Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում՝ ՀՀ նախագահի եւ ՀՀԿ-ի կոալիցիա»

Հունվար 20,2004 00:00

«Իրականում՝ ՀՀ նախագահի եւ ՀՀԿ-ի կոալիցիա» Իրավիճակն այդպես է գնահատում նորանշանակ վարչության պետ Հրանուշ Խառատյանը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանին՝ կոալիցիայի շրջանակում վարչության պետի պաշտոնում տեսնելը առաջին հայացքից մի փոքր զարմանք առաջացրեց։ Ինչպե՞ս եղավ, որ Հրանուշ Խառատյանը, չներկայացնելով կոալիցիայի անդամ ուժերից որեւէ մեկը, պաշտոնի նշանակվեց նույն կոալիցիայի ներսում։ Այս հարցերին պատասխանելով՝ ազգային փոքրամասնությունների եւ կրոնի գործերով վարչության պետ Հրանուշ Խառատյանն ասաց. «Անկեղծ ասած, չեմ կարծում, որ ես առավելապես հայտնի եմ որպես ընդդիմադիր գործիչ, որեւէ մեկի հետ։ Ես միշտ շարունակել եմ որոշ չափով վերապահողական դիրքորոշում ունենալ Հայաստանի իշխանությունների հանդեպ, սկսած 94 թվականից։ Եղավ մի շրջան (դա 98-99 թթ. էր), երբ ես մտածում էի, որ Հայաստանում կարող է լուրջ բեկում լինել իշխանության վարքում եւ կարելի է հույս կապել դրա հետ։ Այն ժամանակվա հույսը իրականություն չդարձավ։ Կարծում եմ, այսօրվա իշխանություններն ունեն բազում պրոբլեմներ։ Ես երբեք ուղղակի իմաստով շատ ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվել, որպես քաղաքական գործիչ, կուսակցության միջոցով։ Միշտ փորձել եմ որպես անհատ, որպես քաղաքացի, որպես մարդ, որը հետազոտում է եւ քիչ թե շատ իրազեկ է երեւույթներին, արտահայտել իմ կարծիքը երկրում տեղի ունեցող շատ եւ շատ տարբեր երեւույթների, այդ թվում նաեւ նույն կոալիցիոն իշխանության հանդեպ»։ Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի գործերով վարչության պետի պաշտոնը, դժվար է ասել՝ քաղծառայողի՞ պաշտոն է, թե՞ հայեցողական։ Տիկին Խառատյանն ասաց, որ այդ հարցը քննարկվել է. «Այդպիսի պաշտոն քաղծառայողի պաշտոնների ցուցակում դեռ հստակեցված չէ, երկար քննարկվում էր՝ ինչ անել, եւ քանի որ դեռեւս ցուցակում չկա, այն չի համարվում քաղծառայողի պաշտոն»։ Վերադառնալով կոալիցիոն կառավարությանը, եւ մեր հարցին պատասխանելով, Հրանուշ Խառատյանը նկատեց. «Հայաստանում մինչեւ հիմա կայացած չորս ԱԺ-ներից այս վերջինը համարում եմ ամենակայացածը։ Չեմ ուզում ասել ամենադրականը, շատ կարեւոր է այս երկու խոսքերի տարբերությունը։ Ես համարում եմ, որ առաջին խորհրդարանը լավ ժողով էր, գիտեր ինչ է ուզում անել, բայց չգիտեր՝ ինչպես։ 2-րդ եւ 3-րդ ժողովները ո՛չ գիտեին ինչ են ուզում անել, ոչ գիտեին՝ ինչպես։ Այս ԱԺ-ն, կարծում եմ, ե՛ւ գիտի ինչ է ուզում անել, ե՛ւ գիտի՝ ինչպես։ Կարելի է ասել, որ այս ԱԺ-ն իշխանության տարբեր օղակների հետ, ընդհանուր առմամբ, համաձայնության մեջ է։ Ես չեմ ուզում ասել, որ սրան հետեւում են Հայաստանի ճակատագրի համար դրական քայլեր։ Իմ խոր համոզմունքով, սա ուղղակի նշանակում է մի դասի լուրջ ամրագրում, որն ինքնին վատ չէ գոնե այս ամորֆ իրավիճակի մեջ որոշ չափով կայունության ողնաշար ձեւավորելու իմաստով։ Կառավարությունը եւս ձեւավորված լինելով կոալիցիոն ուժերից, այնուամենայնիվ, հստակ գիտի, թե ինչ է ուզում եւ ինչպես է ուզում»։ Այնուամենայնիվ, նորանշանակ վարչության պետը որոշ մտահոգություն ունի եւ դրանք մի քանիսն են։ Հրանուշ Խառատյանին, օրինակ, շատ զարմացնում է Դաշնակցությունը, որը «սոցիալիստական ուղղվածության կուսակցություն է, իր նույնիսկ նախընտրական ծրագրից իր հիմնական սոցիալիստական ուղղվածությունը, տնտեսական իմաստով, հանել է։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս մասին պետք է խոսի Դաշնակցությունը։ Իմ գնահատականով, կոալիցիոն կառավարությունը իրականում նշանակում է նախագահի եւ Հանրապետական կուսակցության կոալիցիա, ոչ թե ԱԺ-ում ներկայացված երեք կուսակցությունների կոալիցիա։ Սա փաստական վիճակն է եւ ոչ իրավական»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել