ԾԵԾԿՌՏՈՒՔ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից
տեղեկացանք, որ հունվարի 18-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊԱՏ
բաժնի աշխատակիցները Մաշտոցի պողոտայում ծառայություն կատարելիս, ժամը 20-ին
ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «ՎԱԶ
2106» մակնիշի 06LL800 պետհամարանիշի ավտոմեքենան, որի վարորդը եւ նրա ուղեւորը,
իջնելով ավտոմեքենայից, ծեծի են ենթարկել պետավտոտեսչության աշխատակիցներից
մեկին: Վերջինս, ինքնապաշտպանության նպատակով իր մոտ եղած հաշվեցուցակային
«Մակարով» ատրճանակից մեկ նախազգուշական կրակոց է արձակել օդ: «ՎԱԶ 2106»
մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում,
դիմել են փախուստի: Պետավտոտեսչության աշխատակիցը մարմնական վնասվածքներով
տեղափոխվել է հիվանդանոց:
Ի դեպ, ըստ Արմինֆոյի, վերոնշյալ իրարանցումը փողոցում շարունակվել է 10 րոպե, սակայն ոստիկանության աշխատակիցներից ոչ ոք չի եկել օգնության, քանի որ նրանք բոլորն այդ ժամանակ զբաղված են եղել Ծաղկաձորից վերադարձող պետության ղեկավարի ավտոշարասյան երթեւեկության ապահովմամբ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը, սակայն, հերքում է այս փաստը:
Սեփ. լր.