ԾԵԾԿՌՏՈՒՔ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ հունվարի 18-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊԱՏ բաժնի աշխատակիցները Մաշտոցի պողոտայում ծառայություն կատարելիս, ժամը 20-ին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «ՎԱԶ 2106» մակնիշի 06LL800 պետհամարանիշի ավտոմեքենան, որի վարորդը եւ նրա ուղեւորը, իջնելով ավտոմեքենայից, ծեծի են ենթարկել պետավտոտեսչության աշխատակիցներից մեկին: Վերջինս, ինքնապաշտպանության նպատակով իր մոտ եղած հաշվեցուցակային «Մակարով» ատրճանակից մեկ նախազգուշական կրակոց է արձակել օդ: «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի: Պետավտոտեսչության աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ի դեպ, ըստ Արմինֆոյի, վերոնշյալ իրարանցումը փողոցում շարունակվել է 10 րոպե, սակայն ոստիկանության աշխատակիցներից ոչ ոք չի եկել օգնության, քանի որ նրանք բոլորն այդ ժամանակ զբաղված են եղել Ծաղկաձորից վերադարձող պետության ղեկավարի ավտոշարասյան երթեւեկության ապահովմամբ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը, սակայն, հերքում է այս փաստը: Սեփ. լր.