Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԵՎ ՆՐԱ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունվար 17,2004 00:00

Երեկ
ՀՀ կառավարությունը ներկայացրեց իր հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա
իրականացման միջոցառումների ծրագիրը։
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հասարակությանը կոչ արեց համագործակցել կառավարության հետ, հակակոռուպցիոն պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերել՝ «պետք է հասարակությանը կրթենք, անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծենք այդպիսի երեւույթների նկատմամբ»,- հորդորում էր վարչապետը՝ «երեւույթների տակ նկատի ունենալով կաշառակերությունը։ Հետեւաբար, ժողովրդին կարո՞ղ ենք ասել՝ կաշառք պետք չէ տալ: Այդ հարցին ի պատասխան, Ա. Մարգարյանը արձանագրեց. «Իրենք էլ գիտեն, որ կաշառք պետք չէ տալ։ Կառավարության խնդիրը պետք է լինի այնպիսի պայմաններ ստեղծելը, որ հասարակության ներկայացուցիչը ստիպված չլինի կաշառք տալ»։ Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ հասարակությունն իր խնդիրը լուծել է՝ անհանդուրժողականություն կա։ Մնում է կառավարությունն էլ իր խնդիրը լուծի՝ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Չնայած վարչապետի վստահությանը, նրա նորանշանակ վարչության պետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ «ծրագիրն ունի մեծ քանակությամբ դրական կողմեր, այդ թվում՝ կառավարման մարմինների գործառույթների ու չափերի օպտիմալացման, դրանց հրապարակայնացման, օրենքների գերակայության ապահովման, ստվերային տնտեսության կրճատման վերաբերյալ լուրջ առաջարկություններ։ Սակայն դրանց մեծ մասը կամ թերի է, կամ ուղղված է գլխավորապես օրենքներին, իսկ դրանց իրականացման մեխանիզմները ծրագրում արտացոլված չեն։ Մինչդեռ Հայաստանի գլխավոր ողբերգությունը հենց օրենքների չգործելն է»։ Ծրագրի, ըստ բնագավառների բաժանման, ցանկում ՀՀ զինված ուժերը շրջանցվել են։ «Արդյո՞ք բանակում կոռուպցիա չկա» հարցին վարչապետը պատասխանեց, որ ծրագրում շեշտադրված են առավել կոռումպացված ոլորտները՝ առողջապահություն, կրթություն, դատաիրավական համակարգը։ Մինչդեռ գլխավոր դատախազի կարծիքը էականորեն տարբեր էր վարչապետի տեսակետից։ Ըստ Արամ Թամազյանի՝ դատախազության ոլորտում կան թերություններ, բայց՝ ոչ կոռուպցիա։ Իսկ կառավարությունում կոռուպցիա կա՞, թե՞ ոչ, վարչապետին ուղղված հարցադրումն անպատասխան մնաց։

Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարելու դասագրքային ճշմարտությունների իրենց իմացությամբ աչքի ընկան երկրի բոլոր գլխավոր պաշտոնյաները։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հռետորական հարց հնչեցրեց. «Ինչպե՞ս իշխանությունը պետք է պայքարի մի երեւույթի դեմ, որը հատուկ է հենց իշխանությանը»։ Իր իսկ տված շատ տրամաբանական հարցին, պրն Թորոսյանը խուսափողական պատասխան տվեց. կառավարությունը՝ «հաշվի առնելով երեւույթի խիստ վտանգավոր չափերը մեր երկրի համար», գնաց անձնազոհ քայլերի։ Ինքնախարազանման այս ճանապարհին, ըստ Տիգրան Թորոսյանի, «մեզ հաջողվեց երեք գայթակղություն հաղթահարել»։ Ըստ ԱԺ փոխխոսնակի, Հայաստանն այն երկրներից չէ, որ միայն օրենք գրելով են պայքարում: Միայն օրենք գրելու վրա հույս դնելը՝ առաջին գայթակղությունն էր: Երկրորդը՝ խնդիրը միայն իրավապահների վզին փաթաթելն է։ Իսկ ամենակարեւոր հաղթահարված գայթակղությունը, ըստ Տ. Թորոսյանի, առանձին մարմնի ստեղծումից հրաժարվելն է։

Վարդան Օսկանյանը պատմեց, թե կոռուպցիան ինչպես է ազդում (բացասաբար) մեր երկրի միջազգային հեղինակության եւ ներդրումների կրճատման վրա։ Վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը ոգեւորված էր կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ եւ կոչ արեց՝ «միանգամից մարտավարության անցնենք»։ Գլխավոր դատախազ Արամ Թամազյանը խոսեց թվերով։ Ըստ այդմ, կոռուպցիայի պատճառով անցած տարի մեր պետությանը 2 մլրդ 114 մլն դրամի վնաս է հասցվել։ Բայց մեր դատախազության շնորհիվ, պետության վնասները 1 մլրդ 440 հազար դրամով կրճատվել են (դատական եւ արտադատարանական կարգով)։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել