Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջին փաստարկները

Հունվար 16,2004 00:00

Վերջին փաստարկները Երեկ Վերաքննիչ դատարանում ավարտվել է Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատավարությունը: Մեղադրող, տուժող եւ պաշտպանական կողմերն ասել են իրենց ճառերը, դատապարտյալներն իրենք հանդես են եկել վերջին խոսքերով, նախագահող դատավորներն էլ Արտաշես Խաչատրյանի գլխավորությամբ մտան խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու համար: Ըստ ամենայնի այն կհրապարակվի հունվարի 20-ին: Երեկ մեղադրողները հայտարարել են, թե առաջին ատյանի կայացրած դատավճիռը հիմնավոր է, ապացույցներն օրինական են ու պատճառաբանված, ուստի պնդել են, որ վերաքննիչ բողոքները չպետք է բավարարել, իսկ դատավճիռը պետք է թողնվի անփոփոխ: Նրանք վերապահում են ունեցել միայն դատապարտյալ Գրիգոր Պետրոսյանի վերաբերյալ՝ նշելով, որ դեմ չեն նրա նկատմամբ սահմանված պատժաչափը՝ 7 տարի ազատազրկումը դարձնել 6 տարի: Ինչպես առաջին ատյանում, երեկ էլ տուժողի իրավահաջորդ Կարինե Նաղդալյանը դատապարտյալների մեղքը հաստատված եւ հիմնավոր որակեց, միաժամանակ իր եղբոր՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը գնահատելով «քաղաքական եւ «Հոկտեմբերի 27»-ի շարունակություն»: Նկատի ունենալով սպանության պատվիրատու լինելու մեջ ամբաստանվող Արմեն Սարգսյանին, Կ.Նաղդալյանը դժգոհություն հայտնեց նրա նկատմամբ առաջին ատյանի սահմանած մեղմ պատժի առնչությամբ: Ըստ նրա՝ «Սա առաջին դեպքն էր, որ ի հայտ եկավ պատվիրատու: Ի զարմանս մեզ՝ նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման»: Կ.Նաղդալյանն անդրադառնալով Տ.Նաղդալյանին սպանած Ջոն Հարությունյանի նկատմամբ սահմանված մեղմ պատժաչափ՝ 15 տարի ազատազրկում, կիրառելուն, որը փաստարկվել էր նրա՝ Ղարաբաղյան պատերազմում կռված լինելու հանգամանքով, հենց այդ համատեքստում խոսեց դավաճանության մասին: Ջոն Հարությունյանը դա ընկալեց իբրեւ իրեն ուղղված մեղադրանք եւ որպես ռեպլիկ հակադարձեց. «Առաջինը կարող ըմ ասիմ. ես դավաճան չըմ: Կարինե Նաղդալյանը շատ է օգտագործում էդ բառը: Ես դավաճան ըմ սպանալ: Երկրորդը ասիմ՝ հլը մարդավարի ըմ սպանալ: Իրան ախպերը դաժանաբար սպանություն ա արալ սապոժնիկի տենակովը: Կարող ըմ ասիմ, որ Լուսնթագ Բադալյանը, երբ կյալիս ըր ինձ մոտ՝ կագեբե, ասում էր՝ դատախազությունն ու դատավորները փող ըն օզում, որ քո սրոկը քիչ լինի»: Գեղամ Շահբազյանի պաշտպան Հրաչյա Հովհաննիսյանն իր պաշտպանական ճառում հայտարարեց, որ իր պաշտպանի անունից վերաքննիչ բողոք չէր բերվի, եթե «Հովհաննես Հարությունյանի՝ «Ապերի», նկատմամբ կայացվեր արդար դատավճիռ»: Պաշտպանը դատարանից պահանջեց ամբաստանյալների նկատմամբ պատիժ սահմանելիս առաջնորդվել համաչափության սկզբունքով: Ինչ վերաբերում է դատապարտյալ Ֆելիքս Առուստամյանին, ապա՝ նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանից պահանջեց իր վստահորդին մեղավոր ճանաչել միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ եւ դատապարտել երեք տարի ազատազրկման: Արմեն Սարգսյանն իր պաշտպանական ճառում անդրադարձավ «Ապերի»՝ մեղադրողներին ցուցաբերած աջակցությանը՝ արձանագրելով, թե «Ապերը», ըստ էության, եղել է «մեղադրող կողմի պաշտպանյալը», որովհետեւ օգնել է «բացահայտելու» Արմեն Սարգսյանին իբրեւ «պատվիրատու»: Նա հայտարարեց, թե «Ապերի» ցուցմունքները որեւէ կերպ չեն կարող արտացոլվել իր նկատմամբ դատավճիռ կայացնելու հիմքում, որովհետեւ նրա տված բոլոր ցուցմունքներն իրարամերժ են, ուստի՝ հասկանալի չէ, թե դրանցից որը եւ ինչ չափանիշով է դատարանն արժանահավատ համարել: Վերաքննիչ դատարանին բողոքով դիմած դատապարտյալներն, իհարկե, հանդես եկան նաեւ իրենց վերջին խոսքով: Մասնավորապես Գ.Շահբազյանը հայտարարեց, որ Տ.Նաղդալյանի սպանության համար մեղավոր են «Ապերը», ինքը եւ Ջ.Հարությունյանը. «Ես ու Ջոնն ենք կատարել սպանությունը՝ Ապերի պատվերով՝ 100 հազար դոլարով. 44-ը տվեց, մնացածը խաբեց-չտվեց»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել