Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիչները իսկապես ոսկիացրին

Հունվար 17,2004 00:00

Լրագրողները
նույնպես խրախուսվեցին
Երեկ «Աստաֆյան» համալիրում ամփոփվեցին Հայաստանի ժուռնալիստների միության 2001-03թթ. «Ոսկե գրիչ» մրցանակաբաշխության արդյունքները։ «Ոսկե գրչի» արժանացան Արփեն Մովսիսյանը՝ «Շրջադարձ» հեղինակային ծրագրի, Գրիգոր Ջանիկյանը՝ «Հայ զինվոր» թերթում տպագրված հոդվածների ու հրապարակախոսության, ինչպես նաեւ «Արեւմտահայաստան» մատենաշարի համար։ Հետմահու «Ոսկե գրիչ» շնորհվեց հեռուստալրագրող Ռոբերտ Մավիսակալյանին՝ հեռուստահրապարակախոսական հաղորդումների համար։

Հիշեցնենք, որ այս մրցանակաբաշխությունը շուրջ 30 տարվա պատմություն ունի։ Ժամանակին ոսկե գրչակիրներ են դարձել Վարդգես Պետրոսյանը, Մարգո Ղուկասյանը, Պերճ Զեյթունցյանը, Լեւոն Անանյանը եւ ուրիշներ։

Մինչ օրս «Ոսկե գրիչ» մրցանակ է ստացել 28 հոգի։ Ինչպես նշեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, թեեւ նրանց բոլորին մրցանակներ հանձնվել է, սակայն երբեւէ չի եղել «Ոսկե գրիչը» խորհրդանշող կրծքանշան կամ վկայագիր։ Այս տարի սխալը շտկվել է։ Բոլոր հաղթողները իսկական ոսկե գրիչներ ստացան։ Շքանշաններ, վկայագրեր ու դրամական խրախուսանքներ հանձնվեցին նաեւ նախորդ տարիների մրցանակակիրներին։ ՀԺՄ նախագահը փաստեց, որ իրենց կողմից մեծ բացթողում էր այն, որ մինչեւ այս տարի հաղթողների մեջ չկային հեռուստալրագրողներ։ Ըստ տիկին Գեւորգյանի, «Ոսկե գրիչ» հանձնվել է հատկապես այն լրագրողներին, ովքեր ունեն բեղմնավոր գրիչ, սուր աչք եւ ստեղծագործական խիզախություն։ «Սկզբունքը մեկն է՝ ժուռնալիստական վարպետություն։ Կարեւոր չէ՝ լրագրողն ընդդիմադիր է, թե իշխանամետ»։

«Ոսկե գրչի» մրցանակակիր Արփեն Մովսիսյանը, կարեւորելով մրցանակը, ասաց. «Այն մի տեսակ սրբագրած է ներկայացնում իմ անցած ճանապարհը։ Ասում է՝ մոռացիր բոլոր հիասթափությունները»։

ՀԺՄ նախագահ Աստղիկ Գեւորգյանը մտահոգված էր այն հանգամանքով, որ մրցանակակիրների մեջ չկան երիտասարդ լրագրողներ։ Ըստ նրա, պատճառն այն է, որ խմբագրությունները չեն ներկայացրել իրենց երիտասարդ աշխատակիցների գործերը։ Մյուս կողմից էլ՝ ամեն մեկը չէ, որ կարող է «Ոսկե գրիչ» ստանալ։ Պարտադիր է Ժուռնալիստների միության անդամ լինելը։

Լ. ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել