Որոշ
հանցատեսակների համար առանց պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքի ցմահ
ազատազրկում նախատեսելն արժանացավ ե՛ւ իրավաբանների, ե՛ւ Հայաստանում եվրոպական
կառույցների ներկայացուցիչների հակազդեցությանը: Ներկայացնում ենք նախաձեռնության
հեղինակ Վիկտոր Դալլաքյանի հակափաստարկները:
Վճռաբեկ դատարանի զինվորական եւ քրեական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը հայտարարել էր, թե «Քրեական օրենսգրքում» կատարված այդ փոփոխությունները պիտի դուրս գան շրջանառությունից, քանզի հակասահմանադրական են: Հիմնավորումները հետեւյալն էին, թե ըստ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ «Վավերացված միջազգային պայմանագրերը հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը»: Մհեր Խաչատրյանը հիշեցրել էր, թե Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան, որը վավերացրել է Հայաստանը, եւս միջազգային պայմանագիր է: Իսկ այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածում ասված է. «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ այնպիսի պատժի, որը նսեմացնում է նրա արժանապատվությունը եւ անմարդկային վերաբերմունք է դրսեւորում այդ մարդու նկատմամբ»: Վճռաբեկ դատարանի զինվորական-քրեական գործերով պալատի նախագահը նշել էր, թե «Քրեական օրենսգրքի» այն փոփոխությունը, որով ահաբեկչության, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության եւ մի քանի այլ ծանր հանցագործությունների համար վերացվեց պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքը՝ հակասում է կոնվենցիայի վերոհիշյալ հոդվածին: «Մեր կատարած փոփոխությունն ի՞նչ կապ ունի կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ,- այս առնչությամբ ասաց նախաձեռնության հեղինակ, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:- Եթե զրկում ենք 20 տարի հետո պայմանական-վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից՝ դա խոշտանգո՞ւմ է, թե՞ նսեմացնում է արժանապատվությունը եւ անմարդկային վերաբերմունք է: Մանավանդ որ, «Քրեական օրենսգրքի» 83 հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահը ցանկացա՛ծ ժամանակ կարող է ներում շնորհել ցանկացա՛ծ անձի: Այսինքն, այսօր, երբ արդեն «27»-ի գործով որոշ դատապարտյալների նկատմամբ ուժի մեջ է մտել դատավճիռը՝ հանրապետության նախագահը կարող է ներում շնորհել Նաիրի Հունանյանին եւ նրա հանցագործ խմբի այլ անդամների: Ուստի որեւէ մեկը չի բացառել այդ հնարավորությունը. Սահմանադրության 55 հոդվածի 17-րդ կետով՝ ՀՀ նախագահը ներման իրավունք ունի եւ չի բացառվում, որ նա կարող է օգտագործել այդ հնարավորությունը: Այլ խնդիր է, որ դա կլինի քաղաքականապես անգրագետ որոշում»:
Մհեր Խաչատրյանը, սակայն, կարեւորել էր, որ կա՛մ ԱԺ-ն անվավեր ճանաչի այս օրենքը, կա՛մ էլ ՍԴ-ն քննի Սահմանադրությանն այս օրենքի համապատասխանության հարցը: «Քանի որ նման հարց գոյություն չունի՝ ուրեմն դրա շտկելու անհրաժեշտությունը չկա»,- պնդեց Վիկտոր Դալլաքյանը:
«Քրեական օրենսգրքի» այս փոփոխությունը բացասաբար գնահատեցին նաեւ Հայաստանում եվրոպական կառույցների ներկայացուցիչները: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան զարմանք արտահայտեց այդ փոփոխությունների առնչությամբ եւ նշեց, թե դրանք հակասում են եվրոպական չափանիշներին: Հիշատակել էր ԵԽ Նախարարների կոմիտեի 2003-ի հանձնարարականը, ըստ որի՝ եվրոպական երկրներում ցմահ բանտարկության դատապարտվածները 20-30 տարի անց կարող են վաղաժամկետ ազատ արձակվել կամ ենթարկվել համաներման: «Մենք կարծում ենք, որ իմաստ չունի կիրառել ցմահ բանտարկություն, եթե մարդը չունի, ի վերջո, ազատվելու հեռանկար»,- ասել էր տիկին Վուտովան: Իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը նույնպես նշել էր, թե այս փոփոխությունները հակասում են Եվրոպական կոնվենցիային, որը վավերացրել է Հայաստանը: «Ես կարդացել եմ նրանց գնահատականները,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:- Նրանք թյուր տպավորություն են ստացել եւ շփոթել պայմանական-վաղաժամկետ ազատվելը ներման իրավունքի հետ, ուստի եւ եզրակացրել են, թե այսպիսով հնարավորություն չի ընձեռվում հետագայում ստանալու ազատություն: Սակայն վաղաժամկետ ազատվելն ու ներման իրավունքը տարբեր բաներ են. ուղղակի լրագրողներն են հաճախ խառնում, տեղիք տալով նման թյուրըմբռնումների»: ԵԱՀԿ դեսպանը նաեւ գնահատել էր, թե այս փոփոխությունները չեն համապատասխանում Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին. «Այս թեմայով զրույցներ ենք ունեցել ԱԺ-ում: Եվ տպավորություն ենք ստացել, որ դա բնավ վերջնական որոշում չէ»: «Արդարության» քարտուղարը չհամաձայնեց. «Մենք չենք ունեցել նման պարտավորություն: Հայաստանը հանձն էր առել ընդունել նոր «Քրեական օրենսգիրք», վերացնել մահապատիժը եւ կատարել է այս պարտավորությունները: Հիշեցնեմ նաեւ, որ օրենսդրական այս նախաձեռնությունը համաձայնեցված էր կոալիցիայի հետ եւ ԱԺ մեծամասնությունը կողմ է քվեարկել օրինագծին: Հետեւաբար անհասկանալի է, թե ո՞վ է թյուրիմացության մեջ գցել ԵԱՀԿ դեսպանին»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ