Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐԴԵԳՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՀԱՅՏ Է

Հունվար 16,2004 00:00

Մեր
կառավարությունը չի վստահում օտարերկրյա սոցիալական ծառայություններին
Վերջին 3 տարվա ընթացքում օտարերկրացիները մեր մանկատներից որդեգրել են 174 տարբեր տարիքի երեխա։ Հայաստանի սահմանը հատելուց հետո, նրանց ճակատագիրն անհայտ է դառնում մեր իշխանությունների համար։ «Դա մեր բոլորիս անհանգստությունն է, թե երեխան ո՞ւր գնաց, որովհետեւ հայաշատ վայրերում, որտեղ հյուպատոսարան ունենք, էլի կարող ենք վերահսկել, բայց չէ՞ որ բոլորն այդպիսի վայրեր չեն գնում»,- երեկ, կառավարության նիստից հետո՝ որդեգրման հետ կապված «Առավոտի» հարցը պարզաբանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (նախկին սոցապ) սոցիալական հարցերով փոխնախարար Աշոտ Եսայանը։ Չե՞ն կարող արտերկրում գործող սոցիալական ծառայություններն օգնել այդ հարցում։ Պարզվում է՝ ոչ, որովհետեւ, ըստ փոխնախարարի, մեր երկիրը չի միացել Հաագայի կոնվենցիային, ինչը թույլ կտար համագործակցել կամ օգտվել հիշյալ ծառայություններից։ Իսկ Հաագայի կոնվենցիային չմիանալու պատճառը սկզբունքային է. «Դրա մեջ վտանգ կա՝ այդ ծառայությունները մասնավոր են, եւ լիազորված են ինքնուրույն տնօրինել խնամազուրկ երեխաների ճակատագիրը, այսինքն՝ տալ որեւէ ընտանիքի կամ՝ վերցնել նրանից, առանց ծնողի կարծիքը հաշվի առնելու, ինչն անթույլատրելի է»,- տեղեկացրեց փոխնախարարը։

Փաստորեն, մեր կառավարությունը հնարավորություն չունի վերահսկելու արտերկրի քաղաքացու խնամակալությանը հանձնած հայ երեխայի հետագա ճակատագիրը, բայց անհանգստանում է, որ նա այնտեղ ձեռքից ձեռք կանցնի։ Իսկ ինչո՞ւ հաշվի չառնել, որ արտերկրի սոցիալական ծառայության ծառայությունները շատ ավելի խիստ են վերաբերում այն չափորոշիչների պահպանմանը, որոնցով ընտրվել են խնամալ կա ընտանիքները։ Այդ մասին տեղյակ են ու տարբեր առիթներով դրական կարծիք են հայտնել սոցիալական ոլորտի մեր աշխատակիցները։ Եվ, ի վերջո, դա անհայտությունից լավ չէ՞։

Մեկ այլ խնդիր էլ առնչվում է երեխայի բարոյահոգաբանական վիճակի խաթարմանը։ Վերջերս Փարիզից հյուր եկած հայ ծանոթս պատմեց 4-ամյա մի աղջկա մասին, որին մեկ տարի առաջ էին որդեգրել ու տարել Հայաստանից։ Երեխան դադարել էր խոսել։ Նա գիտեր հայերեն, բայց ընդհանրապես չէր ուզում խոսել այդ լեզվով։ Գուցե խռովե՞լ էր իրենից հրաժարված հայրենիքից, կամ էլ՝ նոր ու անհասկանալի լեզվով շփվող միջավայրից կրած սթրեսի՞ արդյունք է, ո՞վ գիտե։ Ծանոթիս ասելով, երկար համոզելուց հետո, աղջիկն ասել է մի քանի հայերեն բառ, իսկ ֆրանսերեն՝ ոչինչ։

Ընդհանրապես, արժե՞ թույլ տալ երեխայի դուրս բերումը հայրենիքից։ Փոխնախարար Ա. Եսայանը մխիթարեց. «Որդեգրողները հիմնականում դրսում ապրող մեր հայրենակիցներն եւ նրանց առաջարկում ենք հիմնականում հիվանդ երեխաներ, որոնց բուժման համար այստեղ հնարավորություն չունենք»։ Իհարկե, չբացառվեց, որ որդեգրում են նաեւ ազյլազգիներն ու նաեւ՝ առողջներին։ Ինչ վերաբերում է հայաստանցի խնամակալներին, ապա նրանց նկատմամբ հսկողությունն իրականացնում են թաղապետարաններում ստեղծված սոցիալական հանձնաժողովները, որոնք առայսօր որեւէ «փիս մամայի կամ պապայի» անուն չեն ներկայացրել։ Սոցապ նախարարությունն այս տարի սկսելու է ֆինանսավորել այն ընտանիքներին, որոնք խնամակալության համար երեխաներ կվերցնեն։ Յուրաքանչյուր երեխայի համար պետությունը կհատկացնի առայժմ անհայտ գումար ոչ թե պետբյուջեից, այլ սոցիալական ոլորտի ստացած դրամաշնորհներից եւ օգնություններից։ Հատկացվող գումարը կհաշվարկվի ըստ սպառողական զամբյուղի նվազագույն չափի, բայց դա հաստատ շատ ավելի քիչ կլինի մանկատան բնակչի ծախսած գումարից։ Ըստ փոխնախարարի, մանկատան ամեն մի երեխայի միայն սննդի համար ծախսվում է ամսական 50 հազար դրամ։ «Մենք այս ծրագրով ուզում ենք բեռնաթափել մանկատները»,- բացատրեց Ա. Եսայանը։

Առաջարկում ենք մանկատները «բեռնաթափել»՝ յուրաքանչյուր երեխայի համար պահպանելով իր ծախսերի նախատեսված գումարը, եւ այդ երեխաներին տրամադրել աղքատ, բայց՝ պատվարժան ընտանիքներին։ Այդպես որոշ չափով «կբեռնաթափվի» նաեւ նպաստառուների թիվը։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել