Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԽՈՍԵՑԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Հունվար 20,2004 00:00

ՆՈՐԻՑ ԽՈՍԵՑԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ Ըստ Վահան Հովհաննիսյանի, հայաստանյան կոռուպցիան ունի համաշխարհային, տարածաշրջանային եւ սովետական (ռռւսական) արմատներ: Այսուհետեւ Հայաստանը կանդամակցի Կոռուպցիայի դեմ պայքարին լծված պետությունների ընտանիքին՝ Գրեկոյին: «Մենք ենթակա ենք Գրեկոյի մոնիտորինգին եւ այդ մոնիտորինգի իրականացումից հետո պետք է սկսենք մեր օրենսդրությունը համապատասխանեցնել այն պահանջներին եւ չափանիշներին, որ սահմանված են այս կազմակերպության մեջ»,- «Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն գործիքները» թեմայով երեկ կայացած սեմինարին ասաց ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը: Ըստ նրա, Գրեկոն ունի այն չափանիշները, որոնք թույլ են տալիս Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում այս երեւույթի դեմ պայքարը դարձնել առավել նպատակաուղղված: Իսկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի կարծիքով, Կոալիցիոն կառավարության մշակած՝ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, որ վավերացվեց դեկտեմբերին, դոգմա չէ, այնտեղ վերին գաղափարներ չեն նշված, եւ իշխանությունները պայքարի հարցում պատրաստ են երկխոսության հասարակության հետ՝ մասնավորապես մամուլի միջոցով: ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին այս հարցում բավարարում է մի կարճ բանաձեւ, ըստ որի, կոռուպցիան ծնվում է հարստության եւ իշխանության՝ օրինական հարթությունից դուրս գտնվող հարաբերակցությունից: Այս տեսանկյունից նայելով՝ հայաստանյան կոռուպցիան, ըստ նրա, երեք մակարդակների ածանցյալ է. «Համաշխարհային՝ որովհետեւ իշխանության եւ սեփականության հարաբերակցություն է, ռեգիոնալ՝ որովհետեւ մենք արեւելքի մաս ենք, եւ մեր մենթալության մեջ ունենք արեւելյան մոտեցումներ, եւ նաեւ կոշտ սովետական տարածք ենք՝ ժառանգել ենք սովետական, իսկ մինչ այդ՝ ռուսական կայսրության կոռուպցիայի բոլոր ձեւերը»: Երրորդ մակարդակը, ըստ Վ. Հովհաննիսյանի, մեր տեղական առանձնահատկություններն են, որոնք էլ փոխխոսնակը տարբեր ձեւերով է ներկայացնում: «Երկրաշարժից հետո մարդասիրական օգնությունների հոսքն այս առումով առաջացրեց ուղղակի աղետ. մարդասիրական օգնության հոսքը բացարձակապես չկառավարվեց եւ այդ ընթացքում հարստացան ստվարաթիվ խմբեր, որոնք հետո քաղաքական իշխանությանը ձեռք մեկնեցին: Նույնը եւ՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ. մարդկանց ինչ-որ խմբեր հարստացան եւ այդ հարստությունը կարողացան վերածել քաղաքական իշխանության: Այդ ժամանակ ծնվեց հայաստանյան կոռուպցիայի առանձնահատուկ տեսակը»: Կոնկրետ ընտրությունների հարցում Վ. Հովհաննիսյանը ռադիկալ է համարում որոշ «արտոնյալ պետական հաստատությունների» ազդեցությունը: Վերջիններիցս պրն Հովհաննիսյանը մատնանշում է ուժային կառույցները՝ ներառյալ հարկային եւ մաքսային ծառայությունները: «Իրականության մեջ առաջացել են սովորական եւ արտոնյալ նախարարություններ եւ գերատեսչություններ, պետք է ամեն ինչ անել, որ սրանց մասնակցությունն ընտրություններին լինի մինիմալ: Իմ կարծիքով, ռազմական համակարգը պետք է ընտրություններից դուրս լինի. զինվորականները ճնշման տակ են, ընտրությունը մեխանիկորեն չպետք է կատարվի»: Բացի այդ, ըստ փոխխոսնակի, կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարում ուշադրության կենտրոնում պետք է պահել նաեւ այն գործարարներին, որոնց ծախսերը համապատասխան չեն հասարակության պահանջներին: Խոսելով հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի մասին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նշում է, որ այն միայնակ չի հաջողի, եթե միաժամանակ չհաջողեն կառավարության մշակած մի քանի ռազմավարական ծրագրեր: Իբրեւ զուգահեռ անհրաժեշտ ծրագրեր, նա նախ նշում է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը եւ պետության զարգացման միջնաժամկետ քաղաքական կուրսը, որը բյուջեում արտահայտություն գտավ: «Միայն ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմամբ, աշխատավարձերի քաղաքականության ուղղորդման, բարձրացման եւ սոցիալական վիճակի կարգավորման զուգընթաց է հարկավոր կոռուպցիայի երեւույթները հաղթահարել: Հակառակ պարագայում դա կլինի ժամկետային, պլանային պայքարի փայլատակում, որ ինչ-որ օգուտ չի կարող տալ»: Նկատի ունենալով առողջապահության եւ կրթության ոլորտներում հնարավոր կոռուպցիոն երեւույթների՝ արդեն սկսված ուսումնասիրությունները, Լ. Մկրտչյանը նշեց, որ, իր խորին համոզմամբ, ե՛ւ կրթության, ե՛ւ առողջապահության ոլորտներում կոռուպցիան ճիշտ այնքան է, որքան մյուս ոլորտներում, նույնիսկ՝ մի քիչ ավելի քիչ: «Հանգամանքների բերումով այս համակարգը աշխատում է ժողովրդի շատ լայն շերտերի հետ, եւ նրա գործունեությունն ավելի թափանցիկ է: Անզեն աչքով կարելի է տեսնել, որ այս ոլորտներում ավելի քիչ ստվերային գումարներ են պտտվում, քան այլ ոլորտներում»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել