Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի պոչը բռնում ենք, հարցը լուծում ենք

Հունվար 17,2004 00:00

Ինչի պոչը բռնում ենք, հարցը լուծում ենք Այս համոզմունքը հայտնեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ երեկ Երեւանի քաղաքապետարանում լրագրողներին տված ճեպազրույցի ժամանակ։ Նախագահն այստեղ էր եկել՝ ծանոթանալու 2003 թվականին քաղաքապետարանի արած-չարածին։ Նա ասաց, որ անցած տարվա պայմանավորվածությունների հիմնական մասը կատարվել է։ Նախագահը չնշեց, թե հատկապես ո՞ր քաղաքապետի լավ աշխատանքի արդյունքն էր դա (թե՛ Ռոբերտ Նազարյանը, թե՛ Երվանդ Զախարյանն անցնող տարում պաշտոնավարել են հավասարաչափ ժամանակահատված)։ Թեպետ ակնհայտ էր նրա բարեհաճ վերաբերմունքը վերջինիս նկատմամբ։ Երեկ Ռ. Քոչարյանը միանշանակ համոզված էր, որ Ե. Զախարյանի օրոք մայրաքաղաքում առաջընթացը նկատելի է։ Հանուն արդարության նշենք, որ ձեռքբերումները միայն վերջինիս չարչարանքի արդյունքը չէ, գոնե թե՝ լիոնյան ավտոբուսների եւ Լինսի հիմնադրամով կատարված կառուցապատումների առումով։ Ռ. Քոչարյանը նաեւ նկատել է, որ «դեռ աշխատելու տեղ կա, ռեզերվները մեծ են, ինչը քաղաքապետն էլ է ընդունում»։ Հատկապես ո՞ր ոլորտում է ակնհայտ քաղաքապետարանի թերացումը մեր հարցին՝ նախագահը պատասխանեց. «Քաղաքի բոլոր թերություններն էլ կարելի է վերագրել քաղաքապետարանի աշխատանքին: Կառավարությունը ժողովրդի կենցաղի հետ կապ չպետք է ունենա, դա քաղաքապետարանների եւ թաղապետարանների խնդիրն է»։ Նախագահից փորձեցինք ճշտել, թե ինչպես է վերաբերվում Երեւանի կարգավիճակի փոփոխման հարցին, նկատելով, որ նախորդ քաղաքապետերն այդ խնդրի հետ էին կապում մայրաքաղաքի բոլոր թերությունները, իսկ նորը կարծես այնքան էլ չի կարեւորում կարգավիճակի հարցը. «Ընդհանրապես քիչ մարդիկ կան, որ իրենց թերություններն ի վիճակի են բացատրել սեփական վատ աշխատանքով։ Տեսակի բան կա՝ օբյեկտիվ պատճառ փնտրել ամեն ինչում ինքնաարդարացման համար։ Ես համոզված եմ, որ ներկա կարգավիճակը հնարավորություն է տալիս նորմալ աշխատելու համար, նաեւ համոզված եմ, որ քաղաքը, եթե ունենար մի քիչ այլ կարգավիճակ, հնարավորությունները կլինեին մի քիչ ավելի մեծ»։ «Առավոտին» հետաքրքրող հաջորդ հարցը կապված էր «Հայանտառի» ենթակայության փոփոխության հետ։ Բնօգտագործումն ու բնապահպանությունն իրարից տարանջատելու, երկու տարբեր նախարարություններին տալու խնդիրը համակարգում վաղուց կար, բայց լուծումն ակնհայտորեն ձգձգվում էր: Նախագահ Քոչարյանը, պարզվում է, խնդրին այսկերպ լուծում տալու ցանկություն ունեցել է դեռեւս 1998-99 թվականներին, սակայն իրար հաջորդող լարված դեպքերը («Հոկտեմբերի 27», ընտրությունների նախապատրաստում եւ անցկացում), շեղել են նախագահի ուշադրությունը։ Այժմ եկել են խաղաղ ժամանակներ։ Նախագահն, ի վերջո, կայացրել է այս արմատական որոշումը՝ հենվելով իր վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների եւ եվրոպական 5 երկրների փորձի վրա։ Նրա կարծիքով, նոր համակարգում մեր անտառները կփրկվեն կոտորածից։ Մի հարցում, համենայնդեպս, նա համոզված է՝ «եթե մի բանից այսպես պոչից բռնում ենք, ապա փորձում ենք հարցը կարգավորել»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել