Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-Ի ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Հունվար 15,2004 00:00

«27»-Ի ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրեական գործով վերաքննիչ բողոք բերած երեք դատապարտյալների՝ Էդիկ Գրիգորյանի, Աշոտ Կնյազյանի եւ Համլետ Ստեփանյանի վերաքննիչ բողոքների քննությունը։ Դատարանը անցավ ապացույցների հետազոտմանը, հրապարակելով վկաների, տուժողների, ամբաստանյալների ցուցմունքները՝ բողոք բերողների մեղադրանքի հետ կապված։ Նախագահող Սերժիկ Ավետիսյանը ողջ օրվա ընթացքում հրապարակում էր հատվածներ ցուցմունքներից եւ ապա հարցերն ուղղում դատապարտյալներին։ Է. Գրիգորյանը պնդեց, որ խախտվել է իրենց պայմանավորվածությունը Նաիրի Հունանյանի հետ՝ ԱԺ-ում չկրակելու մասին: Դրան արձագանքեց մեղադրող Ա. Հարությունյանը՝ հարցնելով. «Խմբի անդամների մոտ կար 252 փամփուշտ։ Այդ դեպքում մի դիպլոմատ փամփուշտը ինչո՞ւ էիք ներս տանում»: Է. Գրիգորյանը պատասխանեց, թե՝ Նաիրի Հունանյանի հանձնարարությամբ։ Երեկ դատական նիստի դահլիճում էր Համլետ Ստեփանյանի նախկին պաշտպան Աղասի Աթաբեկյանը, որը «Առավոտին» ասաց. «Ստեփանյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանը ակնհայտ անարդար դատավճիռ է կայացրել։ Ես կասկած չունեմ, որ վերաքննիչն այն կթողնի անփոփոխ»: Իր հերթին Համլետ Ստեփանյանը, որը, հիշեցնենք, 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարան ներխուժածների թվում չէր, իր մասին տրված ցուցմունքների կապակցությամբ հայտնեց, որ չի կարող մեկնաբանել «անծանոթ մարդկանց» ցուցմունքները։ Նա նկատի ուներ մյուս ամբաստանյալներին, որոնց, իր ասելով, ճանաչում է դատարանի դահլիճից։ Գալիք երկուշաբթի դատապարտյալները հանդես կգան պաշտպանական ճառերով։ Հավանաբար գալիք շաբաթ «27»-ի դատավարությունը կավարտվի «վերջնականապես»։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել