Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաներն անհասանելի են

Հունվար 20,2004 00:00

Նույնիսկ եթե «ռադիոծածկույթից ներս են»

Շատ հաճախ պաշտոնյաներն անցանկալի զանգերից խուսափելու համար բջջային հեռախոսը թողնում են վարորդի կամ գործավարուհու մոտ: Վերջիններս էլ կարեւորելով սեփական դերակատարությունը՝ իրենց օգնությունն են առաջարկում: Սա լավագույն դեպքում:

Պատահում է, որ վարորդը կամ գործավարուհին պրոֆեսիոնալ տոնով հավաստիացնում են, որ «շեֆն արտասահմանում է»: Իսկ երեկոյան «շեֆին» տեսնում ենք եթերում, ինչ-որ միջոցառման մասնակցելիս: Պարզվում է՝ լրագրողին «ցրելու» այդ տարբերակը շեֆական հնարքներից մեկն է:

Հարցման միջոցով փորձեցինք պարզել, թե ինչ դեր ունի բջջային հեռախոսը պաշտոնյաների կյանքում, կամ երբ հեռախոսահամարը տարածում է գտնում՝ ի՞նչ հաճախականությամբ են այն փոխում: Պարզվում է, ոմանց համար բջջային հեռախոսը կապի միջոց լինելուց բացի՝ լրացուցիչ հոգս է: Օրինակ, գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, որը թեեւ երբեք բջջայինը վարորդի մոտ չի թողնում, բայց անցանկալի, անծանոթ զանգերին պարզապես չի պատասխանում: Ս. Ավետիսյանի հավաստմամբ, 5 տարի է՝ ինչ հեռախոսահամարը չի փոխել, բջջային ապարատն էլ այս տարիների ընթացքում՝ երկրորդն է: Կապի այս միջոցի դերն իր կյանքում կարեւորեց կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, որը նույնպես իր հեռախոսը երբեք վարորդի մոտ չի թողնում եւ զանգերից չի խուսափում: Փոխարենը բջջային հեռախոս չի սիրում եւ դրանից հազվադեպ է օգտվում արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նա սովորաբար հեռախոսը վարորդի մոտ է թողնում՝ նրան շտապ գտնելու համար: Հեռախոսահամարը ձեռք բերած օրվանից պարոն Օսկանյանը ոչ մի անգամ չի փոխել: Քաղաքաշինության նախարար Արա Արամյանի կարծիքով՝ բջջայինը միայն կապի միջոց է, իսկ հեռախոսազանգերին պատասխանել-չպատասխանելը կախված է զբաղվածության աստիճանից: Այս պաշտոնյան խոստովանեց, որ բջջայինը վարորդի մոտ թողնում է միայն այն ժամանակ, երբ տվյալ վայրում հեռախոսով խոսելը նպատակահարմար չէ: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանի համար բջջայինն աշխատանքն օպերատիվ կազմակերպելու միջոց է: Վերջինիս հավաստմամբ, հեռախոսը երբեք չի անջատում եւ զանգերից չի խուսափում. «Դրա համար պատճառ չունեմ: Հեռախոսս վարորդիս մոտ չեմ թողնում: Իսկ զբաղված ժամանակ այն թողնում եմ սենյակում, որ տեղեկանամ ովքեր են զանգել»: Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը նախկին պաշտոնավարման ընթացքում եւս անցանկալի զանգերին չի պատասխանել: Պարոն Հարությունյանի խոսքերով, իրեն շատ են անհանգստացնում, քանի որ հեռախոսահամարը շատերը գիտեն: Ընդհանրապես պաշտոնյաները սովորություն ունեն հեռախոսահամարը ժամանակ առ ժամանակ վարորդի կամ գործավարուհու հետ փոխանակել: Արդյունքում՝ պաշտոնյաների «լավ համարներով» հեռախոսահամարները հայտնվում են իրենց ենթակաների մոտ, իսկ չինովնիկները մնում են սովորական համարների հույսին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել