Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԻՐԱՐ ՉԿԵՂՏՈՏԵՆՔ ՈՒ ՉԽՓԵՆՔ»

Հունվար 20,2004 00:00

«ԻՐԱՐ ՉԿԵՂՏՈՏԵՆՔ ՈՒ ՉԽՓԵՆՔ» Արդյո՞ք դա Հայաստանում հնարավոր է «Եթե հաջողվի այս գաղափարի շուրջ համախմբել ողջ ընդդիմադիր դաշտը, ապա հնարավոր ենք համարում որեւէ համաժողով կազմակերպել, ստորագրել մի հուշագիր՝ կոչով, ուղերձով դիմել ժողովրդին, եւ գնահատելով իրավիճակը, հարմար պահի ոտքի հանել հասարակությանը ընդդեմ վարչախմբի։ Կարծում ենք, մինչեւ հունվարի վերջը հասարակությանը հայտնի կլինի, թե որ քաղաքական ուժերն են պատրաստ ոտքի հանել ժողովրդին ընդդեմ գործող վարչախմբի եւ որոնք են այն քաղաքական ուժերը, որոնք իրենց համար այսօր փորձում են որոշակի հեղինակություն ապահովել եւ նախապատրաստվում են 2008 թվականի նախագահական ընտրություններին»,- շաբաթ օրը «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում ասել էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը։ Պրն Բազեյանը երեկ մեզ հետ կարճ զրույցում հաստատեց իր միտքը եւ խիստ վրդովվեց, երբ մենք ընդդիմության համախմբման պատճառների մասին մեկ այլ տեսակետ փոխանցեցինք նրան։ Այն է՝ հնարավո՞ր է, որ ընդդիմության համախմբման մասին լուրերը ծնվում են իշխանական ճամբարում։ Հասկանալի է պրն Բազեյանի վրդովմունքը, քանի որ ընդդիմությունը համախմբելու նախաձեռնությունը հենց «Հանրապետություն» կուսակցությանն է պատկանում, իսկ այս կուսակցության նկատմամբ իշխանության վերաբերմունքը հայտնի է։ Այնուամենայնիվ, համախմբված ընդդիմության դեպքում «Արդարություն» դաշինքի տեղն ու դերը խիստ փոփոխվելու է, եւ հետո՝ բազմաթիվ մանր, մոռացված ընդդիմադիր քաղաքական ուժեր են ի հայտ գալու, որոնք դեռ պարզ չէ (երբեմն՝ շատ էլ պարզ է), թե ինչ նպատակ ու խնդիրներ են հետապնդում։ Համախմբված ընդդիմության մեջ, հավանաբար, ծանրակշիռ են լինելու «Արդարություն» դաշինքը, «Ազգային միաբանությունը», թերեւս՝ ՀՀՇ-ն, որոշ չափով՝ կոմկուսը։ Իսկ մյուսները, պարզապես, ոգեւորվել են, քանի որ իրենց մասին հիշեցնելու առիթ են ստանալու։ «Արդարություն» դաշինքի մեկ այլ անդամ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանելով մեր հարցին՝ որքանո՞վ է հնարավոր Հայաստանում ընդդիմության համախմբում հանուն մեկ նպատակի՝ իշխանափոխության, ասաց. «Բոլորը այդպիսի ցանկություն ունեն, բայց որեւէ պրակտիկ արդյունք ես դեռ չգիտեմ»։ Իսկ ինչպե՞ս է Վազգեն Մանուկյանը վերաբերվում ՀՀՇ-ի հետ համագործակցությանը. «Կան խնդիրներ, որոնց շուրջ ցանկացածի հետ համագործակցությունը համարում եմ նորմալ, դա լինի Ղարաբաղի հարց, դա լինի լեգիտիմ իշխանություն ձեւավորելու հարց։ Բայց եթե խոսքը գնում է Հայաստանի ուղղության մասին, այդ դեպքում պետք է իրար հետ լինեն նրանք, ովքեր նույն գաղափարախոսությունն ունեն»։ Ընդդիմադիր դաշտի համախմբումը արդյո՞ք Վազգեն Մանուկյանը հնարավոր է համարում. «Դժվարանում եմ ասել»։ Իսկ ի՞նչը կարող է խանգարել, արդյոք, ոմանց լիդեր լինելու կամ դառնալու հավակնություննե՞րը. «Դա չէ, որ խանգարում է։ Այլ այն, ինչի մասին մի առիթով ասել էր Չեռնոմիրդինը՝ ուզում էինք, որ լավ լինի, ստացվեց՝ ինչպես միշտ»։ Դաշինքի մեկ այլ անդամ՝ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ համագործակցությունն ինչքան շատ լինի, այնքան լավ. «Ինձ թվում է՝ համագործակցություն արդեն կա։ Օրինակ, նույն հանրաքվեի օրենքի մասին Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ պատրաստ է այդ հարցում սատարելու։ Բայց, իհարկե, ցանկալի է, որ իշխանափոխության հարցում ներգրավվեն նաեւ այլ քաղաքական ուժեր»։ ՀԺԿ մամուլի հարցերով պատասխանատու Ռուզան Խաչատրյանն ասաց, որ վերջին շաբաթվա ընթացքում մամուլում առկա հրապարակումները ընդդիմության համախմբման մասին «որոշ չափով նաեւ արհեստական աժիոտաժ են ստեղծել այս հարցի շուրջը։ Բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական քայլ, լուրջ քաղաքական քայլ, ինչպիսին այն ծրագիրն է, որ մենք ունենք, պահանջում է եւ ենթադրում է համագործակցություն, ինչը «Արդարություն» դաշինքը երբեւիցե չի ժխտել եւ չի մերժել, մենք միշտ պատրաստ ենք համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ազնվորեն պատրաստ են համագործակցել նույն նպատակի շուրջ»։ «Ազգային միաբանության» տեսակետը եւս հստակ է. «ընդդիմադիր դաշտը պետք է գնա երեք շարասյունով՝ «Արդարություն» դաշինք, «Ազգային միաբանություն» եւ ՀՀՇ՝ աջ լիբերալ ուժերի հետ»,- օրերս հայտարարեց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը, միաժամանակ զգուշացնելով, որ ընդդիմադիր ուժերը պետք է միմյանց «չկեղտոտեն ու չխփեն»։ Մի բան, որ քիչ հավանական է, մեր մենթալիտետին՝ խորթ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել