72-ԱՄՅԱ ԿԻՆԸ ՎՏԱՐՎԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԻՑ
Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը,
դատավոր՝ Սամվել Մարդանյան, մերժեց Գեղեցիկ Ղազարյանի՝ աճուրդը եւ առուծախի
պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին հայցը, այն համարելով անհիմն։ «Առավոտը»
անդրադարձել է 72-ամյա կնոջ ճակատագրին, որի 1995թ. սեփականաշնորհված (Արարատյան
1-ին զանգված, 10/6 շենք, բն. 6) բնակարանը առանց իր գիտության աճուրդով
վաճառվել է՝ իր որդեգիր Արմեն Ղազարյանի 3000 դոլար պարտքի դիմաց։ Գ. Ղազարյանը
պնդում է, որ ինքը տեղյակ չէ՝ թե դատական ատյանները 4-5 տարվա ընթացքում
ինչ վճիռներ են կայացրել։
Անգրագետ ծեր կինը ոչ մի կերպ չի ցանկացել հաշտվել բնակարանը կորցնելու փաստի հետ եւ չի հավատացել, որ իրեն կարող են փողոց շպրտել։ Սակայն 29.03.2002թ. Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Տ. Պետրոսյան) վճռել է բավարարել Կլարա Գրիգորյանի հայցը, բնակարանը դնելով հրապարակային սակարկության։ Վճռվել է բնակարանը ամբողջությամբ վաճառել եւ ստացված գումարի կեսի նկատմամբ բռնագանձում տարածել։ ԴԱՀԿ Երեւանի ստորաբաժանումը իրականացրել է աճուրդը։ Այն կատարվել է 8 անգամ։ Բնակարանի գինը իջեցվել է մինչեւ 1201635 դրամ։ Վերջին աճուրդին մասնակցելու հայտ է ներկայացրել Հենրիկ Մկրտչյանը՝ պահանջատիրոջ ամուսինը եւ վճարելով հավելյալ 50000 դրամ, գնել է այն։ Երկրորդ վճռով, Հարկադիր կատարման ծառայությունների միջոցով 03.07.2003թ. Գեղեցիկ Ղազարյանը վտարվել էր բնակարանից։ Գեղեցիկ տատիկը կարող է բողոքարկել նախորդ երկու դատական վճիռները եւ դիմել Վերաքննիչ դատարան, սակայն այդ անելու համար միայնակ կնոջը նախ միջոցներ են անհրաժեշտ, ապա՝ հավատ։
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ