Եթե սպանությունն ընտանիքն է պատվիրել, ապա ինչո՞ւ այդ ընտանիքը չի ձերբակալվում
Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվող Արմեն Սարգսյանի պաշտպաններ Ամալյա Ավագյանը եւ, դեռ առաջին ատյանի դատավորի որոշմամբ դատաքննությունից հեռացված, Հովիկ Արսենյանը երեկ ասուլիս էին հրավիրել: Բայց՝ մինչ Վերաքննիչ դատարանում այսօր ավարտվող դատավարությունն իրավական հանրության տեսանկյունից գնահատելը, ասուլիսը վարող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հարկ համարեց այդ դատավարությանը նախ քաղաքական գնահատական տալ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ա. Սարգսյանին ուղղված ամբաստանության շարժառիթները քաղաքական են: Ըստ նրա, «այս դատական պրոցեսները՝ թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարաններում ավելի հաստատեցին այն համոզումը, որ տվյալ պարագայում խնդիրն իրավական հարթությունից դուրս է, եւ մենք գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ»: Պրն Սուրենյանցը գտնում է, որ «առաջին ատյանի դատարանի դատավճիռը չարտացոլեց դատաքննության արդյունքը»: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանին, ապա՝ կուսակցական գործչի համոզմամբ՝ վերջինիս կայացնելիք դատավճռից եւս առանձնակի սպասումներ չկան, թեեւ, նրա խոսքերով, «Ա. Սարգսյանի անմեղությունը իրականում հենց դատաքննության արդյունքում ակնհայտ էր եւ ապացուցված»:
Ս. Սուրենյանցի դիտարկմամբ, Ա. Սարգսյանն այսօր «նստած է, որովհետեւ այդպես ուզում է Ռ. Քոչարյանը»: Նա անհեթեթ համարեց այն իրավիճակը, «Երբ ամբաստանյալները միաբերան պնդում են, որ Ա. Սարգսյանը որեւէ առնչություն չունի այդ ոճիրի կազմակերպման հետ»: Մինչդեռ, Ս. Սուրենյանցի գնահատականով՝ իշխանությունները սկսում են խոսել այն մասին, թե ինչպես կարելի է հավատալ ոճրագործների ասածներին, մինչդեռ, երբ պետք է լինում Ա. Սարգսյանի մեղքն ապացուցող փաստարկ բերել, նրանք մեծ սիրով մեջբերում են այդ նույն ոճրագորների կողմից գրված մի քանի ամսվա վաղեմության «քսիֆներ»:
Իսկ փաստաբանները եւս մեկ անգամ արձանագրեցին, որ այս քրգործով եւ նախաքննությունը, եւ դատաքննությունն ընթացել են իշխանությունների կողմից ուղղորդված եւ ոչ միայն ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի սկզբունքային դրույթների, այլեւ՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության ոտնահարման պայմաններում: Փաստաբան Հովիկ Արսենյանի գնահատմամբ, սույն քրգործով «մենք գործ ունենք ապացույցների կեղծման հետ», որոնք ի ցույց դնելուն ուղղված պաշտպանների միջնորդություններն այդպես էլ դատական ատյաններում չբավարարվեցին: Նա հատկապես ուշադրություն հրավիրեց դատական վերջին նիստում դատապարտյալների վերջին խոսքից հետո մեղադրողների կողմից գործին առնչվող նոր հանգամանքներ հրապարակելու վրա՝ (խոսքը քրգործով դատապարտված Գեղամ Շահբազյանի կողմից իբր գրված նամակի մասին է- Ն.Մ.), որը դատական պրակտիկայում աննախադեպ երեւույթ էր եւ հակասում էր քրեադատավարական նորմերին: Փաստաբանը մատնանշեց, որ նման խախտումներ կան նաեւ դեպքի վայրի զննության, իրեղեն ապացույցների հայտնաբերման վերաբերյալ արձանագրությունների մեջ, որոնք, ըստ նրա, կազմվել են սիրողական մակարդակով, եւ դրանում նա ապացուցողական նշանակության փաստերը կեղծելու միտումնավորություն տեսավ: Ավելին, ըստ նրա, նույնիսկ սպանության զենքի՝ «TT» ատրճանակի հայտնաբերումից եւ այն փորձաքննության ուղարկելուց հետո էլ, «երբ փորձագետին հարց է ուղղվել՝ ա՞յդ ատրճանակից է կրակված 28 դեկտեմբերի, 2002թ. հայտնաբերված փամփուշտն ու գնդակը, փորձագետը արձանագրության մեջ դրան միանշանակ պատասխան չի տվել, թեեւ նախաքննական մարմինը պարտավոր էր դա անել»:
Երեկ պաշտպանները կարծիք հայտնեցին, որ Վերաքննիչ դատարանի վճիռն, իրենք բողոքարկելու են նաեւ Վճռաբեկ ատյանում:
Ն. Մ.