Եվրոպական
կառույցներին ինտեգրման հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան
Թորոսյանը ներկայացնում է 2004-ի իրենց աշխատանքային ծրագրերը:
«Ձեւավորումից հետո հանձնաժողովը զբաղվում էր ընթացիկ աշխատանքով, որն առնչվում է տարբեր օրենքների մշակումներին, լրացումներին եւ փոփոխություններին: Իսկ 2004-ին նախատեսում ենք հետեւյալը. Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հունվարի 21-22-ին անցկացվելիք կոնֆերանսին, որ կազմակերպել ենք Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ, հուսով եմ, կմասնակցեն քաղաքական բոլոր ուժերը՝ գոնե խորհրդարանում ներկայացվածները: Մասնակցելու են նաեւ եվրոպական փորձագետներ, որոնք ելույթներ կունենան բոլոր հիմնական հարցերի վերաբերյալ: Ակնհայտ է, որ այս տարվա երկրորդ եռամսյակից բավականին ինտենսիվ են ընթանալու սահմանադրական փոփոխությունների հետ կապված աշխատանքները, որտեղ հանձնաժողովն ունի մեծ ծավալի գործ:
Երկրորդ խնդիրն առնչվում է «Ընտրական օրենսգրքին» եւ ընտրական գործընթացներին: Դեռեւս 2003-ի սեպտեմբերին էինք պայմանավորվել Եվրախորհրդի եւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, որ պետք է իրականացվեն «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումներ մինչ 2004-ի վերջը, իսկ 2005-2006-ի համար պետք է նախապատրաստվեն միջոցառումների ծրագրեր՝ ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման, տեխնիկական աջակցության եւ նման խնդիրների վերաբերյալ:
Կարծում եմ, երբ տեղի ունենա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կոնֆերանսը, մենք հաշվի առնելով ձեռքի տակ եղած նյութերը՝ Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ կպայմանավորվենք նաեւ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անելու առնչությամբ հետագա՝ ավելի մանրամասն ժամանակացույցի վերաբերյալ:
Կան նաեւ մեկ այլ խումբ հարցեր, որոնց հետ կապված եւս արվել են նախնական աշխատանքներ: Թերեւս 2004-ի փետրվարին մենք Եվրոպայի խորհրդին ներկայացնենք դատաիրավական համակարգին վերաբերող օրենքներում կատարվելիք փոփոխությունների կամ նոր մշակումների ժամանակացույցը, քանի որ ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ ներառված են դատաիրավական համակարգի բարեփոխումները՝ որպես ամբողջական խնդիր: Սակայն ակնհայտ, եւ այսօր արդեն որոշակի է, թե օրենսդրության ո՛ր հատվածներում պետք է արվեն փոփոխություններ կամ մշակվեն նոր օրենքներ. այս հարցը հանձնաժողովի համար ուշադրության կենտրոնում էր անցած ժամանակահատվածում՝ ճշտելու համար, թե ինչ ուղղություններով պետք է աշխատենք:
Մյուս խնդիրը, որ 2004-ին պիտի աշխատի լուծել հանձնաժողովը, հետեւյալն է. սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման աշխատանքներին զուգահեռ, որպեսզի ժամանակ չկորցնենք՝ նախատեսում ենք, որ երբ քիչ թե շատ տեսքի գա այդ փոփոխությունների փաթեթը՝ զուգահեռ սկսենք մշակել փոփոխություններն այն օրենքների, որոնք հետեւանք են լինելու սահմանադրական փոփոխությունների: Ինչպես հայտնի է՝ մեր պարտավորությունների մի մասը, գաղափարների եւ մոտեցումների առումով, հետաձգվում է, քանի որ գործող Սահմանադրությունը սահմանափակում է մեր օրենսդրական աշխատանքը»:
Պատրաստեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ