Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 50%-ԻՑ ԱՎԵԼԻ Է

Հունվար 20,2004 00:00

Ասում
է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը,
որը համաձայն չէ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այն տեսակետին, թե
«Հայաստանում ընդհանրապես քիչ են կառույցները, որտեղ հնարավոր է կոռուպցիա»:

Եթե իրոք քիչ են այն կառույցները, որտեղ հնարավոր է կոռուպցիա, ինչո՞ւ է Դաշնակցությունն անընդհատ խոսում հակակոռուպցիոն մարտավարության, այդ նպատակով «GRECO» (Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբ) կազմակերպությանն անդամակցելու մասին՝ մեր այս հարցին ի պատասխան, Արմեն Ռուստամյանն ասաց. «Գնահատականները կարող են տարբեր լինել, քանի դեռ Հայաստանում չի գործում մեկ օբյեկտիվ չափանիշ կոռուպցիայի չափերը գնահատելու առումով: Եվ հենց մեր անդամակցությունն այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների, ինչպիսին, օրինակ, «GRECO»-ն է՝ շատ հստակ կտա այս հարցերի պատասխանը: Նրանք ունեն իրենց մեխանիզմները՝ ճշտելու, թե ինչ չափերի է հասնում կոռուպցիան տվյալ երկրում, որ ոլորտներում է տարածված եւ այլն: Այս բոլոր մեխանիզմները նրանք կգործադրեն նաեւ Հայաստանում: Եվ ես վստահ եմ, որ երբ սկսվի «GRECO»-ին մեր անդամակցության գործընթացը՝ հակակոռուպցիոն պայքարին վերաբերող շատ խնդիրներ կընկնեն իրենց տեղը եւ կունենանք բոլոր հարցերի պատասխանները»:

Իսկ մինչ այդ՝ չունի՞ այն հարցի պատասխանը, թե Հայաստանում իրո՞ք քիչ են կոռուպցիոն ռիսկեր պարունակող կառույցները: «Կարծում եմ, ընդհանուր գնահատականները, որոնք կարելի է տալ այս առումով, հենվում են մի շարք հաստատումների եւ եղած ցուցանիշների վրա: Օրինակ՝ բազմիցս նշվել է Հայաստանում հիսուն տոկոսից ավելի ստվերային տնտեսության մասին, եւ սա չի կարող պայմանավորված չլինել նաեւ կոռուպցիայով: Ես կարծում եմ, դա առաջի՛ն հերթին պայմանավորված է կոռուպցիայով,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը:- Եվ եթե սա ընդունում ենք՝ ուրեմն չենք կարող առնվազն չխոսել այս երեւույթի հետ կապված այլ դիտարկումների եւ չափանիշների մասին: Օրինակ՝ կան նաեւ մարդու իրավունքների ոտնահարմանն առնչվող բողոքներ, եւ պետք է անդրադառնալ, թե որքանո՞վ են դրանք արձագանք գտնում դատարաններում, որքանո՞վ են մարդիկ իրենց իրավունքները պաշտպանված տեսնում արդարադատության համակարգում: Այս բոլոր չափանիշները եթե դիտարկենք ընդհանուր գումարային առումով՝ կարող ենք ունենալ շատ հստակ պատկեր: Եվ մեր գնահատմամբ՝ կոռուպցիայի չափերն իսկապես հիսուն տոկոսն անցնում են Հայաստանում»:

Ըստ այդմ՝ ինքը համաձայն չէ՞ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վերոհիշյալ գնահատականին, որը նա հայտնեց անցած տարվա աշնանը, երբ Դաշնակցությունը դեռ նոր-նոր էր սկսել անընդհատ խոսել կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին: «Ես կարծում եմ, որ մենք այդ գնահատականը տվել ենք նախ կառավարության քառամյա ծրագրում, որտեղ հստակ ասվում է, թե կոռուպցիայի չափերն այն աստիճանի են հասել, որ վտանգում են երկրի քաղաքական կայունությունը,- հիշեցրեց Արմեն Ռուստամյանը:- Այսինքն, սա խոսում է այն մասին, որ կառավարությունն ինքը կոռուպցիայի չափերը համարում է շատ վտանգավոր»:

Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս էլ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, թե առաջիկա 4 տարիների համար իրենց գործունեությունն ուղղված է լինելու մասնավորապես «կառավարման բարեփոխումներին եւ հակակոռուպցիոն քաղաքականությանը»: Եվ այս առնչությամբ խոստացավ. «Կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով կառավարությունը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը»: Կառավարության անդամներից մեկի գնահատականից դատելով՝ ստացվում է, որ այսքան ջանքեր են գործադրվում մի երեւույթի դեմ, որը գրեթե տարածված չէ մեր պետական համակարգում:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հունվարի
16-ին ստորագրել է նամակ՝ ուղղված Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր
Շվիմմերին՝ GRECO-ին Հայաստանի անդամակցելու վերաբերյալ: Նամակը հասցեատիրոջը
պաշտոնապես հանձնելուց հետո Հայաստանը կընդգրկվի «GRECO»-ի կազմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել