Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՏՈՅԻ ՓԱԿ ՆԻՍՏ

Հունվար 16,2004 00:00

ԼՈՏՈՅԻ ՓԱԿ ՆԻՍՏ

Երեկ տեղի ունեցավ Վիճակախաղերի, շահումով խաղերի եւ խաղատների
լիցենզավորման հանձնաժողովի նիստը: Օրակարգում էր հինգ տարբեր լոտոների նկատմամբ
պատասխանատվության խնդիրը: Ցավոք, նիստն անցավ «փակ գաղտնի» ռեժիմով: Նիստին
մասնակցելու մեր ցանկությանն ի պատասխան, ՀՀ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարությունից
ասացին, թե դա աշխատանքային, ընթացակարգային նիստ է, եւ լրագրողների ներկայությունն
ընդունված չէ: Բնականաբար, պակաս գաղտնապահ չէին նաեւ լոտոների կազմակերպիչները:

Ներկայացնենք այն, ինչ հաջողվեց պարզել: «Ընտանեկան լոտոյի» կազմակերպիչ «Զեփ Զեփյուռ» ՍՊԸ-ից տեղեկացանք, որ պատասխանատվության միջոց կիրառելու հարցը առաջացել է բնագավառը կարգավորող ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների առատությունից: Ըստ ընկերության, նախարարությունը պարտադրում է հավատարիմ մնալ նախկինում նախարարի հրաման եղած եւ կառավարության որոշման վերաճած կարգին եւ հաշվետվություններ ներկայացնել հանձնաժողովին. «սակայն մենք հավատարիմ ենք օրենքին, իսկ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, գերակա է օրենքը»: «Ընտանեկանի» կազմակերպիչները ներկա չեն եղել հանձնաժողովի նիստին, սակայն ընկերությունում վստահ են, որ իրենց չեն պատժի, առավել եւս, որ «Հունվարից ուժի մեջ մտած նոր օրենքը վերացնում է այս կարգի բոլոր անհամապատասխանությունները»:

«Քենոյի» կազմակերպիչներից չկար մեկը, որ իրավասու լիներ պատասխանել լրագրողի հարցերին: Այնուամենայնիվ, երիտասարդ մի ձայն տեղեկացրեց, որ պատասխանատվության միջոց կկիրառվի, ամենայն հավանականությամբ, հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունը ուշացնելու համար ու թերեւս ընկերությունը մի քիչ տուգանվի:

«Շահողի» գրասենյակի հետ էլ կապվեցինք, բայց տեղեկատվություն տրամադրելու իրավունք ունեցող աշխատակիցը չկար ու չկար:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել