Հայ-թուրքական հաշտեցմանը՝ ոչ, հայ-ադրբեջանական շփումներին՝ այո
Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը, Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը հանդես է եկել Ստեփանակերտում եւ Բաքվում «խաղաղության տներ» բացելու նախաձեռնությամբ: Դրանք, Կ.Օհանջանյանի կարծիքով, պետք է դառնան հաշտության օջախներ՝ նպաստելով ղարաբաղյան եւ ադրբեջանական կողմերի միջեւ վստահության կամուրջներ գցելուն: Ի թիվս այլ բաների, «խաղաղության տները» կհանդիսանան նաեւ մշակութային եւ կրթական ինքնատիպ կենտրոններ: «Ինչպես ԼՂ-ի, այնպես էլ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները հնարավորություն կստանան մեկ շաբաթից մինչեւ մեկ ամսով գալ այդ Տները, աշխատել իրենց գործընկերների հետ, համատեղ նախագծեր մշակել: Այնտեղ հնարավոր է կազմակերպել համակարգչային եւ անգլերեն լեզվի դասընթացներ եւ այլն: Բացի այդ, այդ Տներում մշտապես կգործի իրավապաշտպան կենտրոն, որը դիտարկումներ կանցկացնի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ ամեն ինչ կանի իրավախախտումները կանխելու ուղղությամբ»,- Ստեփանակերտում լրագրողներին ասել է Կ.Օհանջանյանը: Վերջինս տեղեկացրել է նաեւ, թե այդ նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացրել միջազգային մի շարք կազմակերպությունների շրջանում եւ նախատեսվում է Ստեփանակերտում այն կյանքի կոչել մեկ տարվա ընթացքում: Իրավապաշտպանի ասելով, այդ նախագծի ֆինանսավորումը ստանձնել են միջազգային մի շարք հիմնադրամներ, իսկ ԼՂՀ իշխանությունները խոստացել են դրա համար գրասենյակ տրամադրել:
Մենք փորձեցինք այս նախաձեռնության առնչությամբ ստանալ՝ մասնավորապես, ՀՅԴ-ի մեկնաբանությունը: Կուսակցության Բյուրոյի «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, պարզվեց, ի տարբերություն հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի, դեմ չէ հայ-ադրբեջանական հաշտեցման կենտրոններ ստեղծելու նախաձեռնությանը: «Սրանից առաջ էլ ոչ կառավարական կազմակերպությունների, նաեւ պատգամավորների մակարդակներում հանդիպումներ եղել են, եւ դրան մենք չենք նայում ինչպես հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների, որոնց նպատակի տակ գիտենք, թե ինչ է թաքնված»,- մասնավորեցրեց պարոն Մանոյանը՝ նկատելով, թե հայ-թուրքական հանդիպումների նպատակը՝ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելն է: «Այդ նախաձեռնությանը (Կ.Օհանջանյանի- Ն. Մ.) ես տեղեկացված չեմ, բայց այդ գաղափարը, կարծում եմ, կարող է օգտակար լինել ոչ պաշտոնական, հասարակական կազմակերպությունների մակարդակներում կարծիքների փոխանակումներ անելու իմաստով»,- պարզաբանեց Կ.Մանոյանը:
Իհարկե, հետաքրքիր էր նաեւ իմանալ Ադրբեջանի հասարակական շրջանակների վերաբերմունքն այդ նախաձեռնությանը: Այդ նպատակով դիմեցինք «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կենտրոնի ղեկավար Լեյլա Յունուսովային: Երեկ նա «Առավոտին» ասաց հետեւյալը. «Ես չեմ կարող վստահել այդ մարդու (Կ.Օհանջանյանի- Ն.Մ.), առավել եւս այդպիսի, նախաձեռնությանն ու դրա անկեղծությանը, որովհետեւ նրան անձնապես լավ եմ ճանաչում ու ծանոթ եմ նրա դիրքորոշումներին: Նման նախաձեռնությունները Կ.Օհանջանյանի կողմից միայն պարզունակ շահարկումներ են: Ես չեմ վստահում նաեւ Ադրբեջանում խաղաղության եւ համագործակցության նախաձեռնությամբ հանդես եկող հասարակական կազմակերպություններին: Մյուս կողմից, չեմ կարծում, թե հայ-ադրբեջանական հաշտեցմանն ու երկխոսությանն ուղղված այդօրինակ նախաձեռնություններն իրատեսական են, համենայն դեպս, հասարակական կազմակերպությունների մակարդակով, երբ չկա դրան ուղղված քաղաքական կամք նաեւ պաշտոնական ատյանների կողմից»,- ի պատասխան մեր հարցին հայտարարեց նա:
Այդուհանդերձ, վերադառնալով մեր հասարակության մի մասի եւ, մասնավորապես, ՀՅԴ-ի հիշյալ երկու նախաձեռնությունների նկատմամբ միանգամայն տարբեր տեսակետներին եւ համադրելով դրանք ադրբեջանական կողմի ոչ պաշտոնական ներկայացուցչի դիրքորոշման հետ, պետք է ենթադրել, որ տվյալ հարցադրումների շուրջ դիրքորոշումները, թերեւս, պայմանավորված են հոգեբանական բարդույթներով: Ու եթե հայ-թուրքական հաշտեցման նախաձեռնությանը մեր ժողովրդի մի մասը դեմ է, ըստ էության, որպես պարտված ու կոտորածի ենթարկված կողմ, ապա՝ հայ-ադրբեջանական հաշտեցման նախաձեռնության պարագայում, նա արդեն մեծահոգաբար հանդես է գալիս իբրեւ հաղթած, ինքնավստահ կողմ: Նույն բարդույթով է պայմանավորված, թերեւս, նաեւ տիկին Յունուսովայի կտրուկ դիրքորոշումը հայ-ադրբեջանական հաշտեցման ոչ պաշտոնական նախաձեռնության նկատմամբ:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ