Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին միլպետի դեմ գո՞րծ են սարքում

Հունվար 16,2004 00:00

Երեկ «Առավոտ» թերթի խմբագրություն էր զանգահարել Տավուշի շրջանի Զորական գյուղի բնակչուհի Աննա Դադազյանը։

Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, ունի 6 տարեկան աղջիկ եւ 11 տարեկան տղա։ Նախկինում աշխատել է ներքին գործերի հոսպիտալում, այսօր օրվա ապրուստը հայթայթում է քաղցրեղեն վաճառելով։

Տիկին Դադազյանը պատմեց, որ դեկտեմբերի 24-ից տարածքի ոստիկանության աշխատակիցները կամ իրեն բաժին են տանում, կամ իր տանը հայտնվելով, ստիպում են, որ ցուցմունք տա Տավուշի մարզի ոստիկանության վարչության նախկին պետի՝ Էդիկ Մեջինյանի դեմ։

Ըստ մեր զրուցակցի, իրեն ստիպել էին, որ գրի՝ «վարչության գողացած բենզինն ես ծախել, գումարը տվել Էդիկ Մեջինյանին»։ Մեր այն հարցին, թե դիմե՞լ է արդյոք ներկայիս ոստիկանապետին, քաղաքացին ասաց, որ դիմել է նրա քարտուղարուհուն, սակայն թույլ չեն տվել հանդիպել պետի հետ: «Խնդրում եմ, թերթի միջոցով հարց բարձրացրեք, որ դադարեցնեն իմ նկատմամբ հետապնդումը։ Իմ մեղքը ո՞րն է», – հարցնում էր տիկին Դադազյանը։ Նկարագրելով մասնավորապես դեկտեմբերի 24-ին իրեն բաժին «ուղեկցելը», Ա. Դադազյանը հայտնեց, որ երկու ոստիկանները տարան բաժին, չբացատրելով, թե ինչու են տանում։ Ժամը 23:30-ից մինչեւ 24:00-n գտնվել է բաժնում՝ 11-ամյա որդու հետ։ Այնտեղ էլ իմացել է, որ խարդախությամբ 300 դոլար գումար է հափշտակել ոմն Մհեր Ջիլավյանից։ Ըստ զանգահարողի, ինքը նախկինում պարտք է եղել վերոնշյալ անձնավորությանը եւ մարել է։ Տավուշցիների կարծիքով, գործը սարքվում է հենց Էդիկ Մեջինյանի դեմ, որպեսզի վերջինս չկարողանա վերականգնվել ոստիկանության համակարգում:

Ակնկալում ենք ոստիկանության պաշտոնական պատասխանը:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել