Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽ-Ի ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ

Հունվար 16,2004 00:00

ԵԽ-Ի ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ Գտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Առավոտը» երեկվա համարում անդրադարձել էր Բաքվի «Էխո» թերթում հրապարակված ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Արիֆ Մամեդովի այն մտքին, թե իբր Եվրամիության Հարավային Կովկասի երկրների գծով ԵՄ փորձագետ Պիեռ Գարտոնի զեկույցում «ԵՄ պատմության մեջ առաջին անգամ ճանաչվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի մի մասի օկուպացման փաստը»։ Որքան էլ տարօրինակ է, այս զեկույցի մասին Հայաստանում ոչ ոք ոչինչ չգիտի։ Անկախ նրանից, թե որքանով են նման հաղորդագրությունները ճիշտ կամ սուտ, դրանց մասին չիմանալը մեր դիվանագիտությունը այնքան էլ դրական չի բնութագրում։ Երեկ մենք փորձեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանից ճշտել՝ ի՞նչ գիտի Պիեռ Գարտոնի վերոհիշյալ զեկույցի մասին։ Պարզվեց՝ ոչինչ, բայց մյուս կողմից Արմեն Ռուստամյանը վստահ է. «Պիեռ Գարտոնի զեկույցին, իհարկե, ծանոթ չեմ, եւ իհարկե, չէի կամենա մեկնաբանել զեկույցի մեկնաբանությունը, որ կատարել է ադրբեջանական կողմը։ Որովհետեւ ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես են նրանք աղավաղում փաստաթղթերը, այդ թվում նաեւ զեկույցի այս կամ այն դրույթները։ Եվ այդ պատճառով արժանահավատ չեմ համարում այդ մեկնաբանությունը։ Սակայն, ԵԽ ԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանին վերաբերող զեկույցում արձանագրվածը, իրոք, մտահոգիչ է («եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներ» ձեւակերպման մասին է խոսքը.- Մ. Ե.)։ Միտումը, որ նկատելի է 2001 թ. Հայաստանի ԵԽ անդամ դառնալուց ի վեր, ավելի ու ավելի անբարենպաստ է մեզ համար։ Ես կարծում եմ, ավելի ու ավելի անբարենպաստ ձեւակերպումներ են հայտնվում Ղարաբաղի հետ կապված մեր պարտավորությունների այդ բաժնում։ Առաջին օրինակն այն է, որ հայտնվեց «օկուպացված տարածքներ» կապակցությունը, հիմա էլ՝ «Ղարաբաղի խնդիրը եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքները», որը ենթատեքստում ունի ուղղակի անընդունելի հաստատումը, որ Ղարաբաղն էլ օկուպացված է»։ Արմեն Ռուստամյանի կարծիքը հետեւյալն է՝ այս ամենի նպատակն է այնպիսի հաստատումներ ամրագրել, որոնք ուղղակի կապ չունեն Ղարաբաղի հարցի էության եւ բնույթի հետ։ Արդյո՞ք, վերջին շրջանի աշխուժությունը՝ Հայաստանին ագրեսոր ճանաչելու թեմաներով, կապված չէ միջազգային ատյաններում Հայաստանի հեղինակության անկման հետ։ Արմեն Ռուստամյանն այդպես չի կարծում։ Նա ասաց, որ ինքը նման հաստատումներ չի տեսել. «ընդհակառակը, մեր տարածաշրջանում Հայաստանի վարկը միշտ էլ շատ ավելի բարձր է ներկայացվում, քան հարեւան երկրներինը, որովհետեւ պարտավորությունների կատարման ամբողջական ծավալում Հայաստանը մի քանի քայլ առաջ է նույն Ադրբեջանից ու Վրաստանից»։ Սակայն պրն Ռուստամյանը նշում է նաեւ, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում մինչեւ այսօր հրապարակային, ամբողջական դիրքորոշում, ըստ էության, չի ներկայացրել. «եւ չունենալով այդ ամբողջական դիրքորոշումը, որում մի քանի հարցերի պետք է պատասխանենք՝ բանակցային գործընթացում ո՞րն է Ղարաբաղի եւ ո՞րն է Հայաստանի տեղն ու դերը, ով-ինչ իրավունքներ ունի։ Կան հարցեր, որոնց միայն Ղարաբաղը կարող է պատասխանել։ Եթե Հայաստանը փորձի ինքն անել, ապա, այո, կարող է հարվածների տակ ընկնել եւ հեշտությամբ մեղադրանք կներկայացվի Հայաստանին որպես ագրեսոր»։ Արմեն Ռուստամյանն ընդունում է, որ «քարոզչական մասով մենք զիջում ենք Ադրբեջանին»։ Արդեն գրեթե 6 տարի Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահն է եւ այդ ընթացքում ինքն է զբաղվում ղարաբաղյան բանակցություններով, ինչո՞ւ նրան սատարող քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, այս ամենի մասին չէր խոսոււմ անցած տարիներին եւ հիմա է միայն խոսում։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան Արմեն Ռուստամյանը նկատեց, որ ինքը միշտ էլ դա ասել է եւ «երբ մեզ համար այդպիսի անընդունելի ձեւակերպումներ մտան, ես այդ ահազանգը հնչեցրել եմ։ Այդ մտահոգությունները դեռ այն ժամանակ կային, հիմա փաստորեն, ավելի խստացվում է։ Դաշնակցության դիրքորոշումը հստակ է այս խնդրում։ Մենք պետք է ճիշտ մոդուս գտնենք բանակցային գործընթացում դերերի բաշխման առումով՝ Ղարաբաղ-Հայաստան։ Եվ Հայաստանը պետք է հանդիսանա եւ ներկայանա որպես երաշխավոր ԼՂՀ անվտանգության եւ անկախության»։ Արմեն Ռուստամյանը օրերս հայտարարել էր նաեւ, որ ի վերջո հարկավոր է ԱԳ նախարարության հետ հստակեցնել եւ ճշտել Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում եւ համապատասխան ձեւակերպումներ ներկայացնել ԵԽ ԽՎ դիտարկման խմբին՝ զեկույցի Ղարաբաղին վերաբերող հատվածում շտկումներ կատարելու համար։ Արմեն Ռուստամյանը երեկ ասաց, որ ինքն արդեն կոնսուլտացիա ունեցել է ԱԳ նախարարի խորհրդական Աշոտ Գալոյանի հետ։ Պրն Ռուստամյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօր ԵԽ Հայաստանի պատվիրակության անդամները նիստ կգումարեն, «եւ մեր ամբողջական դիրքորոշումը կներկայացնենք նախարարությանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել