդունարանում տեղադրվեց առաջարկությունների հեռախոս: Բացի այդ՝ այն սենյակի
նախասրահում, ուր սովորաբար անցկացվում են ճեպազրույցներ՝ դրվեց ֆաքսով հեռախոս:
Այսքանը բավարար համարենք իրականացված համարելու այն խոստումը, թե լրագրողներին
հատկացվելու է սենյակ՝ ժամանակակից տեխնիկական բոլոր հնարավորություններով:
Սակայն 2003-ի հուլիսի 11-ին ասուլիսում ազդարարվածի մեծ մասը մինչ այժմ մնում է չիրականացված: Ասենք, Արթուր Բաղդասարյանը խոստացել էր, թե ամենուրբաթյա ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը «մատչելի կլինի լրատվամիջոցների համար»: Ենթադրվում է, թե լրագրողները հնարավորություն կունենան ներկա լինել այդ խորհրդակցություններին, սակայն դրա փոխարեն ԱԺ ղեկավարներից որեւէ մեկը սկսեց դրանցից հետո պատմել օրակարգային հարցերի մասին: ԱԺ նախագահը խոստանում էր, թե կկազմակերպվեն օրենքների պարզաբանման ու լուսաբանման աշխատանքներ, որոնցում կներգրավվեն բոլոր շահագրգիռ կազմակերպությունները։ Սակայն մինչ այսօր հայտնի չեն նման աշխատանքներ: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե նախաձեռնել է «Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի ստեղծումը, որի կազմում կընդգրկվեն ոչ միայն այլ երկրների հայազգի պատգամավորները, այլ նաեւ մեր ԱԺ-ի հետ պատգամավորական բարեկամության խմբերը ղեկավարող այլազգի պատգամավորները»։ Ի՞նչ եղավ այդ վեհաժողովը՝ հայտնի չէ: ԱԺ նախագահը նաեւ խոստացել էր. «Կփորձենք այս տարվա ընթացքում խորհրդարանում ստեղծել վիդեո-կոնֆերանսների սրահ, որի նպատակը պետք է լինի ուղիղ կապ հաստատել մարզերի հետ, որպեսզի պատգամավորները կարողանան աշխատել իրենց ընտրողների հետ, եւ այդ սրահի միջոցով կապ հաստատել նաեւ այլ երկրների խորհրդարանների հետ»: Թերեւս այս մեկի չիրականանալու բացատրությունն է միայն հեշտ կռահելի: Սա բավական ծախսատար նախաձեռնություն է: Եվ պրն Բաղդասարյանը հայտնել էր, թե նախաձեռնությունը ֆինանսավորելու համար միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ են տարվում եւ հուսով էր, թե դրանք կպսակվեն հաջողությամբ։ Ըստ ամենայնի, չիրականացան կանխատեսումները: Իսկ մնացած՝ ոչ ծախսատար նախաձեռնությունները չիրականացնելը, թերեւս, ավանդները վերադարձնելու «Օրինաց երկրի» խոստումների շարքից է:
Ա. Ի.