Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաքուն հակադարձում է մեղադրանքները

Հունվար 16,2004 00:00

Բաքուն հակադարձում է մեղադրանքները

Հայաստանի՝ այդպես էլ Բաքու չհասած ռազմական պատվիրակության չկայացած
այցի պատմությունն սկսում է պարզունակ դետեկտիվին բնորոշ գծեր ձեռք բերել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հանդես է եկել հայտարարությամբ,
որում հերքել է Հայաստանի մեղադրանքներն այն մասին, թե պաշտոնական Բաքուն
խոչընդոտել է հայկական ռազմական պատվիրակությանը մասնակցել Cooperative Best
Effort-2004 զորավարժությունների պլանավորման առաջին կոնֆերանսին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները պատրաստ էին ընդունել Հայաստանի պատվիրակությանը, որի չժամանման պատճառների համար ադրբեջանական կողմը պատասխանատվություն չի կրում»,- մասնավորապես ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Իր հերթին, Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Իբրահիմ Նաբիօղլուն, ըստ Բաքվի «Էխո» թերթի, նշել է, թե «ոչ Հայաստանը, ոչ էլ ՆԱՏՕ-ն Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությանը չեն դիմել վիզաներ ստանալու համար»: Գլխավոր հյուպատոսը պարզաբանել է, որ «եթե վերջին օրերին նման դիմում ստացվեր, ապա, սահմանված կարգի համաձայն, այն ուսումնասիրելու համար կպահանջվեր 3 օր»: Իհարկե, Նաբիօղլուն նաեւ «խորամանկորեն» ավելացրել է, թե «հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվում ընթացող խորհրդաժողովը նույնպես եռօրյա է (հունվարի 13-15), ուստի Հայաստանի պատվիրակությունը, միեւնույն է, ժամանակին չէր հասնի»: Որոշակիորեն չքմեղացել է նաեւ Ադրբեջանի ՊՆ խոսնակ Ռամիզ Մելիքովը, հայտարարելով. «Ադրբեջանական կողմը որեւէ սահմանափակում չի կիրառել Հայաստանի պատվիրակության Բաքու ժամանման նկատմամբ, որն իրեն արդարացնելու համար շինծու վարկած է ներկայացրել»: Մնում է միայն զարմանալ, թե ինչպես է, որ ադրբեջանական իշխանությունների այս համատարած հանդուրժողականության պայմաններում հայ զինվորականներին, այնուամենայնիվ, չի հաջողվել ներթափանցել Ադրբեջան: Երեկ մենք կապվեցինք ՀՀ ԱԳՆ խոսնակ Համլետ Գասպարյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ եղանակով էր վերջերս Բաքու մեկնել ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Պրն Գասպարյանը պատասխանեց, թե Շուգարյանը Բաքու էր մեկնել Թբիլիսիից եւ այն ժամանակ «Ադրբեջան մուտքի թույլտվության հետ կապված որեւէ խնդիր չէր ծագել»: Ըստ Հ. Գասպարյանի, նման խնդիրներ երբեւէ չեն առաջացել նաեւ ադրբեջանական զանազան պատվիրակությունների՝ Հայաստան կատարած բազմաթիվ այցերի ժամանակ:

Ակնհայտ է, որ այս դեպքում խնդիրն իր բնույթով ընդգծված էմոցիոնալ է, եւ տվյալ պարագայում մեղավորներին հայտնաբերելը կամ անմեղներին մխիթարելն առնվազն անպտուղ գործ է: Ի դեպ, պրն Գասպարյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե կատարվածի առնչությամբ ինչ արձագանքներ են ստացվել Բրյուսելից. արդյո՞ք ՆԱՏՕ-ի ղեկավարությունը դատապարտել է Ադրբեջանին: Ըստ Համլետ Գասպարյանի, երեկվա դրությամբ Բրյուսելից այս թեմայով որեւէ տեղեկատվություն չէր ստացվել:

Վերջում նշենք, որ պաշտոնական Բաքուն, այս ամենով հանդերձ, չի բացառում 2004թ. սեպտեմբերին Ադրբեջանի տարածքում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայ ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը: «Ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկել այդ հարցը»,- հայտարարել է Վիլայաթ Գուլիեւը: 

Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել