2002թ.
դեկտեմբերի 16-ի եւ 18-ի որոշումներով Միավորված ազգերի կազմակերպության
Գլխավոր ասամբլեան 2004 թվականը հայտարարեց համապատասխանաբար Բրնձի միջազգային
տարի եւ Ստրկության դեմ պայքարին ու ստրկության վերացմանը նվիրված միջազգային
տարի։
2004-ը Բրնձի միջազգային տարի հայտարարելու որոշման հիմք է հանդիսացել այն փաստը, որ աշխարհի բնակչության կեսից ավելիի համար բրինձը հիմնական սնունդ է։ Այս որոշմամբ ՄԱԿ-ի ԳԱ-ն հաստատում է՝ չքավորության եւ թերսնման նվազեցման հարցում բրնձի կարեւոր նշանակությունը։ Տարվա թեման՝ «Բրինձը կյանք է», արտահայտում է բրնձի կարեւորությունը որպես առաջնային սննդի աղբյուր։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների, բրնձի համակարգված մշակման եւ արտադրության զարգացումը կնվազեցնի քաղցն ու աղքատությունը, կնպաստի հաջորդ սերունդների համար շրջակա միջավայրի պահպանմանը եւ ավելի լավ ապրելակերպին։ Ընդ որում, բրինձը միակ հացահատիկն է, որ կարող է դիմակայել ջրհեղեղին։ ՄԱԿ-ի տվյալներով, 2002-ին արտադրվել է 576.280.000 տոննա բրինձ, իսկ Ասիայի եւ Աֆրիկայի մոտ 100 մլն ընտանիքների համար բրնձի մշակումը եկամտի հիմնական աղբյուր է։
Թեեւ ՄԱԿ-ի տարբեր մակարդակներով ընդունված՝ ստրկության վերացմանը նվիրված փաստաթղթերին, ստրկություն գոյություն ունի եւ շարունակվում է տարածվել։ Մոտավոր հաշվարկներով, այսօր աշխարհում կա 27 մլն ստրուկ։ Ավելի շատ, քան պատմական ցանկացած ժամանակաշրջանում։ ՄԱԿ-ի տվյալներով, Ասիայի երկրներում ստրկության տարածված ձեւը պարտքի լուծն է, երբ աղքատ ընտանիքները պարտքի դիմաց վճարում են սեփական աշխատանքով։ Ստրկության առավել տարածված ձեւերից է նաեւ արտասահմանում լավ վարձատրվող աշխատանքի առաջարկով մարդկանց գայթակղելը եւ ստիպողաբար աշխատեցնելը։ Հարավային Ասիային բնորոշ է սեռական ստրկությունը, երբ կանայք հոր, եղբոր, անգամ ամուսնու ճնշմամբ զբաղվում են մարմնավաճառությամբ։
ՄԱԿ-ի չափանիշներով, ստրկություն երեւույթի բաղկացուցիչներից է նաեւ տրաֆիկինգը՝ մարդկանց ապօրինի վաճառքը, որից, ցավոք, զերծ չէ Հայաստանը։ Բազմաթիվ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների տվյալներով, հայաստանցի կանայք եւ երիտասարդ աղջիկները տարվում են Թուրքիա եւ արաբական երկրներ՝ մարմնավաճառության նպատակով։ Այս երեւույթը եւս ստրկության ձեւերից մեկն է։ Իսկ ՄԱԿ-ի կառույցների կարծիքով. «Երեխաների տրաֆիկինգը Հայաստանում անմիջականորեն կապված է տնտեսության կտրուկ անկման, սոցիալական ծառայությունների վատթարացման եւ հայ ընտանիքների ծայրահեղ աղքատացման հետ»։
Համաձայն ՄԱԿ-ի վիճակագրության, աշխարհում ամեն տարի մոտ 2 մլն կին եւ երեխա է անցնում տրաֆիկինգի տարբեր ճանապարհներով, իսկ այս ապօրինի վաճառքները կազմակերպող հանցավոր խմբերը ստանում են 7,5 մլրդ ԱՄՆ դոլար օգուտ։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի որոշմամբ, 2003թ. հայտարարվեց Քաղցրահամ ջրի միջազգային տարի՝ նպաստելու քաղցրահամ ջրի կայուն օգտագործման, կառավարման եւ պաշտպանության կարեւորության մասին իրազեկության բարձրացմանը։
Զարգացող աշխարհում բոլոր հիվանդությունների մոտ 80%-ը առաջանում է վտանգավոր ջրից եւ սանիտարական վատ պայմաններից։ Ամեն օր մոտ 6000 երեխա է մահանում վտանգավոր ջրի, վատ սանիտարական պայմանների եւ հիգիենայի հետ կապված հիվանդություններից։ 1,1 մլրդ մարդ զրկված է անվտանգ ջուր օգտագործելու հնարավորությունից։ Հայաստանում ՄԱԿ-ի հայտարարած Քաղցրահամ ջրի միջազգային տարին նշանավորվեց Երեւանի Արաբկիր եւ Կենտրոն համայնքների խմելու ջրի թունավորմամբ, ջրատարների տասնյակ վթարներով, անջուր ծորակներով, ջրի վարձը մուծելու հորդորներով։
Մնում է հուսալ, որ 2004-ին Բրնձի եւ ստրկության վերացման միջազգային տարվա կապակցությամբ Հայաստանում «միջոցառումները» չեն ունենա այնպիսի հետեւանքներ ու դրսեւորումներ, ինչպիսին քաղցրահամ ջրի տարվա «շրջանակներում» էր։
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ. Գ. Ներկայացված գնահատականներն ու վիճակագրական տվյալները
վերցված են ՄԱԿ-ի կառույցների պաշտոնական սայթերից։