Ով որտեղ ապաշխարի Նախկին սահմանապահ Գառնիկ Մարգարյանը նախկին այլախոհ Պարույր Հայրիկյանին ուղարկում է Էջմիածին՝ մեղքերի թողություն ստանալու։ Չորս ամիս առաջ Հայաստանում հիմնադրվեց «Հայրենիք» ժողովրդական ճակատը, որն ըստ նախաձեռնողների, կոչված էր հավաքագրելու ազգի ցավով տառապող հայազգիներին (անկախ պաշտոնից, սեռից, հասարակությունում զբաղեցրած դիրքից)՝ ընդդեմ ազգադավ ռեժիմի։ Այսօր քաղաքական դաշտում Հայրիկյանի շնորհիվ, խոսվում է «Համագործակցություն՝ հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մասին։ Ի դեպ, ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը շաբաթ օրը «Ազդակ» ակումբում դրական գնահատական տվեց այդ գործընթացին. «Այն քաղաքական ուժերը եւ գործիչները, ովքեր 98-ին սատար էին կանգնել Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման հետեւանքով ձեւավորված անօրինական իշխանություններին եւ նրանց կողմից վարվող քաղաքականությանը, արդեն սուր քննադատության են սկսել ենթարկել այդ իշխանության կողմից վարվող թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը»։ Ըստ ՀՀՇ-ական որոշ գործիչների, հանուն ժողովրդավարության հաստատման կարելի է հանդուրժել առանձին քաղաքական ուժերի եւ դեմքերի։ Մինչդեռ, «Հայրենիք» ժողովրդական ճակատում անդրդվելի են։ Մեր՝ փաստորեն նույն առաքելությունն եք ստանձնել, ինչո՞ւ համատեղ չեք աշխատում հարցին, «Հայրենիք» ճակատի քաղխորհրդի անդամ Գառնիկ Մարգարյանն այսպես պատասխանեց. «Նախ՝ համատեղ աշխատանքի առաջարկ կամ փորձ չի եղել, բայց եթե լիներ էլ՝ չէր ընդունվի։ Այդպիսի պատասխանատվություն վերցնողը՝ ինքը պետք է ազնիվ լինի եւ նոր խոսի ազնվության, քաղաքական եւ հայի տեսակի պարտքի մասին։ Թող յուրաքանչյուրը փորձի գտնել իր թույլ տված չարիքները, դրանց հետեւանքով երկրին ու ժողովրդին պատճառած վնասները։ Եթե Հայրիկյանը կամ մեկ այլ քաղաքական գործիչ փորձում է մեղքերի քավության հարց լուծել՝ կա Էջմիածին, թող էնտեղ փորձեն եւ հերթական փորձադաշտ չդարձնեն Հայաստան երկիրը»։ Գ. Մարգարյանն ընդունեց, որ ինքը եւս սխալներ գործել է։ Իսկ, արդյո՞ք, Էջմիածնում մեղքերի թողություն արել է հարցին այսպես պատասխանեց. «Եթե մեծ հավատացյալ լինեի, Էջմիածին կգնայի։ Ես իմ ազգի մեծերի շիրիմների մոտ եմ մեղքերի թողություն արել»։ Իսկ ընդհանրապես, ճգնաժամից դուրս գալու դաշինքային ճանապարհները Գ. Մարգարյանը դատապարտված է համարում։ Միակ ճշմարիտ ուղին՝ «կոմիտեների ստեղծումն է՝ մեր կառույցները տեղերում, որոնք կուսակցությունների առողջ կորիզների եւ անհատների միասնություն են»։ Թե ի՞նչ տարբերություն կա կոմիտեի եւ դաշինքի միջեւ (բացի անվանումից), Գ. Մարգարյանի պատասխանից դժվար եղավ հասկանալ։ Ինչեւէ, չորսամսյա, ըստ մեր զրուցակցի, ամենօրյա աշխատանքի արդյունքում տրվել են բոլոր ոլորտներում ընթացող գործընթացների գնահատականները եւ հանգել հանրահայտ ճշմարտության՝ համակարգը պետք է փոխել։ Հարցերի հարցը՝ ինչպե՞ս, դեռ հստակեցված չէ։ Ու դրա վերջնական լուծումը Գ. Մարգարյանը թողնում է «ազգային էլիտային»՝ իրենց շարքերում անդամագրված եւ անդամագրվելիք մտավորականներին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ