Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը «մաքրեց» ցուցակները

Հունվար 16,2004 00:00

Չորս
օրից Գյումրիում կավարտվի «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված բնակարանների
բաշխման գործընթացը:
Ինչպես հայտնի է, մարզպետարանի եւ քաղաքապետարանի անհաղթահարելի հակասությունների պատճառով, բնակարանների բաժանման գործն իր վրա է վերցրել նախագահի ուղարկած օժանդակող հանձնաժողովը: Իհարկե, սա չի նշանակում, թե օրումեջ մարզպետարան կռվի եկող բնակիչների թիվը պակասել է: Հատկապես վերջին օրերին մարզպետարանում ոտք դնելու տեղ չկա. բնակիչներից շատերը՝ թեկուզեւ անհույս, առավոտից իրիկուն միջանցքներում հերթ են կանգնած: Դժգոհությունների պատճառը ճշտելու, բնակբաշխման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով դիմեցինք օժանդակող հանձնաժողովի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանին: Որքան էլ հակասական թվա, դժգոհությունները նա համարեց իրենց կատարած աշխատանքի «դրական գնահատական»: «Եթե դժգոհություններ չլինեին՝ մեր աշխատանքը կասկած կառաջացներ, իսկ օժանդակող հանձնաժողովը արդեն հասցրել է անօթեւանների հերթացուցակում ընդգրկված մեծ թվով ընտանիքների բնակարան ստանալու ցանկությունը մերժել»,- ասում է Վարդանյանը: Ու որպես օրինակ մեջբերում է ամրացված շենքերի նախկին բնակիչներին, որոնք ժամանակի ընթացքում ստացել են բնակարաններ, սակայն իրենց նախորդ շենքերից երկրորդը ստանալու հույսեր են փայփայել:

Իսկ քաղաքապետարանը իրեն նեղություն չի տվել նրանց անունները հերթացուցակներից հանելու: Ինչպես հասկացանք պարոն Վարդանյանի խոսքերից, մինչ օժանդակող հանձնաժողովի գալը հերթացուցակների ճշգրտում գրեթե չի կատարվել: Ավելին, 3-րդ, 5-րդ, 6-րդ կարգի բարձր արտոնություններ ունեցող 85 դժբախտ ընտանիքներ՝ կերակրողին կորցրած, 1-ին խմբի հաշմանդամ, երկկողմանի ծնողազուրկ եւ այլն, որոնց առաջնահերթ պիտի բնակարան հատկացրած լինեին, անտեսել են: Պրն Վարդանյանը չշտապեց անօթեւանների որոշակի թիվ ասել, սակայն նշեց, որ տարիներ շարունակ չարչրկվող 7935 թիվը զգալիորեն նվազել է: Փաստորեն, նրանք, ովքեր երկրորդ բնակարան ստանալու ախորժակ էին պահել, գործի կեսին բռնվել են: Օրինակ՝ բնակարանների գնման ծրագրով 2112 ընտանիք բնակարան է ստացել, սակայն 503-ի անունը դեկտեմբերի 28-ի դրությամբ դեռեւս անօթեւանների ցուցակում է եղել, նմանապես 360 ընտանիքներ բնակարաններ են ստացել Կարմիր խաչի ծրագրով, որից 38-ը դարձյալ անօթեւանների ցուցակում են: Որոշ բնակիչներ էլ անչափ ճարպիկ են գտնվել՝ հասցնելով ընձեռված բոլոր հնարավորություններն օգտագործել: 10 ընտանիք վիճակահանությամբ Կարմիր խաչից բնակարաններ է շահել, սակայն տարիների ընթացքում ոչ միայն չի բնակվել, այլ ԲԳՎ ծրագրով նոր բնակարան է ձեռք բերել:

Իսկ ամենացնցողը բնակարանային հերթի կանգնած մահացածների թիվն էր՝ 201: Պրն Վարդանյանի վստահեցմամբ, 3 տարի շարունակ հաշվառման չներկայացած անօթեւանների անունները եւս պետք է հանեն հերթացուցակներից: «Պետությունը վերջապես պետք է ճշտի իր քաղաքականությունը, իմանա, թե ինչքա՞ն ֆինանս է հարկավոր անօթեւանների հարցը ամբողջությամբ լուծելու համար»,-ասում է օժանդակող հանձնաժողովի նախագահը: Ի դեպ, նորակառույցների գազիֆիկացման ծախսերն ամբողջությամբ հոգացել է կառավարությունը: Վերջինս այս նպատակով 35 մլն դրամ է փոխանցել, քանի որ օժանդակող հանձնաժողովի ուսումնասիրություններից պարզվել է, որ նորակառույցների բնակիչների 99 տոկոսը սոցիալապես խիստ անապահով է: Վարդանյանի համոզմամբ, կառավարության այդ «նվերը» կնպաստի նորակառույցներում բնակեցման տոկոսի բարձրացմանը: Ճիշտ է, առայժմ քիչ չեն շահագործման հանձնված այն շենքերը, որոնց բնակարանների կեսը դեռ բնակեցված չեն:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել