Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԶ ՈՐՊԵՍ ՆՈՐԵԿ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ

Հունվար 16,2004 00:00

Մրցաշրջան- 2003-ում ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող Երեւանի «Կիլիկիան» նույնպես մարզումներն սկսել է դեկտեմբեր ամսից:

Վերադառնալով բարձրագույն խումբ՝ թիմն իր առջեւ լուրջ խնդիրներ է դրել եւ, ակումբի ղեկավարության խոսքերով, իրեն ամենեւին էլ նորեկ չի համարում: Ամանորյա տոներից հետո «Կիլիկիան» հունվարի 6- ից մարզվում է մայրաքաղաքում՝ «Կիլիկիա» մարզադահլիճում, եւ շաբաթական հինգ անգամ մարզումների ծրագրում կարեւոր դեր է հատկացնում նաեւ բացօթյա աշխատանքներին: Երկկողմանի խաղերից բացի, Ալբերտ Սարգսյանի սաներն արդեն հասցրել են ընկերական հանդիպում կազմակերպել առաջին խմբի «Սպարտակի» /Երեւան/ հետ, իսկ հաջորդ շաբաթ ստուգողական խաղ է նշանակված Աշտարակի «Միկայի» հետ՝ Արմավիրում:

– Երեւանում կմարզվենք մինչեւ հունվարի վերջ,- ասում է ակումբի նախագահ Սեւակ Մանուկյանը:- Այնուհետեւ կմեկնենք Ծաղկաձոր: Այնտեղ շեշտը կդնենք ֆուտբոլիստների ֆիզպատրաստականության վրա: Դրանից հետո կվերադառնանք Երեւան: Հավանաբար, փետրվարի վերջին գնանք Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիր՝ հղկելու թիմի խաղային որակները:

– Թիմում փոփոխություններ շա՞տ կան:

– Հիմնական կորիզը՝ նրանք, ովքեր կոլեկտիվին բերեցին բարձրագույն խումբ, պահպանվել է: Սակայն խաղային օղակներն ուժեղացնելու նպատակով ֆուտբոլիստներ ենք հրավիրել հանրապետության տարբեր ակումբներից: Նրանք մոտ մեկ տասնյակ են եւ հիմա փորձաշրջան են անցնում: Վերջնականապես կկողմնորոշվենք մինչեւ մրցաշրջանը մեկնարկելը:

– Իսկ մարզիչները նո՞ւյնն են մնացել:

– Անցած մրցաշրջանից հետո գլխավոր մարզչին օգնելու ենք հրավիրել Սամվել Խաչատրյանին: Նա ավարտել է Մոսկվայի մարզչական բարձրագույն դպրոցը:

– Որքա՞ն է կազմում ֆուտբոլիստների միջին տարիքը եւ թիմում կա՞ն, արդյոք, հեռանկարային տղաներ:

– Միջին տարիքը մոտ 22 է: Խոստումնալից խաղացողներ էլ ունենք: Օրինակ, հարձակվողական ոճի կիսապաշտպան Արտակ Խոխիկյանը: Նա մինչեւ 19 տարեկանների հավաքականի թեկնածու է: Նրա անունը կա հավաքականի ներկայիս ցուցակում: Ուրիշ ֆուտբոլիստներ էլ ունենք:

– Դրսից խաղացողներ չե՞ք հրավիրել:

– Ոչ: Այս փուլում դրա անհրաժեշտությունը չենք տեսնում:

– Հանրապետությունից դուրս հավաքներ չե՞ք նախատեսել:

– Գուցե վատ չէր լինի, սակայն դա ֆինանսական լրացուցիչ ծախս է:

– Ասում եք՝ «Կիլիկիայի» առջեւ լուրջ առաջադրանքներ կան դրված: Հստակեցնել կարո՞ղ եք:

– Չեմպիոնության մասին խոսելը գուցե վաղ է: Բայց մրցանակային տեղերի համար հաստատ պայքարելու ենք: Ճակատամարտ տալու ենք նաեւ գավաթային հանդիպումներում: Կարճ ասած, ուզում ենք հաջորդ տարի հանդես գալ Եվրագավաթներից որեւէ մեկում, թեկուզ՝ Ինտերտոտոյում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել