ԻՆՉ ԱՐԺԵ «ԳԱԶ ՔԱՇԵԼԸ» Օրերս խմբագրությունը «Նալբանդյան փողոցի բնակիչներ» ստորագրությամբ նամակ էր ստացել, ուր մեզ առաջարկվում էր պարզել, թե Երեւանի բնակելի շենքերի գազիֆիկացման աշխատանքներն ինչ արժեն բնակչի համար։ «Երեւանգազի» տնօրենի առաջին տեղակալ Թադեւոսյանից (անունը հրաժարվեց տալ) տեղեկացանք, որ «Երեւանգազը» գազ մատակարարող եւ սպասարկող կազմակերպություն է, իսկ գազիֆիկացման աշխատանքներ իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող շինարարական կազմակերպությունները։ «Բնակիչը «Երեւանգազին» վճարում է ընդամենը 1800 դրամ՝ դիմում գրելիս, տեխնիկական պայմաններ ապահովելու, տեխնիկական անձնագիր կազմելու համար,- տեղեկացրեց պրն Թադեւոսյանը։- Մեկ էլ կարող է կազմվել սպասարկման պայմանագիր, որի համար քաղաքացին տարեկան կվճարի 3000 դրամ»։ Սրանով «Երեւանգազի» հետ քաղաքացու ֆինանսական հարցերը սպառվում են։ Իհարկե, ցանկացած բաժանորդ պարտավոր է կանոնավոր վճարել սպառած գազի դիմաց։ «Հաշվիչի համար վճարվող 40 հազար դրամը ընդամենը կանխավճար է, որի դիմաց քաղաքացին հետո գազ է ստանալու»,- ասաց Թադեւոսյանը։ Նալբանդյան փողոցի բնակիչներին հետաքրքիր էր նաեւ, թե հաշվիչի վանդակը նույնպե՞ս ֆինանսական արժեք ունի։ Պարզեցինք, որ վանդակը եւ հաշվիչը միասին արժեն 40 հազար կանխավճարային դրամ։ Պրն Թադեւոսյանը տեղեկացրեց նաեւ, որ այժմ գազիֆիկացման աշխատանքներ են տարվում Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Զեյթուն, Կենտրոն, Շենգավիթ համայնքներում։ «Առավոտի» նամակագիրներին հետաքրքրում էին նաեւ ոլորտի հետ կապված մի շարք այլ հարցեր, որոնց կանդրադառնանք առաջիկայում: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ