Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ ԱՍՏՂԵՐԸ ԿԵՐԳԵՆ ՀԱՅԵՐԵՆ

Հունվար 20,2004 00:00

ՌՈՒՍ ԱՍՏՂԵՐԸ ԿԵՐԳԵՆ ՀԱՅԵՐԵՆ 2004թ. կեսերին ռուսական էստրադայի 22 աստղեր Մոսկվայում եւ Երեւանում հանդես կգան հայ կոմպոզիտորների եւ հայկական ժողովրդական երգերի կատարումներով։ Նախագծի հեղինակը երաժշտական պրոդյուսեր, մոսկվաբնակ երգչուհի եւ կոմպոզիտոր Արաքսի Մուշեղյանն է։ Հիշեցնենք, որ Ա. Մուշեղյանը հայ ունկնդրին առաջին անգամ ներկայացավ 1989-90-ականներին Երեւանում անցկացվող «Այո» շոուով։ «Այդ թվականները իմ երգչական կարիերայի սկիզբն էին։ Ցավոք, այստեղ ամեն ինչ չէր կարող դասավորվել այնպես, ինչպես հիմա Մոսկվայում։ Դրսում ստեղծագործելու, աշխատելու, երեւալու ավելի լայն դիապազոն կար»,- հիշում է երգչուհին։ Այդ պատճառով էլ 1992թ. նա հեղինակավոր Մ. Զվեզդինսկու ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ա. Օբրազցովի հրավերով մեկնում է Մոսկվա։ «Կատարելով ձայնագրություններ, հանդես եկա մոսկովյան հեռուստատեսության «Լայնացրեք շրջանը» ծրագում, այնուհետեւ 1994-ին մասնակցելով Յալթա-Մոսկվա տրանզիտ միջազգային մրցույթին, դարձա դափնեկիր»,- այսպես ներկայացրեց երգչուհին Մոսկվայում կատարած իր առաջին քայլերը։ Այսօր արդեն նա համագործակցում է հայտնի «Gool & Jazzy» վոկալ խմբի հետ։ «Հանդես ենք գալիս առանց նվագակցության, կատարելով դասական հեղինակներից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգներին գալիս է հիմնականում պատրաստված ունկնդիր։ Արտերկրում այսօրինակ մեկնաբանումը ստացել է «էլիտար երաժշտություն էլիտար մասսայի համար» անվանումը»,- նկատեց երգչուհին։ Բեմական ստեղծագործական կյանքին զուգահեռ, Ա. Մուշեղյանը ընտրել է երաժշտական պրոդյուսերի բարդ ճանապարհը։ «ASK production» ձայնագրման ստուդիայում անցյալ տարվանից 22 ռուս աստղերի հետ նա աշխատում է մի նախագծի վրա, որի արդյունքում, բացի երեւանյան ու մոսկովյան համերգից, կթողարկվի CD, կնկարահանվի երաժշտական ֆիլմ։ Ռուս աստղերը կկատարեն հայկական ժողովրդական ու հայ կոմպոզիտորների երգեր՝ հայերենով։ Նախագծում ընդգրկված են Իոսիֆ Կոբզոնը, Նադեժդա Բաբկինան, Իրինա Պոնարովսկայան, Իրինա Օտիեւան, Սոսո Պավլիաշվիլին, «Սլիվկի», «Իվանուշկի ինտերնեյշընլ» խմբերը եւ ուրիշներ։ Հրավիրված են նաեւ հայկական էստրադայի երեք կատարողներ՝ Արթուր Իսպիրյանը, Արամոն եւ Սիրուշոն։ Նրանք իրենց ռուս գործընկերների հետ հանդես կգան դուետներով։ Այսպես, օրինակ, Ա. Իսպիրյանը՝ Ն. Բաբկինայի, Արամոն՝ Ալիսա Մոնի, Սիրուշոն՝ Յանոշի, Ա. Մուշեղյանը՝ Ս. Պավլիաշվիլու եւ Վլադ Ստաշեւսկու հետ։ Նախագծի երաժշտական պրոդյուսերը համոզված է, որ իր մտահղացման արդյունքում հնարավորություն կստեղծվի հայ երգը բարձրակարգ կատարումներով հնչեցնելու, ինչպես նաեւ հայ երգիչներին ներկայացնելու Մոսկվայում։ «Առավոտի» հարցին՝ ո՞ր դեպքում հայ երգիչը կարող է հայտնվել ռուսական շոու-բիզնեսում, Ա. Մուշեղյանը պատասխանեց. «Մի դեպքում միայն՝ երբ Հայաստանը կարողանա գրագետ ներկայացնել իր արվեստագետներին»։ Ինչ վերաբերում է Մոսկվայում Ա. Մուշեղյանի ապրելուն ու ստեղծագործելուն, երգչուհին անկեղծորեն ասաց, որ 10 տարի առաջ Մոսկվայից մի օր բացակայելու դեպքում ամեն ինչ կարող էր կորցնել։ «Այսօր իմ բիզնեսը կայացել է, ես հասցրել եմ ճանաչվել Մոսկվայում, հետեւաբար, կարող եմ ապրելով Հայաստանում, աշխատել դրսի հետ»,- համոզված է նա։ «Առավոտի» հաջորդ՝ արդյո՞ք կատարողը դառնում է պրոդյուսերի սեփականությունը դիտարկմանը, Ա. Մուշեղյանը համաձայնեց, շարունակելով. «Կոնկրետ ես իմ երգերն եմ կատարում ու ինքս ինձ աջակցում»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել