Հայերի արկածները Ստամբուլում Երեկ մենք ամենեւին չէինք սխալվում, երբ հայկական զինվորական պատվիրակության չկայացած այցը Բաքու համեմատում էինք պարզունակ դետեկտիվի հետ։ Ահա թե ինչ պատմեց հայկական պատվիրակության ղեկավար գնդապետ Մուրադ Իսախանյանը երեկ կայացած ասուլիսին, կանխապես «անձնական համոզմունք» հայտնելով, որ ադրբեջանական կողմն արեց ամեն ինչ՝ հայ զինվորականների այցը ձախողելու, սակայն ձախողման մեղքն իրենից հեռու վանելու համար։ Երբ մեր պատվիրակներին չի հաջողվում Ադրբեջան մուտքի վիզաներ ստանալ Թբիլիսիում, նրանք ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ իրենց հետագա անելիքները ճշտելուց հետո որոշում են թռչել Ստամբուլ, իսկ այնտեղից՝ Բաքու։ Իսկ ինչո՞ւ Բաքվի օդանավակայանում վիզաներ ստանալու հեռանկարով նրանք այնտեղ չմեկնեցին հենց Թբիլիսիից կամ Մոսկվայից։ «Երթուղին խստորեն համաձայնեցվում էր Երեւանում ԱՄՆ դեսպանի ռազմական կցորդի գրասենյակի հետ. հենց նրանք էին որոշում չվերթներն ու ուղղությունները՝ գումար տնտեսելու նկատառումներով»,- հարցին այսպես պատասխանեց Իսախանյանը։ «Արմավիայի» թռիչքով Ստամբուլ մեկնելուց առաջ հանկարծ հայտարարվում է, որ մեկնումը հետաձգվում է «Ստամբուլի օդանավակայանի փակ լինելու պատճառով», թեեւ եղանակը թռիչքային էր, իսկ այլ պատճառներ չեն նշվում։ Մեր պատվիրակները դարձյալ կապվում են ԱՄՆ դեսպանի ռազմական կցորդի հետ, որից հետո «թյուրիմացությունը հարթվում է»։ Սակայն անմիջապես էլ «պարզվում է», որ լրացել է «Արմավիայի» լիցենզիայի ժամկետը։ Մինչ «Արմավիային» հաջողվում է ապացուցել, որ իր լիցենզիայի ժամկետը լրանում է միայն մարտին, բավական ժամանակ է անցնում։ «Արդյունքում, երբ մենք վայրէջք կատարեցինք Ստամբուլում, «Ստամբուլ-Բաքու» չվերթն իրականացնող ինքնաթիռն արդեն 18 րոպե էր, ինչ գտնվում էր օդում»,- նշեց Իսախանյանը։ Իսկ դա հենց այն ինքնաթիռն էր, որով Բաքու էր մեկնում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին մասնակցելու նպատակով կազմված պատվիրակությունը։ «Ժամանակին Ստամբուլ հասնելու դեպքում թուրքական կողմն արհեստական խոչընդոտներ դժվար թե հարուցեր, եւ մեր պատվիրակությունը՝ հիշյալ պատվիրակության հետ մեկտեղ, բարեհաջող կհասներ Բաքու։ Մի բան, որ այլեւս անհնար դարձավ հաջորդ օրերին»,- ավելացրեց ասուլիսի մյուս բանախոս, գեներալ Միքայել Մելքոնյանը։ Թվում է, թե Ադրբեջանը հասավ իր նպատակին. ֆորմալ առումով չխոչընդոտեց հայերի այցը եւ մեղքն էլ ընկավ թուրքական կողմի վրա։ Սակայն այս հարցն էլ ունի իր պատասխանը։ Գնդապետ Իսախանյանն ընթերցեց թուրքական «Միլլիեթ» թերթից թարգմանված մի հաղորդագրություն, որում հստակ նշված էր, որ թուրքական ավիածառայությունը հայ զինվորականների մեկնելուն խոչընդոտել է Ադրբեջանի հյուպատոսության հրահանգով։ Բանախոսները միահամուռ դատապարտեցին Ադրբեջանի՝ գործընկերության ոգուն հակասող պահվածքը, հավելելով, որ հայկական կողմը պատշաճ կերպով ՆԱՏՕ-ի ղեկավարությանը ծանուցել է կատարվածի մասին եւ այժմ ակնկալում է Բրյուսելի համարժեք արձագանքը։ Իսկ Ադրբեջանի վարքագիծը նրանք բացատրեցին վերջին տարիներին այս երկրում ահագնացող ռազմատենչությամբ։ «Մենք նրանց հրավիրեցինք, իրենք չեկան, իսկ հիմա մենք գնացինք, իրենք չթողեցին։ Այժմ թող տեսնեն, թե ով է այս տարածաշրջանի ագրեսորը»,- այսպիսի ամփոփիչ գնահատական տվեց կատարվածին Մուրադ Իսախանյանը։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ