Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 7 ՇԵՐՏ ԿԵՂԾԻՔԻ ՏԱԿ Է»

Հունվար 17,2004 00:00

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 7 ՇԵՐՏ ԿԵՂԾԻՔԻ ՏԱԿ Է» Ենթադրում է ՍԻՄ նախագահ, պատգամավոր Հրանտ Խաչատրյանը Հավանաբար, վստահ չլինելով, որ հանրությանը հաջողվեց համոզել, թե Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուն Արմեն Սարգսյանն է, դատախազությունն այդ ուղղությամբ նոր ճիգեր է գործադրում: Այդ գերնպատակն իրականացնելու համար մեղադրողները դատարանում հրապարակել էին հանցախմբի անդամ Գեղամ Շահբազյանի նամակն՝ ուղղված ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանին, որով նա վերջինիս խնդրում էր օգնել իրեն, որ «մի երկու տարի պակաս դատեն» եւ տեղեկացնում, թե «շատ մեծ բան եմ արել Սարգսյանների համար», իրենց «ախպոր վրեժը ինձանով լուծեցին, վերջում էլ ոչ լրիվ փողս տվին, հիմի էլ տեր չեն կանգնում ինձ»: Ըստ մեղադրողների, նամակը գրվել է դեռ 2003-ի մայիսին, բայց «հայտնաբերվել» է միայն օրեր առաջ, այն էլ փաստաբան Լուսնթագ Բադալյանի եւ նրա պաշտպանյալ մեկ այլ դատապարտյալի հանդիպումից հետո: Թե ինչպես էր պատահել, որ մինչ այդ հիշյալ նամակը մեկուսարանի աշխատակիցների աչքով չէր ընկել՝ մնում է հանելուկ: Իհարկե, կարելի է զուգահեռներ անցկացնել Սարգսյանների ընտանիքին ամբաստանող այս, իբր, վաղուց գրված, բայց հանկարծ՝ միայն դատավարության փուլում ի հայտ եկած նամակի եւ «Ապերի» գրած նույնաբովանդակ նամակների միջեւ, որոնք նույնպես լույս աշխարհ բերվեցին «գրվելուց» ամիսներ անց: Հիշեցնենք, որ Գ. Շահբազյանն ինքը հենց դատարանում հերքել էր նման նամակի գոյության ու, առավել եւս, իր կողմից գրված լինելու հանգամանքը: «Սկսենք նրանից, որ դատաքննության հաջորդ փուլում՝ արդեն Վերաքննիչ դատարանում, երբ իշխանությունները հայտնվել էին որոշակի՝ իրենց կողմից չծրագրված, իրավիճակում, այդպիսի նամակ հրապարակելով հերթական հրապարակային հնարք կիրառեցին: Դրանով, իբրեւ, վերջնականորեն ապացուցելով, թե Գ. Շահբազյանը փոխել է իր նախաքննական եւ առաջին ատյանի դատարանում տված ցուցմունքները ու հիմա փորձում է Տ. Նաղդալյանի սպանության կազմակերպման կասկածանքը հեռացնել Սարգսյանների ընտանիքից: Ես չգիտեմ, թե որտեղ է այս հնարքի աղբյուրը, բայց, ըստ երեւույթին ինչ-որ մեկը փորփրել, գտել է, որ Գ.Շահբազյանն ու ես հեռավոր ազգակցական կապ ունենք եւ հավանաբար մտածել է, որ ես այդ փաստը չեմ ժխտի, իսկ դա իր հերթին զանգվածների մոտ արժանահավատ կդարձնի նաեւ նամակի բովանդակությունն ու դրա հետ կապված մյուս՝ Սարգսյանների դեմ ուղղված «փաստարկները» եւս»,- երեկ մեր զրույցի ժամանակ կարծիք հայտնեց Հ.Խաչատրյանը: Նա հաստատեց, որ ինքն ու Գ. Շահբազյանը հեռավոր ազգակցական կապ ունեն, բայց ինքը Գ. Շահբազյանին տեսել է, երբ նա տակավին փոքր տղա է եղել, իսկ ավելի հաճախ, մինչեւ անցյալ տարի էլ, կապ ունեցել է նրա հոր հետ, որը մահացել է այդ տարի՝ այդպես էլ չիմանալով, որ իր որդին մեղադրվում է սպանության մեջ: Անդրադառնալով Գ. Շահբազյանի կողմից իրեն նամակ գրելու տեսական հնարավորությանը, Հ. Խաչատրյանը նկատեց. «Կարող էր, որովհետեւ մեկուսարաններից, կալանավայրերից ես շատ նամակներ եմ ստանում, որոնք ինձնից օգնություն են ակնկալում: Բայց չեմ կարծում, թե որեւէ մեկը, այդ թվում՝ Գ. Շահբազյանը, այնքան միամիտ է, որ մտածեր, թե իմ պաշտոնական ու գրավոր միջնորդությամբ կամ, ենթադրենք, անգամ դատավորին ասած մեկ-երկու խոսքով նրան երկու տարի քիչ էին դատապարտելու: Մյուս կողմից, նամակում եղած ամսաթվից դատելով, նամակը գրվել է դեռ նախաքննության ընթացքում, երբ մեղադրյալները հիմնականում նախաքննության համար են մտահոգվում, այլ ոչ թե ամիսներ հետո ստանալիք պատժաչափի»,- կարծիք հայտնեց Հ. Խաչատրյանը: Նա միաժամանակ հավելեց, թե ինքը Գ. Շահբազյանի ձեռագիրը երբեք չի տեսել եւ չի կարող ասել՝ դա հաստատ նրա ձեռագիրն է, թե չէ, բայց դատելով մամուլում հրապարակված Գ. Շահբազյանի նամակից, դա աղջկա ձեռագիր է՝. «Այդ իմաստով ես փորձառու եմ, թեեւ անգամ եթե նա գրած լիներ՝ ինչ կա որ: Բայց ես շատ եմ կասկածում, որ նա ինձ նամակ գրած լիներ այն բովանդակությամբ, որը երեկ հրապարակվել է մամուլում: Ես չեմ ժխտում, որ նա կարող էր ինձ դիմել, եթե այդպիսի մտադրություն ուներ: Եթե ուզենար դիմել՝ կդիմեր եւ նամակն էլ անպայման տեղ կհասներ»: Միաժամանակ անդրադառնալով այս քրգործի վերաբերյալ իր մոտեցումներին, Հ. Խաչատրյանը կասկած հայտնեց, թե դատապարտված այդ հանցախմբի անդամներն «ընդհանրապես կապ ունեն Տ. Նաղդալյանի սպանության հետ»: «Սա իմ ներքին զգացողությունն ու համոզմունքն է: Նրանք, գուցե, այլ հանցագործության մեջ բռնվել են եւ ինչ-ինչ պատճառներով իրենց վրա են վերցրել նաեւ այդ սպանությունը: Բայց քիչ տրամաբանական եմ համարում, որ այդ խմբի անդամներից մեկը որեւէ կապ ունի այս սպանությունը ծրագրելու եւ իրականացնելու հետ»,- կարծիք հայտնեց ՍԻՄ նախագահը, իր այդ համոզմունքը փաստարկելով նրանով, որ, ընդհանրապես՝ «Հայաստանում այսօրինակ խճճված ու հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող քրգործերի նախաքննությունների եւ դատաքննությունների ընթացքում փաստերի այնպիսի աղավաղումներ են տեղի ունենում, որ մնում է վստահել սեփական ներքին համոզմունքին, քան մատուցվող իրական կամ չակերտավոր փաստերին: Ես շատ կցանկանայի, որ իմ այդ ներքին համոզմունքը որեւէ մեկը ցրեր, որ մեր քննչական, դատական համակարգն այնպիսին լիներ, որ նրա որոշումները կասկածի տեղիք չտային»: Նրա համոզմամբ, տվյալ պարագայում պարզ չէ, թե իրականում ինչ է կատարվել: «Ես շատ եմ ափսոսում Տ.Նաղդալյանի սպանության համար, որին վստահել եմ, եւ որի հետ համագործակցել ենք: Բայց քեագիտությունն ու քրեական փորձագիտությունն այնքան հին պատմություն ունի եւ այսօր էլ այնպիսի մակարդակի է հասել, որ որեւէ հանցագործություն հնարավոր չէ պարտակել: Ու բացի մարդկանց վկայություններից ու ինքնախոստովանություններից, հանցագործությունը բացահայտելու հազարավոր այլ ապացույցներ կարող են լինել: Հայաստանում ամեն ինչի հիմքում դրվում է մարդկանց խոստովանությունը, բայց դա էլ կատարվում է ոչ թե դատարանի դահլիճում, այլ՝ սկզբում հրապարակվում է հեռուստատեսությամբ, թերթերում, շշուկների ձեւով, հետո դատարանն էլ՝ ձայնակցելով այդ պատվերին, հաստատում է դրանք՝ ամենակոպիտ ձեւերով: Ես չեմ ուզում դատավորի կեցվածք ընդունել, բայց իմ զգացողությամբ, այս գործով իրական ճշմարտությունը թաղված է առնվազն 7 շերտ կեղծիքի տակ»,- իր համոզմունքը ձեւակերպեց պրն Խաչատրյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել