Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍՊԱՍՎՈՒՄ Է ՃՈԽ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

Հունվար 16,2004 00:00

Հայաստանի ազգային պատկերասրահը կբացվի նոր վարագույրներով եւ շրջանակներով

Երկարատեւ ընդմիջումից հետո, մարտին, վերջապես, պաշտոնապես կբացվի Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգված պատկերասրահը։ Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, բացումը կնշանավորվի ասուլիսով եւ ճոխ ցուցադրությամբ։ Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս գումար ստանալու ակնկալիքով պատկերասրահի տնօրինությունը անընդհատ դիմում էր վերին ատյաններ՝ պատառոտված ու հնամաշ վարագույրների, նկարների շրջանակների ու ցուցանմուշների պատվանդանների նորացման համար։ Վերջապես խնդիրը լուծվել է։ Մշակույթի նախարարությունը 12 մլն դրամ է հատկացրել, որը կբավարարի պատկերասրահի բոլոր վարագույրները փոխելուն։ Ըստ Փ. Միրզոյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամն էլ պատկերասրահին հատկացրել է 5000 ԱՄՆ դոլար, որը ծախսվել է հայկական եւ ռուսական բաժինների շուրջ 70 աշխատանքների շրջանակների ձեռքբերման համար։ Այսուհետեւ պատկերասրահում ցուցադրվող աշխատանքները կունենան եռալեզու մակագրություններ։ Արդեն պատրաստ են ուղեցույցները, որոնք անվճար կբաժանվեն պատկերասրահի բոլոր այցելուներին։ Շուտով «Տիգրան Մեծ» հրատարակչության օժանդակությամբ կտպագրվի նաեւ պատկերասրահի մասին պատմող մեծ ալբոմ-կատալոգ, որպիսին մինչ այդ չի եղել։ Երբ պատկերասրահը վերջապես իր դռները բացի այցելուների առջեւ, վերջիններս հնարավորություն կունենան դիտելու Ռոդենի «Սյուզի» բրոնզե քանդակը, որն առայսօր չի ցուցադրվել։ Նույնը վերաբերում է նաեւ 19-րդ դարի սկզբի ֆրանսիական դպրոցի «Դիանա» քանդակին։ Նորություն է լինելու նաեւ հունական նորաբաց սրահը։ Բազմաթիվ ահազանգերից հետո, դեկտեմբերի վերջից միացվել է պատկերասրահի ջեռուցումը։ Փ. Միրզոյանը մի գաղտնիք էլ բացեց. «Հայաստան» հիմնադրամի նախագահ Նաիրա Մելքումյանը, այցելելով պատկերասրահ, մի խոստում է տվել՝ գումար տրամադրել առանձին կաթսայատուն կառուցելու համար։ «Լավ է, սկսել են հասկանալ, որ Ազգային պատկերասրահը լուրջ կառույց է ու արժանի ավելի մեծ ուշադրության»,- նկատեց պրն Միրզոյանը։

Հետաքրքրվեցինք՝ կփոխվե՞ն տոմսերի գները։ «Մշակույթի նախարարությունը երկու տարի առաջ սահմանել է 800 դրամ։ Ճիշտ կլիներ, որ տոմսերի գները տարբերակված լինեին։ Կարծում եմ, առաջիկայում, երբ սկսենք աշխատել, այցելուների՝ թանգարան հաճախելիությամբ պայմանավորված, գուցե փոփոխություններ կատարենք տոմսերի արժեքում»,- պատասխանեց պատկերասրահի տնօրենը։ Նա խոսեց նաեւ բոլոր թանգարանների համար ցավոտ մեկ այլ խնդրից. մշակութային օջախների ղեկավարները գտնում են, որ վաճառված տոմսերից գանձվող ավելացված արժեքի հարկը նման հիմնարկներից պետք է հանել։ Այդ հարցով քանիցս Ազգային ժողով են դիմել Հայաստանի պատմության, Փարաջանովի թանգարանների եւ Ազգային պատկերասրահի տնօրենները ու առայժմ մնացել անպատասխան։

Փ. Միրզոյանը նաեւ տեղեկացրեց, որ Ազգային պատկերասրահը թարմացել է ժամանակակից նկարիչների ու քանդակագործների (Ռոբերտ Էլիբեկյան, Անդրանիկ Կիլիկյան, Ստեփան Գրիգորյան, Գետիկ Բաղդասարյան եւ այլք) նոր աշխատանքներով։ Հարցին՝ ի՞նչ չափանիշներով են ընտրում Ազգային պատկերասրահին հարիր գործերը, Փ. Միրզոյանը պատասխանեց. «Ընտրությունը կատարում է համապատասխան հանձնաժողովը»։ Նկատենք, որ վերջին շրջանում հանձնաժողովից մերժված նկարիչներից ոմանք դժգոհ էին մնացել, գտնելով, որ նրա որոշումները սուբյեկտիվ են։

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել